Տոնաշենի Կոտրած եղցին

Տեղադրությունը

Կոտրած եղցի կոչվող հուշարձանը գտնվում է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 3 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ անտառապատ տեղանքում, Թթոտ կոչվող վայրում (նկ. 1, 2), ուր նկատելի են նաև հին գյուղատեղի հետքերը (ԱՀ ԿԳՄՍ վկայագիր): Տոնաշենի շրջակայքում են գտնվում մի շարք հին գյուղատեղիներ՝ Եղակեր, Փոքր Թթուտ, Կոտրած եղցի և այլն (Բալայան 2020, 396):

Նկ. 1 Եկեղեցու ավերակների ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 2 Եկեղեցու ավերակների ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Եկեղեցու անունը կապված է նրա կիսավեր, քանդված լինելու հանգամանքի հետ:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին մեզ է հասել կիսաքանդ վիճակում, պատված է խիտ բուսականությամբ: Պատերը պահպանվել են 1-6 մետր բարձրությամբ: Ըստ պահպանված ավերակների՝ այն կառուցված է եղել կիսամշակ, կոպտատաշ փոքր ու միջին չափի չեչոտ կրաքարով և կրաշաղախով (նկ. 3, 4): Կիսասրբատաշ են պատկից կամարների եզրաքարերը, սրբատաշ՝ թաղակիր կամարները: Եկեղեցու պատերի մեջ կան ագուցված վաղ խաչքարեր (նկ. 5, 6): Դրանցից մեկը (11-րդ դարի, նկ 5) վերօգտագոևծվել է որպես միակ՝ հարավային մուտքի բարավոր: Համեմատաբար ամբողջական է պահպանվել հյուսիսային պատը, ներքուստ ձևավորված թաղակիր որմնակամարներով, ինչը հավաստում է քարաշեն կիսագլան թաղի առկայությունը: Այսինքն՝ այն պետք է լիներ միանավ թաղակապ սրահ, որտեղ թաղի ծանրությունը կրում էին հյուսիսային և չպահպանված հարավային զույգ որմնակամարներն ու դրանց միացման տեղից բարձրացող թաղակիր կամարները (նկ. 7, 8): Այս համակարգը հավանական է դարձնում, որ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում: Եկեղեցու խորանի մոտ խիստ կիսավեր ուվագծվում է ավանդատունը:

Նկ. 3 Եկեղեցու խորանը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 6 Եկեղեցու ներսում գտնվող խաչքար, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 4 Եկեղեցու խորանը և ավանդատունը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 7 Եկեղեցու հյուսիսային պատի կամարաշարը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Հարվային մուտքի բարավորը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 8 Եկեղեցու հյուսիսային ապտի կամրաշարը , լուս.՝ Գ. Սարգսյանի:

Դատելով հյուսիսային ճակատի տեսքից՝ եկեղեցին ներքուստ եղել է սվաղված: Հյուսիսային պատում ներսից պահպանվել է պարզ խորշի տեսք ունեցող մկրտության ավազանը: Պարզ ուղղանկյուն խորշեր կան և այլ մասերում: Պահպանված միակ պատուհանը գտնվում է կիսավեր արևմտյան ճակատում և  ներքուստ ուղղանկյուն տեսք ունի (նկ. 9):

Նկ. 9 Եկեղեցու պահպանված պատուհանը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո:

Եկեղեցին կիսավեր է, միայն հնագիտական հետազոտությունները, տարածքի մաքրումը խիտ բուսականությունից, հուշարձանի վրա աճած ծառերից թույլ կտան ավելի ամբողջական պատկեր կազմելու եկեղեցու մասին: Տարածքում կան հասարակ խեցեղենի բեկորներ:

Գրականություն

  1. Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:

Կոտրած եղցի, ԱՀ ԿԳՄՍ վկայագիր:

Տոնաշենի Կոտրած եղցին
Տոնաշենի Կոտրած եղցին
Մարտակերտի շրջան
Արցախ