Տահիսի կամուրջը
Տեղադրությունը
Գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տող գյուղերի միջնամասում՝ Իշխանագետի վրա (նկ․ 1, 2)։


Նկ․ 1 Կամրջի ընդհանուր տեսքը, 2019թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ․ 2 Կամրջի հոսքին հակառակ ճակատը, 2014 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Կամուրջը կառուցված է Տահիս հին գյուղատեղիում։ Տահիս գյուղի մասին հիշատակվում է Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ․
« ․․․Եկեղեցաձոր իւր սահմանովն, ։Ա։ լծո հող ի Տահիս, ։Ա։ լծո՝ ի Տող, ։Ա։՝ ի Գաքս, ։Ա։՝ ի Մոխենիս» (Հակոբյան 2009, 92)։ Կամուրջը կապում էր Իշխանագետի երկու ափերին փռված գյուղի թաղամասերը, ինչպես նաև Մեծ Թաղերից դեպի Տող տանող ճանապարհը։ Կամուրջի հարակից տարածքում առ այսօր պահպանվել են հին ջրաղացի և տարբեր շինությունների մնացորդները (նկ․ 3, 4, 5)։

Նկ. 3 Տահիս գյուղատեղին և կամուրջը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Նկ. 4 Տահիս գյուղատեղին և կամուրջը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Նկ. 5 Տահիսի կամուրջը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։
Ճարտարապետական – հորինվածքային նկարագրություն
Միաթռիչք է, կամարն ունի ընդգծված պայտաձևություն, կառուցողական մի հնար, որ առավել ամրություն էր հաղորդում կամրջին: Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի եզրամասերում օգտագործված են սրբատաշ քարեր։
Թռիչքի երկարությունը 6,95 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,30 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,80 մետր (նկ․ 6)։ Կառուցման ստույգ թվագրություն չունի, սակայն համեմատելով կառուցվածքա-հորինվածքային համադրությունները նման այլ հուշարձանների հետ, ենթադրվում է, որ 15-16-րդ դարերի կառույց է։
Նախատեսված էր հետիոտնի և սայլակառքերի համար։

Նկ. 6 Կամրջի չափագրությունը, չափագրումը՝ Ս․ Կարապետյանի, Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 56:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Կամուրջը գտնվում էր լավ վիճակում և օգտագործվում էր։ 44-օրյա պատերազմի ընթացքում չի տուժել, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում, հաշվի առնելով Մեծ Թաղերի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքները, որն ուղեկցվում է հայկական բնկավայրի իսպառ ոչնչացմամբ, չի բացառվում նաև հուշարձանի վնասվելը, որի մասին հստակ տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
2․ Հակոբյան 2009 – Հակոբյան Ա․,Պատմա-աշխարհագրական և վիմագրագիտական հետազոտություններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա-Երևան։
3․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Հադրութի շրջան
Արցախ