Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Պատմական ակնարկ
Վերին Ղլիջբաղ գյուղատեղին գտնվում է Խնապատ գյուղից հյուսիս-արևմուտք։ Ըստ Մ․ Բարխուդարյանի «Ղլիջբաղի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 106): Գյուղի բնակիչները խորհրդային իշխանության տարիներին տեղափոխվել են նախալեռնային գոտի՝ ներկայիս Ղլիջբաղի տարածք, որն անվանել են Ներքին Ղլիջբաղ։
Ճարտարապետա - հորինվածքային քննություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Այն արևելյան կողմում եզրափակվում է կիսաշրջան խորանով, երկու կողմերում ունենալով ավանդատներ (նկ․2)։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու պատրհաններ։ Բեմը ներկայումս չի պահպանվել։ Գլանաձև թաղը հենվում է երկու զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ․3)։ Տանիքն արտաքուստ հողածածկ է։
Եկեղեցին զուրկ է հարդարանքից, բացառությամբ ներսում պատերին ագուցված մի քանի պարզունակ խաչքարերի (նկ․ 4, 5)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, պատերի անկյունները, շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են։ Միակ մուտքը հարավից է (նկ․ 6): Եկեղեցու բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «1861 ամ[ի]» (նկ․ 7)։
Լուսավորվում է արևմտյան և արևելյան կողմերից բացվող չորս փոքր և հարավային կողմում բացվող երկու մեծ լուսամուտներով։ Այս վերջին երկուսը մեծացվել են հետագա ժամանակներում, ամենայն հավանականությամբ, երբ եկեղեցին օգտագործվում էր տնտեսական նպատակներով։
Եկեղեցու շուրջը տարածվում է հին գերեզմանատունը (նկ․ 8, 9)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
2․ Սարգսյան Ս․ Արցախի բնակավայրերը, Երևան, 2018։
Ասկերանի շրջան
Արցախ