Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը բաղկացած է Սբ․ Ստեփանոս միանավ եկեղեցուց, նրան հարավից կից Սբ․ Ստեփանոսի կրկնահարկ մատուռ-մասունքարանից, մատուռին արևմուտքից կից գավթից և դրանց շուրջը տեղադրված տապանաբակերից (նկ. 1-3): Պահպանվել են նաև հյուսիսից եկեղեցուն կից քարուկիր դարպասի ու պեղումներով վավերացված որմնափակ խաչքարի մնացորդները: Ողջ համալիրը ներառված է աշտարակներով ամրացված պարսպապատերի մեջ: Պարսպապատից ներս՝ հիմնական համալիրից դեպի հարավ և հյուսիս, պահպանվել են քարուկիր այլ կառույցների, պարիսպներից դուրս՝ հարավից հյուսիս ձգվող ընդարձակ գերեզմանոցների հետքերը:
Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Եկեղեցին կառուցվել է Խաչենի իշխան Հասան Ջալալի կողմից՝ այստեղ Սբ․ Ստեփանոսի մասունքները հայտնվելու կապակցությամբ (նկ. 4): Բեմի գմբեթարդը կրող հյուսիսային սյան արևմտյան և հարավային կողերին սվաղի վրա փորագրված արձանագրությունը հայտնում է. «Շնորհիւն Ա[ստուծո]յ, ես Հա/սան որդի [Վ]ախթ[անգա]/ եւ Խորիշահի, տէր Խա/չենոյ շինեցի զեկ/եղեցիս յորժամ հայտ/նեցաւ նշխարք սրբոյն/ Ստեփանոսի ի սոյն տեդ/ոջ ի թու[ին] :ՈՀԸ: (1229)» (ԴՀՎ 5, 79):
Հին մասունքարանի և մասունքների գյուտն էլ պայմանավորել է, որ եկեղեցին մուտք ունենա հարավից՝ որտեղ գտնվում է մասունքարանը և որ բեմի մեջ պատրաստվի հատուկ պահարան այդ մասունքները պահելու համար: Եկեղեցին միանավ սրահ է՝ միակ հարավային մուտքով: Իրականացված է սրբատաշ և կոպտատաշ տեղական չեչոտ կրաքարով: Օգտագործված են նաև ավելի վաղ կառույցի սրբատաշ ու քանդակազարդ քարեր՝ վաղքրիստոնեական կոթողի պատվանդան՝ քանդակազարդ խաչով, թևավոր խաչի բեկոր և այլն: Սրահն արևելքում ավարտվում է կիսաշրջան աբսիդով, որն ունի մեկական խորշ՝ հյուսիսում և հարավում (նկ. 5): Գմբեթարդի հարավային սյան մոտ դեպի աբսիդի շրջանը մուտք կա, ինչպես Բարխուդարյանցն է բնութագրել՝ գաղտնի պահարան (Բարխուտարեանց 1895, 184): Ամենայն հավանականության այն նախատեսվել էր սրբի մասունքները ինչ-որ ծեսերի ժամանակ պահելու համար: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկու կամարների վրա: Լուսավորվում է երկու՝ արևմտյան և արևելյան նեղ լուսամուտներով: Արևելյան լուամուտի պարակալը հարդարված է ռելյեֆ գլանիկով և լուսատուներ խորհրդանշող երկու բլթակներով: Տանիքը պատված է եղել եզրային գլանաձև ելուստով պսակվող (կղմինդր հիշեցնող) սրբատաշ սալաքարերով: 2000-ական թվականներին, վերանորոգման արդյունքում այն փոխարինվել է կղմինդրե ծածկով:
Նկատի ունենելով կրաքարի անհարթ, չեչոտ մակերեսը՝ եկեղեցին ներսից պատվել է սվաղով և Հասան Ջալալի արձանագրությունն էլ փորագրվել է գմբեթարդի հյուսիսային սյան սվաղի վրա: Եկեղեցու հարդարանքը սահմանափակվում է բեմառէջքի (նկ. 6) և մուտքի բարավորի (նկ. 7) որմնանկարներով, որոնք բուսա-երկրաչափական բնույթ են կրում: Բեմառէջքի որմնանկարի վերին երիզին եղել է արձանագրություն, որից պահպանվել են վերջնամասի մի քանի տառերը: Բարավորի որմնանկարի հետքերից կարելի է եզրակացնել, որ պատկերված է եղել խաչային հորինվածք և ունեցել է արձանագրություն:
Սբ․ Ստեփանոսի մատուռ-մասունքարանը
2014 թվականին Արցախի Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակի փոքր եկեղեցու խորանի տակ արևելյան մուտքով դամբարանի հայտնաբերումը հիմք հանդիսացավ, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի և նախաձեռնվի Ամարասի Սբ․ Գրիգորիսի մատուռի արևելյան հատվածի հնագիտական հետազոտությունը: Այս ուսումնասիրության արդյունքում փաստագրվեց, որ Գրիգորիսի մատուռը հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան մուտքերից զատ ունեցել է նաև արևելյան մուտք (Պետրոսյան 2020): Վաղքրիստոնեական դամբարանային ճարտարապետության մեջ այս արտասովոր դրսևորման պատմա-մշակութային համատեքստը վերականգնելու համար անհրաժեշտ համարվեց նախաձեռնել նաև Վաճառի Սբ․ Ստեփանոսի մատուռ-մասունքարանի պեղումները, որը նախնական տվյալներով նույնպես ուներ միակ արևելյան մուտք: Պեղումներն իրականացվել են 2017 թվականին՝ Արցախի հնագիտական արշավախմբի կողմից (Պետրոսյան 2021):
