Տողի Սբ. Հովհաննես եկեղեցական համալիրը
Տեղադրությունը
Սբ. Հովհաննես եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնում՝ Մելիք Եգանի ապարանքից մոտ 50 մետր հարավ-արևմուտք՝ թեքադիր տեղանքի վրա։ Եկեղեցու հյուսիսային պատը իր բարձրության կեսի չափով խրված է ժայռի մեջ, իսկ հարավային պատն ամբողջությամբ բաց է, երևում են հիմքերը։ Եկեղեցուն հարավից և հյուսիսից հավելված է պարսպապատերով պարփակված բակը (նկ. 1)։ Ներկայումս համալիրն օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Պատմական համառոտ ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ են հաղորդում տեղում պահպանված արձանագրություններն ու նյութական մշակույթի գտածոները։ Եկեղեցու քարե խաչակալի վրայի ընդարձակ արձանագրությունը հաղորդում է. «Թվին ՌՃՁԵ (1736 թ․)․ այս սուրբ Ոհանէս եկեղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք Եկանն․ յիշատակ է հոգոյն իւրոյ․ ով որ կարդայ մեկ բերան Աստուած ողորմի ասէ» (Բարխուտարեանց 1895, 74) (նկ. 2): Ստացվում է, որ 18-րդ դարում եկեղեցու տանիքը նորոգվել է Մելիք Եգանի կողմից (ԴՀՎ 1982, 178): Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ Սբ. Հովհաննես եկեղեցին կառուցվել է ավելի վաղ՝ 13-րդ դարում (Բարխուտարեանց 1895, 75)։ Կառույցի շատ ավելի հնագույն սրբավայրի գոյությունը հաստատող իրական ապացույցներ են հայտնաբերվել․ բեմի աջ կողմում՝ խորանի մուտքի դիմաց՝ դահլիճի մակարդակից քիչ բարձր, նշմարվում է հաստահեղույս սյան խարսխի զանգված (Մկրտչյան 1985, 97)։
Վերջին հետազոտություններով պարզվել է, որ Տողի Սբ. Հովհաննես եկեղեցին կառուցվել է 17–18-րդ դարերում (Երանյան, Պետրոսյան 2022, 38) և եղել է գյուղի գահանիստ եկեղեցին։ Ինչպես Մելիք Եգանի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին բավական լավ պահպանված վիճակում է: Հատակագծային և ծավալատարածական հորինվածքով կառույցը պատկանում է եռանավ բազիլիկ տիպին։ Աղոթասրահի կողային նավերը նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը՝ լայն։ Կողային նավերն ավարտվում են ավանդատներով, որոնց հարավային և հյուսիսային պատերի մեջ մեկական պատրհան-խորշեր կան։ Խորանում կառուցված բեմը բարձր է աղոթասրահի հատակից։ Այստեղ բարձրանալու համար, խորանի երկու կողմերում, սիմետրիկ կառուցված են չորսական աստիճաններ։ Եկեղեցին հատակագծում ունի մոտ 1։2 համաչափություններ (12,9x21,7 մետր, Մկրտչյան 1985, 97)։
Կառույցի միակ մուտքը հարավային կողմից է և բացվում է դեպի պարսպապատ բակ։ Աղոթասրահը լուսավորվում է արևմտյան պատի մեջ բացված՝ համեմատաբար նեղ և հարավային պատի՝ նեղ և լայն լուսամուտների միջոցով։ Սրահը թաղածածկ է՝ կոշտացնող կամարները հենվում են հարավային կողմի խաչաձև և հյուսիսային կողմի Т-աձև հիմքեր ունեցող սյուների վրա (նկ. 3)։ Ծածկը երկթեք է, կղմինդրապատ, որի վրա կանգնած է եղել ութանիստ ռոտոնդա-զանգակատունը (այն, այսօր վերականգնված է)։ Եկեղեցին կառուցված է հիմնականում կիսամշակ կրաքարով։ Սրբատաշ են շարված դռան և լուսամուտների շրջանակներն ու պատերի անկյունային հատվածները (նկ. 4)։ Պատերի շարվածքում, որոշ տեղերում ագուցված են խաչային հորինվածքներ ունեցող քարեր (նկ․ 5)։
Տողի եկեղեցուն հարավային կողմից կից է 17,0×22,0 մետր չափերով պարսպապատ մի բակ (նկ․ 6): Ըստ Մակար Բարխուդարյանցի տեղեկությունների բակում՝ եկեղեցուն կից, եղել է մատուռ, որը ծառայել է որպես Դիզակի Եգանյան մելիքների գերեզմանատուն (Բարխուտարեանց 1895, 75-76): Այդ տեղեկությունները ճշտվել են 2017 թ. եկեղեցու հյուսիսային և հարավային բակերում իրականացված պեղումերի շնորհիվ (Երանյան, Պետրոսյան 2022, 31, 32): Հնագիտական հետազոտությունը պարզել է, որ եկեղեցու հարավային բակում՝ պարսպապատերից ներս՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան հատվածներում պահպանվել են երկու կառույցի շինարական մնացորդներ, ինչպես նաև շուրջ 80 տապանաքար: Այս կառույցներից հյուսիս-արևմտյանը տնտեսական նշանակություն է ունեցել (նկ․ 7), իսկ բակի հյուսիսարևելյան հատվածում գտնվող կիսակլոր աբսիդով կառույցը, որտեղ հայտնաբերվել են տարբեր ժամանակներում իրականացված թաղումներ, հավանական է, որ աղբյուրներում հիշատակվող մատուռ-դամբարանն է եղել:
