Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը

Տեղադրությունը

Սբ․ Ստեփանոս վանքը գտնվում է Խաչենագետի ձախ վտակ Վաճառ գետի միջնահովտի ձախ բարձրադիր ափի լեռնաբազուկներից մեկի վրա (նկ. 1), Վաճառ գյուղաքաղաքի ավերակներից մոտ 500 մետր դեպի հարավ, ներկայիս Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից հարավ-արևելք: 2017 թվականին այն ենթարկվել է մանրամասն հնագիտական հետազոտության (Տե՛ս Վաճառի սուրբ Ստեփանոս վանքը. հնագիտական հետազոտությունը):

Նկ․ 1 Հնավայրի ընդհանուր տեսքը հարավց, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ  

Ինչպես Վաճառ գյուղաքաղաքի, այնպես էլ վանքի ու նրա կառույցների մասին համաժամանակյա մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել: Սբ․ Ստեփանոսի պաշտամունքն ու նրա հետ կապված եկեղեցական կառույցների, նրա անունով դամբարանի, ապա և վանքի ձևավորումն ու պատմության առանձին դրվագները հնարավոր է վերականգնել միայն արձանագրական, ճարտարապետական և հնագիտական տեղեկությունների քննությամբ:

Վաճառ անունով Արցախում երկու բնակավայրեր են հայտնի: Մեկը Քարավաճառն է, որի գրավոր առաջին հիշատակությունը գտնում ենք 1402 թվականի մի հիշատակարանում. «...և յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի Վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գեւղս Քարավաճառ …» (Խաչիկյան 1955, 24): «Քարավաճառ» բառացիորեն նշանակում է հրվանդանի (ժայռի) վրայի Վաճառ, ինչը լիովին համապատասխանում է այդ բնակավայրի տեղադրությանը (նախկին Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնը): Երկրորդը Խաչենի Վաճառն է, որի առևտրական բնույթն անունից զատ հավաստում են նրա ավերակների նկարագրությունը, որ տվել է Մակար Բարխուդարյանցը 19-րդ դարի վերջերին. «Վաճառ աւերակ գիւղաքաղաք. գիւղիս (Ծմակահողի - Հ. Պ.) արևելեան հանդէպ, Վաճառ առուի ձախ ափի լանջի վերայ երևում են ընդարձակ աւերակի հետքեր, տնատեղեր, խանութների և այլ շինութեանց քարուկիր մնացորդներ: Այս է Ջալալեան իշխանների գիւղաքաղաքն, որպէս ցոյց է տալիս և անունն և աւերակն» (Բարխուտարեանց 1895, 184): Բնակավայրի առևտրական բնույթը վկայում է նաև նրա հետսագույն թուրքերեն «Բազարքենդ» անվանումը (հմմտ., օրինակ, Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի օրագրի հետևյալ տողերը. «Վաճառու՝ այ[սինքն] Բազար-քեանտու կ[ա]մ Ծմակահողու փոքր եկեղեցւոյ գիրն է», Ձեռագիր 7821, 20բ): Հավելենք, որ ուշ միջնադարից ի վեր մինչև անցած դարի կեսերը նույն դերակատրությունն ուներ Ծմակահողի հարևանությամբ գտնվող Առաջաձոր գյուղի՝ դեպի լեռնային արոտավայրեր տանող ճանապարհին տեղակայված արեստավորա-առևտրական թաղամասը, որ ժողովուրդը կոչում էր «դուքյըննե» (այսինքն՝ խանութներ): Կարծում ենք հենց այս Վաճառին է վերաբերում և Կեչառիսի վանքում Հասան Ջալալի և նրա կնոջ՝ Մամքանի, թողած նվիրատվական արձանագրության հետևյալ հատվածը. «տվաք ի Հարավոյ Վաճառէն յամէն ամի :Ռ: (1000) դուկատ» (հետևում ենք վիմագրագետ Գագիկ Սարգսյանի ընթերցմանը, որի հետ ծանոթանալու համար մեր շնորհակալություն ենք հայտնում հետազոտողին): Այս ենթադրությունն ավելի է հիմնավոր դառնում, եթե հաշվի ենք առնում, որ Սբ․ Ստեփանոս վանքը տեղացիները որպես կանոն կոչում են «Հըրավա եղցի»: Կոշիկ անապատի 13-րդ դարի մի արձանագրություն էլ սկսվում է այսպես. «Ես Վասակ գնեցի հող ի Վաճառատեղս…»: Ինչպես Սեդրակ Բարխուդարյանն է գրում, այստեղ ամենայն հավանականությամբ նկատի է առնված Խաչենի Վաճառը (ԴՀՎ 5, 30, 78): Եթե այս դիտողությունները հիմնավոր են, ապա կարելի է հավանական համարել, որ իրոք Վաճառը 12-13-րդ դարերում Հասան Ջալալյանների առևտրա-արհեստավորական կենտրոնն էր, և նրա սրբությունների հանդեպ էլ իշխանական տան ներկայացուցիչների վերաբերմունքը առանձնահատուկ է եղել: Համաձայն պեղումների ժամանակ հայտնաբերված 1274 թվականի մի նվիրատվական արձանագրության վանքը նաև եպիսկոպոս է ունեցել (տե´ս Սբ․ Ստեփանոսի վանքը. արձանագրությունները, խաչքարերը և տապանաքարերը), այսինքն, հավանական է, որ այն եղել է թեմական կենտրոն: Թերևս այս հանգամանքներն էլ դեր են խաղացել, որ ուշադրություն դարձվի վաղքրիստոնեական դամբարանին, այստեղ «հայտնվեն» համաքրիստոնեական սրբի մասունքները և կառուցվի նոր եկեղեցի (մինչև Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ տաճարի հիմնարկեքը) և վերակառուցվի  վաղքրիստոնեական դամբարանը:

