Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի կենտրոնում։
Պատմական ակնարկ
Եկեղեցու կառուցման մասին ստույգ տվյալները չկան։ Դատելով կառույցի տիպից և ելնելով այն հանգամանքից, որ Մակար Բարխուտարյանցն 1895 թվականին հրատարակված իր աշխատության մեջ արդեն նշում է եկեղեցու մասին, ենթադրում ենք, որ այն կառուցվել է 19-րդ դարում (Բարխուտարեանց 1895, 64)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Հուշարձանը միանավ սրահ է՝ կառուցված կոպտատաշ բաց դարչնագույն քարերով։ Թաղակապ է, նախնական ծածկը քարից է, որի վրա վեցանիստ ռոտոնդա-զանգակատունն է։ Կառույցի չափերն են. Երկարությունը՝ 13,0 մետր և լայնությունը՝ 5,5 մետր (նկ. 1):
Ի սկզբանե մուտքը եղել է հարավային կողմից, որը խորհրդային տարիներին փակվել է և բեմը քանդելու հաշվին մուտք է բացվել արևելյան խորանից՝ կառույցը տնտեսական նպատակով օգտագործելու համար։ Եկեղեցուն հյուսիսային և հարավային կողմերից կցվել են ինչ որ շինություններ (նկ. 2)։ Եկեղեցին արևելյան պատին ունի երեք, հարավային պատին մեկ լուսամուտ։
Եկեղեցին 2016 թվականին վերականգնվել է բարերար Մաքսիմ Աթայանցի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման արդյունքում կից շինությունները հեռացվել են, տանիքը լրացուցիչ ծածկվել է կղմինդրով, վերականգնվել է ռոտոնդան, արևելյան մուտքը փակվել և վերաբացվել է հարավային մուտքը (նկ. 3, 4)։ Մուտքի բարավորին վերականգնման առիթով փորագրվել է արձանագրություն (նկ. 5)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
2016 թվականի վերականգնումից հետո մինչև 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Քանի որ եկեղեցին համեմատաբար ուշ է կառուցվել, մատենագրական տեղեկությունները սակավ են, իսկ Մակար Բարխուտարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ պարզապես նշում է եկեղեցու առկայության փաստը։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