Ցրտնոտի կամուրջը

Տեղադրությունը

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում՝ պատմական Ցրտնոտ և Խոլոզանց գյուղատեղիների միջև՝ Ցրտնոտ գյուղից 1,5 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Տրտու գետի վրա (Կարապետյան 2019, 394):

Պատմական ակնարկ

Կամրջի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ցրտնոտ և Խոլոզանց գյուղերը հիշատակվում են Դադիվանքի վիմագրերում (ԴՀՎ 5, 216) և 1763 թվականի կալվածացուցակում՝ վանքապատկան այլ գյուղերի հետ մեկտեղ (Կարապետյան 1999, 55): Քարվաճառի շրջանում քոչվոր ցեղերի (քրդեր) հաստատումից հետո երկու գյուղերը ստանում են նոր անվանումներ, որոնք հների աղավաղված և թարգմանված ձևերն են՝ Սոյուղբուլաղ (Ցրտաղբյուր) և Խոլազեյ-Ալխասլը:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Կամուրջը միաթռիչք է, կառուցված է անմշակ քարերով՝ գլխավորապես գետաքարով, և կրաշաղախով (նկ. 1-3): Կամրջի անցուղու լայնությունը 2,05 մետր է, թռիչքը՝ 7,10 մետր: Հիմք ընդունելով կամրջի շինարարական առանձնահատկությունները և այլ կամուրջների հետ համեմատություն տանելով՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կամուրջը թվագրում է մոտավորապես 13-16-րդ դարերով (Կարապետյան 2019, 394):

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս. Ս. Դանիելյանի:

նկ. 3 Կամրջի շարվածքը, լուս. Ս. Դանիելյանի։

նկ. 2 Կամրջի միաթռիչք հատվածը, լուս. Ս. Դանիելյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Կամուրջն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, Քարվաճառի ադրբեջանական օկուպացումից հետո կանգուն է: Կամուրջը 1980-ականների կեսերին սոյուղբուլաղցի ադրբեջանացած քրդերը «նորոգել են»՝ բետոնի շերտով ծածկելով անցուղու ամբողջ հատվածը և դրանով ավելացնելով թաղի ծանրությունը (Կարապետյան 1999, 55):

Գրականություն

  1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան, 1982:
  2. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
  3. Կարապետյան 2019 - Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
Ցրտնոտի կամուրջը
Ցրտնոտի կամուրջը
Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան
Արցախ