Վանքի կառուցվածքը

Սբ․ Ստեփանոսը վանքային համալիր է՝ բաղկացած Սբ․ Ստեփանոս միանավ սրահից և, ինչպես պարզեցին պեղումները, նրան հարավից կից Սբ․ Ստեփանոսի կրկնահարկ դամբարան-մատուռից, մատուռին արևմուտքից կից գավթից և դրանց շուրջը տեղադրված ընդարձակ տապանաբակերից (նկ. 2, 3, 5): Պահպանվել են նաև հյուսիսից եկեղեցուն կից քարուկիր դարպասի ու պեղումներով վավերացված որմնափակ խաչքարի մնացորդները (նկ. 4): Ողջ համալիրը ներառված է աշտարակներով ամրացված պարսպապատերի մեջ: Պարսպապատից ներս՝ հիմնական համալիրից դեպի հարավ և հյուսիս, պահպանվել են քարուկիր այլ կառույցների, պարիսպներից դուրս՝ հարավից հյուսիս ձգվող ընդարձակ գերեզմանոցների հետքերը:

Նկ․ 2 Հնավայրի ընդհանուր տեսքը հարավից մինչև պեղումները, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 3 Հնավայրի ընդհանուր տեսքը հարավից պեղումներից հետո, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 4 Որմնափակ խաչքարի և վանքի մուտքի մնացորդները, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 5 Պեղումներով բացված կառույցների հատակագիծը, չափագրություն՝ Լ․ Մինասյանի:

Մատենագրական քննություն

Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի համանուն եկեղեցու մասին առաջին հիշատակությունը գտնում ենք Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի (գահակալել է 1701-1728 թթ.) օրագրում, ուր կաթողիկոսն ընդօրինակել է եկեղեցու և մատուռի շինարարական արձանագրությունները՝ հատվածաբար և մոտավոր (Ձեռ. 7821, 9բ, 20ա):  Այդ արձանագրություններից  պարզ է դառնում, որ եկեղեցին 1229 թվականին կառուցել է Խաչենի իշխան Հասան Ջալալը՝ այստեղ Սբ․ Ստեփանոսի մասունքների «հայտնվելու» կապակցությամբ: Իսկ դամբարանի վրայի մատուռը կառուցել է նրա կին Մամքանը՝ 1251 թվականին: Այս արձանագրություններն ավելի քան մեկ հարյուրամյակ անց առանց փոփոխության կաթողիկոսի օրագրից արտագրել  և իր հայտնի գրքում է զետեղել Հովհաննես եպս. Շահխաթունյանցը (Շահխաթունեանց 1842, 377):