Պեղումերի և մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված ավելի քան ութսուն տապանաքարերի մի մասը կրում են պատկերաքանդակներ և արձանագրություններ (Երանյան, Պետրոսյան 2022, 38)։ Ամբողջ հարավային բակում եկեղեցու կառուցումից սկսած մինչև 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում իրականացվել են թաղումներ։ Ըստ տապանաքարերից մի քանիսի արձանագրություններից՝ այստեղ են գտնվում նաև մելիքական ընտանիքի որոշ անդամերի գերեզմաններ ևս: Այս տապանատանն են ամփոփված Մելիք-Եգանի հայր Ղուկաս վարդապետը (վախճ. 1715 թ.), Մելիք Եգանը (վախճ. 1744թ․), Մելիք Արամը (վախճ. 1745 թ.), Մելիք Եսային (վախճ. 1781 թ.) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (վախճ. 1789 թ.) (Երանյան, Պետրոսյան 2022, 36-38)։ Բակում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, որոնք ունեցել են արժեքավոր վիմագրություններ։ Տապանաքարերի արժեքը ոչ միայն արձանագրություններն են, որոնք վկայում են պատմական իրական դեմքերի ու դեպքերի մասին, այլև բարձրարվեստ քանդակազարդերը, որոնք ներկայացնում են երկրամասի բնակիչների մշակութային-գեղարվեստական պատկերացումների և ազգագրական առանձնահատկությունների ընդհանուր պատկերը (նկ․ 8)։
Պեղումների արդյունքներով ուրվագծվել է Տողի Սբ. Հովհաննես եկեղեցու և հարակից շինությունների կառուցողական-ժամանակագրական ընթացքը՝ ա. 17-18-րդ դարերում կառուցվել է Սբ. Հովհաննես եկեղեցին, բ. եկեղեցուն հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից կից կառուցվել են երկու կառույցներ: Ընդ որում արևելքից կից կառույցը կառուցվել է 1729 թվականից հետո, իսկ արևմուտքից կից շինությունը՝ 1774/5 թվականներից հետո: Հետազոտությունները պարզել են նաև, որ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբում արդեն հարավ-արևելքից կից շինությունը ծածկված է եղել հողով, որտեղ իրականացվել են նաև երկրորդական թաղումեր:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Տողի եկեղեցին խաչակալ քարի արձանագրության համաձայն վերջին նորոգման է ենթարկվել 18-րդ դարի առաջին կեսում։ Խորհրդային շրջանում այն առանձնակի փոփոխություններ չի կրել և համեմատաբար բարվոք և կանգուն վիճակում էր։ Արցախյան առաջին պատերազմից և Արցախի ազատագրումից հետո՝ 2017թ․ հնարավոր են դարձել եկեղեցու հետազոտություններն ու պեղումները (Երանյան, Պետրոսյան 2022, 31), որից հետո՝ 2018թ․ սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Վերջիններս իրականացվել են ծնունդով տողեցի՝ երևանաբնակ Կարեն Սաֆարյանի միջոցներով Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներhttps://syuniacyerkir.am/tokhi-surb-hovhannes-ekekhetsum-yntanum-en-verakangnman-ashkhatanqner: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Մանվել Սարգսյանի նախագծով։ Նորոգվել է եկեղեցու տանիքը, վերաշարվել են դռան և պատուհանների շրջանակները, ներսում իրականացվել են հարդարման աշխատանքներ, բարեկարգվել է տարածքը։ Վերականգնվել է ռոտոնդա-զանգակատունը, սակայն նախնական զանգակատան քանդակազարդ և արձանագրակիր բեկորները վերականգման ժամանակ չեն օգտագործվել (նկ․ 9)։ Եկեղեցին վերաբացվել է 2019 թվականին, իսկ 2020 թվականին՝ օկուպացվել Ադրբեջանի կողմից, որը անտեսելով բոլոր տեսակի փաստարկներն ու ապացույցները եկեղեցին համարում է աղվանական ՝ ժխտելով նրա հայկական պատկանելությունը ( Ադրբեջանի նախագահի հրամանով հայկական պատմական Տողը վերածվում է ադրբեջանական-աղվանական ‹‹Տուղ›› արգելոցի)։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արօր», Բագու։
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982:
- Երանյան, Պետրոսյան 2022 - Երանյան Ն․, Պետրոսյան Հ․, Տողի Սբ. Հովհաննես եկեղեցու հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները, Աշխատություններ հայաստանի պատմության թանգարանի №2 (10), Երևան։
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան։
- Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներhttps://syuniacyerkir.am/tokhi-surb-hovhannes-ekekhetsum-yntanum-en-verakangnman-ashkhatanqner
Տողի Սբ. Հովհաննես եկեղեցական համալիրը
Արցախ