Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի կոթողներն ու նորահայտ արձանագրությունները

Կոթողները

Արցախի վաղքրիստոնեական մշակույթի համար բացառիկ նշանակություն ունեն վանքի պեղումներով հայտնաբերված խաչակալն ու թևավոր խաչի բեկորները (նկ. 1, 2): Դրանց գյուտը հնարավոր է դարձնում հավանական համարել, որ սկզբնապես մասունքարանի տանիքի վրա կանգնեցված է եղել խաչակիր կոթող: Նման խաչակիր կոթողները որպես կանոն բաղկացած են լինում պատվանդանից, խարսխից, սյունից խոյակից, խաչակալից և թևավոր խաչից: Մեր դեպքում պահպանվել են միայն խաչակալն ու թևավոր խաչի բեկորները: Այդ կոթողի մի քանի բեկորներ էլ ագուցված են Սբ․ Ստեփանոս եկեղեցու պատերի մեջ: Խաչակալը, որ ծավալային առումով նմանակում է Տիրոջ գերեզմանի վրա կանգնեցված արտաքին բաց սյունաշարով կառույցը (տեմպիետոն), առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետական մանրամասներով՝ բազամաստիճան խարիսխներ, քառասյուն հնարաններ, պայտաձև կամարներ), այլև հարդարանքով. «տանիքի» կամարների վրա քանդակված են խաղողի մեծ ողկույզներ, որոնք վաղքրիստոնեական պատկերագրության մեջ խորհրդանշում են Քրիստոսի փրկագործական խաչելությունը (ինչպես խաղողն է հնձանում ճզմվում և վերածվում աստվածային հեղուկ-գինու, այնպես էլ Քրիստոսն իր արյունը թափեց խաչին՝ ի փրկություն մեղավոր մարդկության): Թևավոր խաչն ունեցել է խաչատակից բարձրացող արմավազարդեր, որոնց վրա հենվել են հորիզոնական թևերը, խաչի թևերն ավարտվել են ծաղկազարդ բլթակներով:

Նկ․ 1 Վաղքրիստոնեական կոթողի խաչկալը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 3 Գավթին արևմուտքից կից տապանաբակը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 2 Վաղքրիստոնեական կոթողի խաչը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Պեղումները պարզել են, որ համալիրի բոլոր կառույցներին կից ստեղծած են եղել հատուկ հարթակներ, որոնք օգտագործվել են որպես տապանաբակեր: Գավթի թաղումներից զատ, ընդարձակ բաց տապանաբակեր են բացվել Սբ․ Ստեփանոս եկեղեցուն արևմուտքից և արևելքից կից բակերում, մատուռ-մասունքարանի հարավային բակում, գավթին հարավից և արևմուտքից կից բակերում (նկ. 3):

Գերեզմանների մի զգալի մասն ունեցել է ուղղաձիգ կանգեցված խաչքարեր, որոնք ժամանակի ընթացքում ընկել են և բացվել են պեղումների ժամանակ: Ընդհանուր առմամբ դրանք 12-14-րդ դարերի խաչքարեր են՝ պարզ ձևավորումով և առանց արձանագրությունների:

Հատուկ նշելի են երկու խաչքարեր: Դրանցից առաջինն աչքի է ընկնում իր կամարաձև ծավալային լուծումով ու համամասն ու վարժ քանդակով (նկ. 4): Երկրորդը, որ տեղափոխվել և կանգնեցվել է վանքին արևմուտքից կից ժամանակակից գերեզմանոցում (նկ. 5), առանձնանում է հեծյալ ու հետիոտն զինյալ մարտիկների քանդակներով և համառոտ արձանագրությամբ «Թ[վին] :ՈԽԹ: (1200 թ.)»:

Նկ․ 4 Խաչքար, 13-ր դար, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 5 Ռազմիկների քանդակով խաչքարը, 1200 թ., լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Սբ․ Ստեփանոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք պեղվել են որմնափակ խաչքարով պսակվող գերեզմանային կառույցի մնացորդները (նկ. 6): Այստեղ խոշոր հարթ տապանաքարերից զատ բացվել են մի քանի ամբողջական և բեկորային խաչքարեր, որմնափակի պատվանդանի, խաչարը տրամատավորող եզրագոտիների սրբատաշ բեկորները:

Նկ․ 6 Որմնափակ խաչքարի մնացորդները, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նորահայտ արձանագրությունները

Վանքի կառույցների վրայի արձանագրություննեը, որոնց մի մասն այսօր չկա, հրատարակված են (տե՛ս ԴՀՎ 5, 78-82): Պեղումները երևան են բերել մեկ տասնյակ նոր արձանագրություններ և արձանագրությունների հատվածներ: Արձանագրությունների մի մասը եկեղեցական կառույցների պատերի սալեր են՝ նվիրատվական բնույթի արձանագրություններով, տապանագրեր և խաչքարային արձանագրություններ: Առավել ուշագրավ արձանագրությունները հետևյալներն են:

Ա.  Մատուռի սալաքարերից, 6 տող, կանոնավոր երկաթագրով (նկ. 7)․

«Թվ. :ՉԻԳ: (1274 թ.). ես Ներսէ/ս գնեցի զեգատեղե/րս եւ տվի ս[ուր]բ Ստեփանո/ս: Իպիսկապոսս եւ միա/բանքս տվին Ծա[ռզ]ա/րդարին :Բ: ժամ»:

Բ. Մատուռի սալաքարերից, 5 տող, կանոնավոր երկաթագրով (նկ. 8).