Վանքի և նրա կառույցների առաջին համառոտ նկարագրությունը գտնում ենք Մակար եպս. Բարխուդարյանցի հայտնի «Արցախ» աշխատությունում. «Ոչինչ պակաս ընդարձակ ծաւալ ունի և Վաճառ գիւղաքաղաքիս հանգստարանն, որի մէջ սրբատաշ չեչ քարով կառուցեալ է մի եկեղեցի, որի երկարութիւնն է 9 մետր 8 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 15 սանթիմ: Հիւսիսային խորհրդարանի ետև կայ մի գաղտնի մուտք, որի ետև և մի անյայտ պահարան: Տաճարիս հարաւային կողմում, գրեթէ պատկից շինուած է մի երկյարկանի փոքր մատուռ նոյնպէս սրբատաշ քարով: Գետնայարկի մէջ կայ մի գերեզմանի նման շէնք, որ ուխտատեղի է: Վերնայարկ մատուռն ունի սեղան և լուսամուտ և դուռն արևմտեան կողմից: Փլած է մատրանս հարաւ արևելահայեաց կողմն» (Բարխուտարեանց 1895, 184-185): Հետազոտողը ընդօրինակել է հուշարձանախմբի արձանագրությունների հիմնական մասը, տվել համառոտ բացատրություններ (Բարխուտարեանց 1895, 184-185): Խաչենից ծագող Խաղբակյան (հետագայում ավելի հայտնի որպես Պռոշյան) իշխանական տան ծագման խնդիրները և, ի մասնավորի, այս տոհմի Ջաջուռ անունով երկու իշխանների ինքնության հարցերը քննելիս ականավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը հատուկ կանգ է առել նաև Խաղբակյանների հոգևոր կենտրոնի և գերեզմանատան՝ Հավապտուկ վանքի դիմաց, Խաչենագետի հակառակ ափին գտնվող Սբ․ Ստեփանոս եկեղեցու մի արձանագրության քննության վրա, ուր հիշատակվում է այս տոհմի նշանավոր ներկայացուցիչ քաջ զորական Ջաջուռը, որի Գրիգոր որդին նվիատվություն է արել վանքին: Հետազոտողը հնավայրում եղել է 1897 թվականին և ընդօրինակել է նաև հուշարձանի մի քանի այլ արձանագրությունները ևս (Հովսեփյան 1928, 33):

Վաճառի արձանագրություններն ըստ որոշ տեղեկությունների 1909 թվականին հավաքել է և ականավոր հայագետ Հովսեփ Օրբելին (Ուլուբաբյան 1975, 21): Սակայն այդ մասին ավելի հստակ տեղեկություններ մեզ չհաջողվեց գտնել:

Հուշարձանի արձանագրությունների ավելի ամբողջական ընդօրինակումները՝ մեկնաբանություններով հանդերձ, անցած դարի 60-ական թվականներին իրականացրել է հայտնի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը (ԴՀՎ 5, 78-83): Ընդ որում, կարևոր է նշել, որ մատուռ-դամբարանի արևմտյան ճակատն արձանագրություններով հանդերձ դեռ կանգուն էր: Վաճառի և Սբ․ Ստեփանոս վանքի մասին համառոտ տեղեկություններ կան (հիմնականում նախկին հրատարակություններից քաղված) Շահեն Մկրտչյանի՝ Արցախի հուշարձաններին նվիրված գրքում (Մկրտչյան 1985, 31-32): Հիշատակենք նաև Վաճառին նվիրված գրքույկը, որի հեղինակ Վահրամ Գևորգյանը նկարագրել կամ թվարկել է հին բնակատեղի հնությունները, այդ թվում և Սբ․ Ստեփանոս վանքը, հիշարժան վայրերը, ներկայացրել նորահայտ որոշ արձանագրություններ ու խաչքարեր (Գևորգյան 2004):

Սբ․ Ստեփանոսի մասունքարանը թեև հիշատակվում է այս նկարագրություններում, սակայն նրա կիսագետնափոր հատվածի կոնկրետ նկարագրությունը և քննությունը բացակայում են:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Արօր, Բագու:
  2. Գևորգյան 2004 - Գևորգյան Վ., Վաճառ, Երևան:
  3. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5. Արցախ/ կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
  4. Հովսեփյան 1928 - Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, մաս Ա, Վաղարշապատ:
  5. Խաչիկյան 1955 - Խաչիկյան Լ., ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան:
  6. Ձեռ. 7821 - Մատենադարան, Ձեռագիր 7821:
  7. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան:
  8. Շահխաթունեանց 1842 - ՇահխաթունեանցՅ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին:
  9. Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունները 10-16-րդ դարերում, Երևան:
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը
Արցախ