Մատուռ-մասունքարանը, որ ամբողջովին բացվել է պեղումների շնորհիվ, արտաքուստ համարյա քառակուսի մի կառույց է (3,90 x 4,10 մետր, նկ. 8, 9), որի հյուսիսային մասում գտնվում է կիսագլան թաղով նեղ սրահը՝ արևմուտքում կրկնակի պատով ստեղծված «պահարանով», որում ամենայն հավանականությամբ պահվել է սրբի մասունքատուփը: Դամբարանն ունի խիստ նեղ ու ցածր արևելյան մուտք, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն օգտագործվել է միայն եզակի դեպքերում՝ երբ մասունքները տարվել են եկեղեցի կամ մատուռ՝ այնտեղ ընթացող ծիսակատարության ժամանակ օգտագործելու նպատակով: Վաղմիջնադարյան նախնական կառույցը եղել է կիսագետնափոր և ավարտվել է բացօթյա խաչակիր կոթողով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կոթողի խաչակալն ու թևավոր խաչի բեկորները (նկ. 10, 11): Դամբարանի հարավային պատի խիստ մեծ լայնությունը (մոտ 1,90 մետր) պայմանավորված է երկրորդ հարկի մատուռի համար անհրաժեշտ ծավալ ապահովելու հանգամանքով:
Ակնհայտ է, որ վաղքրիստոնեական դամբարանը վերանորոգելիս արդեն «ծրագրավորված» էր նաև երկրորդ հարկի մատուռի կառուցումը: Պեղումները պարզեցին, որ մասունքարանը հիմնվել է 5-6-րդ դարերում և արտաքնապես ամբողջությամբ վերակառուցվել է 1251 թվականին, ինչի մասին վկայում է Մամքան իշխանուհու շինարարական արձանագրությունը (ԴՀՎ 5, 80): Մասունքարանի վրա կառուցված մատուռը (նկ. 12) քառակուսի հատակագծով (3,90 x 4,09 մետր) երկաբսիդ սրահ է: Մուտքն արևմտյան կողմից է: Պեղումները պարզեցին, որ մատուռից պահպանվել են կրաշաղախ հատակը, հարավային պատի և հարավային աբսիդի պատերի երկու շարքերը, հյուսիսային խորանի առաջին շարքի քարերը: Ողջ կառույցն իրականացված է չեչոտ կրաքարի սրբատաշ կվադրերով: Պեղումներով հայտնաբերվել են լուսամուտների քանդակազարդ պարակալը, արևմտյան մուտքի եզրաքարերը՝ դեկորատիվ սյունաշարի տրամատավորումով: Մինչև 20-րդ դարի վաթսունական թվականները մատուռը հիմնականում կանգուն է եղել, նրա պատերին եղել են մի շարք արձանագրութուններ, այդ թվում և շինարարական արձանագրությունը: Երկու խորաններն ամենայն հավանականությամբ նվիրված են եղել Ջալալին և Մամքանին:
Գավիթը
Պեղումներով բացվել են նաև մատուռին արևմուտքից կցված գավթի մնացորդները՝ պատերի, ձևավոր որմնախարիսխների, պատկից սյուների խոյակների օրինակներով (նկ. 13): Գավիթը արևմտյան մուտքով, հատակագծում գրեթե քառակուսի (6,80 x 6,40 մետր) շինություն է՝ կառուցված կարմրա-դարչնագույն կարծր՝ հղկված կամ սրբատաշ քարերով: Սբ․ Ստեփանոս եկեղեցու հարավային պատին պահպանվել են գավթի հյուսիսային պատերի հպման հետքերը՝ մեծ արևմտյան և ավելի փոքր արևելյան կամարների տեսքով: Այս տվյալները հիմք են տալիս հավաստել, որ գավիթը պատկանում է ծածկը պատերի վրա հենվող խաչվող կամարներով տիպին (հմմտ. Мнацаканян 1952, 15, նկ. 4/4)։ Գավթի ներսում հարավային պատի մոտ գտնվել է նույն կարմրավուն խոշոր քարից ելնդավոր կամարաքանդակով ելուսատավոր մի սալ, որի վրա՝ կամարի ներքո փորագրված է «Թ. :ՉԼԳ: (1284 թ.): Չի բացառվում, որ այն ագուցված է եղել գավթի արևմտյան ճակատին և ցուցում է շինության կառուցման թվականը: Պեղումների արդյունքում գավթում բացվել են չորս տապանաքարեր և արևմուտքից նրան կից գերեզմանոցը:
Ասյպիսով, Սբ․ Ստեփանոս վանքի կենտրոնական համալիրը պեղումների արդյունքում ներկայանում է վաղքրիստոնեական կոթողակիր մասունքարանով, նրանից հյուսիս-արևմուտք կառուցված Սբ․ Ստեփանոս եկեղեցիով, մասունքարանի վրա 13-րդ դարում կառուցված երկխորան մատուռով ու վերջինիս կից գավթով ու կից գերզմանոցներով:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Արօր, Բագու:
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարոխուդարյան, Երևան, 1985:
- Պետրոսյան 2019 - Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները, Սեդրակ Բարխուդարյան 120: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Գիտություն, էջ 11-30:
- Պետրոսյան 2020 - Պետրոսյան Հ. Արցախի արևելյան մուտքով դամբարան-մասունքարանները և Աղվանից եկեղեցու քաղաքական ու գաղափարածիսական առանձնացման խնդիրները 5-6-րդ դարերում, Բանբեր մատենադարանի, հ. 29, էջ 218-238:
- Мнацаканян 1952 - Мнацаканян С.. Архитектура армянских притворов, Ереван.
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո
Արցախ