Վանոցա (Ջիջիմլի) գյուղի մզկիթը

Տեղադրությունը

Մզկիթը գտնվում է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Վանոցա գյուղի կենտրոնական հատվածում (Վանոցա գյուղը ներառված էր Ծաղկաբերդ համայնքի կազմի մեջ):

Պատմական ակնարկ

Պատմական Վանոցա գյուղը մինչև 18-րդ դարի երկրորդ կեսն եղել է հայաբնակ գյուղ: Գյուղը հիշատակում է Ստեփանոս Օրբելյան պատմիչը: Նախկինում հայաբնակ գյուղի տարածքում այնուհետև հաստատվում են սուննի դավանանքի թյուրքական ցեղեր, որոնք նստակեցության են անցնում 19-րդ դարում (Կարապետյան 1999, 184-185):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մզկիթը (նկ. 1) կառուցված է փոքր ու միջին չափի կոպտատաշ քարերով, սրբատաշ են միայն անկյունաքարարերը, կամարակապ մուտքը և լուսամուտների եզրաքարերը: Աղոթատան ծածկը հենվում է արտաքին պատերի և մզկիթի կենտրոնում գտնվող երկու քարե սյուների վրա: Ձևավորված թաղերն ու կամարները իրականացված են քարով: Բացակայում են մզկիթներին բնորոշ գմբեթարդները՝ կառույցը ներսից թաղակապ է (նկ. 2): Աղոթասրահը պարզ է, չունի հարդարանք: Միհրաբը կամարաձև է, զուսպ, միակ զարդը եզրագոտու ձևավորումն է, որը կրկնում է մզկիթի մուտքի ձևավորումը (նկ. 3):

Նկ. 1 Մզկիթի ընդհանուր տեսքը հյուսիսից, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 2 Մզկիթի ներսույթը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 3 Մզկիթի ներսույթը, միհրաբը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Մզկիթի միակ մուտքը գտնվում է հյուսիսային ճակատում, բարավորն արձանագիր է (նկ. 4): Բարավորի վրա արձանագրված է Ղուրանի սուրահներից մեկը և շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ մզկիթը կառուցել է տվել մոլլա Ահմադը՝ Ֆազալլահ մոլլայի որդին: Նեյմատովան որպես կառուցման թվական նշում է 1790/1791 թվականը (Неймат 2011, 106), ինչը, սակայն, կասկածելի է՝ հաշվի առնելով գյուղի վերաբնակեցումը նոր տարրով և մզկիթի արտաքին տեսքն ու կառուցողական առանձնահատկությունները, որով այն ուղղակի նման է 19-րդ դարի երկրորդ կեսի կառույցներին:

Նկ. 4 Մզկիթի արձանագիր բարավորը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Մուտքի բարավորից վերև՝ պատի ամբողջ երկայնքով, գտնվում են փոքրիկ ուղղանկյուն անցքեր, ինչը ենթադրելի է դարձնում, որ ժամանակին այս պատին կից կառույց է եղել:

Վանոցա գյուղի կենտրոնում գտնվող մզկիթն ուղղակի նմանություն ունի 19-րդ դարում Արցախում կառուցված գյուղական եկեղեցիներին, ինչը ենթադրել է տալիս, որ դրանք ուղղակիորեն ներշնչվել են եկեղեցիներից, չի բացառվում նաև՝ կառուցվել են հայ վարպետների կողմից, որոնց անգամ խորհրդային տարիներին հրավիրում էին շինարարական զանազան աշխատանքներ կատարելու համար (Հովսեփյան 2024, 102-103):

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մզկիթը Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, այն անվնաս կանգուն է գյուղի կենտրոնում, անաղարտ պահպանված է նաև միհրաբը և եկեղեցու կառուցման և Ղուրանի սուրահները պարունակող շինարարական արձանագրությունը:

Խորհրդային տարիներին մզկիթն օգտագործվել է որպես տնտեսական շինություն՝ ինչը երևում է լուսամուտների վերափոխումից և ներսում սյուների միջև պատերի կառուցումից:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Հովսեփյան 2024 - Հովսեփյան Ռ., Արցախի իսլամական հուշարձանների հետազոտության և պահպանության խնդիրները, Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ. Պատմամշակութային առնչություններ, Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան,  էջ 99-107:
  3. Неймат 2011 – Неймат М., Корпус эпиграфических памятников Азербайджана, Баку.
Վանոցա (Ջիջիմլի) գյուղի մզկիթը
Վանոցա (Ջիջիմլի) գյուղի մզկիթը
Վանոցա (Ջիջիմլի) գյուղի մզկիթը
Արցախ