«Ջ[ա]հելին որդի ետ/ անտառն ի ս[ուր]բ Նահ[ատակ]/: Ժամ գրեցաք ս[ուր]բ Յա/կոբին: Ով խափանէ՝ դատի,/ կատարիչքն՝ աւրհնէ»:

Նկ․ 7 Ներսեսի արձանագրությունը, 1247 թ., լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 8 Ջահելի արձանագրությունը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Գ. Տապանաքար, գավթում, հարթ, ընդգծված զույգ եզրակոսններով, արձանագրությունը երեք տող, անկանոն երկաթագրով (նկ. 9)․

«Այս է հանգ/իստ Քիմիայ տ/իկնոջն»:

Դ. Տապանաքար, մատուռի հարավային բակում, հարթ, ընդգծված զույգ եզրակոսներով, արձանագրությունը՝ յոթ տող, սալի վերնամասում, երկաթագիր և բոլորգիր անկանոն, տարաչափ տառերով (նկ. 10).

«Ով աստր գայ եւ ա/ղաւթե զայս կարի/ եւ զիս յիշէ ի …/ էր ի :ժԶ: ին ի Քս/ փոխեցայ. զՄա/մաք տիկինս/ յիշեցէք»:

Ե. Բեմառէջքի որմնանկարի վերնամասում, կանոնավոր երկաթագիր, սև ներկով, մեկ տող: Արձանագրության սկզբնամասում հնարավոր է տարբերակել «Մամաք», իսկ վերջնամասում՝  «զիս Ա[ստուա]ծ» (նկ. 11) կապակցությունները:

Նկ․ 9 Քիմիայի արձանագրությունը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 10 Մամաքի արձանագրությունը, գրչանկարը՝ Լ. Մինասյանի:

Նկ․ 11 Եկեղեցու բեմառէջքի արձանագրությունը, գրչանկարը՝ Լ. Մինասյանի:

Եզրակացություններ

Ամփոփելով համալիրի հետազոտության արդյունքները, կարող ենք ուրվագծել հետևյալ կառուցողական-ժամանակագրական ընթացքը.

ա. սկզբնապես տեղում եղել է վաղքրիստոնեական մատուռ-մասունքարան, որն ունեցել է արևելյան մուտք: Տեղում պահպանվել են դամբանասրահը, մուտքը: Ամենայն հավանականությամբ սկզբնապես մասունքարանին են պատկանել պեղումներով հայտնաբերված խաչակալն ու թևավոր խաչը,

բ. 13-րդ դարի սկզբներին, երբ Խաչենի հզորացող իշխանական տունը նոր՝ համաքրիստոնեական հովանավոր սրբեր էր փնտրում, «հայտնաբերվել» են սուրբ Ստեփանոսի մասունքներն ու այն պարունակող կառույցը,

գ. մասունքարանին հյուսիս-արևմուտքից կից 1229 թվականին կառուցվել է նոր եկեղեցի,

դ. 1251 թվականին մասունքարանի վրա կառուցվել է մատուռ,

ե. 1284 թվականին մատուռին կցվել է գավիթը:

Հասան Ջալալյան իշխանական տան կողմից համաքրիստոնեական (և ոչ տեղական-ավանդական) սրբերին նվիրված տաճարների կառուցումը (Գանձասարի Հովհաննես Մկրտիչ, Վաճառի Սբ․ Ստեփանոս) տեղավորվում է այն ընդհանուր միտումի մեջ, որ դիտվում է 12-րդ դարի վերջերից սկսած, երբ Զաքարյան ազատագրական պայքարը նոր բարձրացող հայ իշխանական տներին ուղղորդում է դեպի ընդհանուր քրիստոնեական աշխարհի ազատագրման առաքելականությունը: Արցախում կարելի է առանձնացնել Մխիթար Գոշի և Վանական վարդապետի ջանքերով Դադո-Դադի-Դադուին Թադեոս առաքյալի աշակերտը և Դադիվանքը առաքելադիր հռչակելը, նման մտայնության հետագա դրսևորում կարելի է դիտել Դադիվանքի կաթողիկեի որմնանկարների թեմաները, այդ թվում և մեր հուշարձանի հետ անմիջապես առնչվող՝ Սբ․ Ստեփանոսի քարկոծման տեսարանը Դադիվանքի կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատին՝ ներսից: Նման իրողության ավելի ընդարձակ գաղափարական և աշխարհագրական հենքի մասին կարող են վկայել բազմաթիվ այլ փաստեր ևս: Օրինակ՝ Պռոշյան իշխանական տան կողմից Նոյան տապանի մասունքի և Սուրբ գեղարդի ձեռբերումը, ավելի լայն առումով՝ Մասիսի վերանվանումն Արարատի և այլն: Կարելի է վերականգնել մի իրավիճակ, երբ վիրահայկական ազատագրական պատերազմը և խաչակրաց արշավանքները նպաստում էին ընդհանրական մի գաղափարաբանության տարածմանը, որի հիմքում Սուրբ երկրի ազատագրումն էր: Ընդ որում այդ Սուրբ երկիրն իր մեջ ներառում էր համարյա ողջ քրիստոնյա էյկումենը, այդ թվում և անշուշտ, Հայաստանը (Պետրոսյան 2019, 11-30):

Եվ առավել ուշագրավ է, որ համահայկական այս մտայնությունը գաղափարական ու նյութական իր դրևորումն է գտել ի դեմս Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի:

Գրականություն

  1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյանը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1982:
  2. Պետրոսյան 2019 - Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները, Սեդրակ Բարխուդարյան 120: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Գիտություն, էջ 11-30:
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի կոթողներն ու նորահայտ արձանագրությունները
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի կոթողներն ու նորահայտ արձանագրությունները
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի կոթողներն ու նորահայտ արձանագրությունները
Արցախ