Տողի «Մաչեն ճյուր» աղբյուրը

Տեղադրությունը

Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մեջ՝ նրա կենտրոնական բարձրադիր հատվածում, մելիքական ապարանքներից հարավ-արևմուտք, լեռան ստորոտին: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

Աղբյուրի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ շտեմարանի տվյալների՝ կառուցվել է 20-րդ դարի սկզբում, թեև կարող է ավելի հին լինել: Տողում և նրա շրջակայքում կան մի շարք աղբյուրներ, որոնցից առավել հայտնի են «Շենին», «Սալմանեն» և «Կոսեն» (Ղահրամանյան 2015, 134): Կոսեն կամ Կոսի աղբյուրը, ինչպես նաև Սալմանե աղբյուրը գտնվում են գյուղից դուրս, Շենին աղբյուրը գտնվում է Տողի մելիքական ապարանքի մուտքի մոտ: «Մաչեն ճյուր» աղբյուրը Արցախի բարբառով նշանակում է մեջի կամ մեջտեղի ջուր/աղբյուր, քանի որ աղբյուրը իր դիրքով գտնվում է հին Տողի կենտրոնական հատվածում:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Աղբյուրը կառուցված է կրաքարով: Այն ուղղանկյուն հատակագծով և խորանարդաձև ծավալով կառույց է, ներառում է բուն աղբյուրը և ջրահավաք ավազանը։ Աղբյուրի մասն ունի կամարաձև թաղի ծավալ, որի ստորին մասին ներկառուցված է նավը կամ գուռը։ ճակատային և եզրային մասերը, գուռը և ավազանի՝ հյուսիս-արևմտյան հատվածում բացվող մոտքը կառուցված են սրբատաշ քարով: Փոքրիկ մուտքը տանում է դեպի ջրահավաք ավազան՝ այն մաքրելու և նորոգելու համար (նկ. 1, 2): Կամարի տակ եղել է արձանագրություն, որն անընթեռնելի է սվաղված լինելու պատճառով: Աղբյուրն ունի 5,9 մետր երկարություն, 4,7 մետր լայնություն և 3,1 մետր բարձրություն:

նկ. 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս. Ս. Դանիելյանի։

նկ․ 2 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս․ Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Աղբյուրը ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել: Այն չի տուժել նաև գյուղի օկուպացիայից հետո՝ շարունակելով ծառայել որպես աղբյուր:

Գրականություն

  1. Ղահրամանյան 2015 – Ղահրամանյան Հ., Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ։
Տողի «Մաչեն ճյուր» աղբյուրը
Տողի «Մաչեն ճյուր» աղբյուրը
Տողի «Մաչեն ճյուր» աղբյուրը
Արցախ