Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ աղբյուրը

Տեղադրությունը

Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից՝ 23, Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին և հին գերեզմանոցը (Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին - Monument Watch), Քարին ջուր աղբյուրը (Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը - Monument Watch), Թադեոսի կամուրջը (Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը - Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին (Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին - Monument Watch), նույնանուն աղբյուրը և այլն: Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:

Պատմական ակնարկ

Գյուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 130)։ Հեղինակը ներկայացնում է գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ՝ հիմնականում Շուշիից (Բարխուտարեանց 1895, 130)։

Դաշուշենի Սբ․ Սարիբեկ սրբավայրի կազմի մեջ է մտնում նաև (ներքևի ճանապարհամերձ հատվածում) Սբ․ Սարիբեկ աղբյուրը (նկ․ 1)։ Բարխուդարյանցը նշում է, որ սրբատեղիի հետ մեկտեղ արդարև հայտնի է նաև աղբյուրի ջուրը, որի մոտ կա մի քանի սենյակ (այժմ սենյակները չկան, Բարխուտարեանց 1895, 130)։

Լալայանը Վարանդային նվիրված իր աշխատությունում բազմիցս անդրադառնում է Սբ․ Սարիբեկ սրբատեղիին, բայց համանուն աղբյուրին չի անդրադառնում նույնիսկ Ջրի պաշտամունք վերնագրով հատվածում, որտեղ նշում է շրջանի գրեթե բոլոր սրբացված աղբյուրները։

Դաշուշենի (Քարաշեն) և Սբ․ Սարիբեկ աղբյուրի վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև եկեղեցու, աղբյուրների և տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններից։

Նկ․ 1 Սբ․ Սարիբեկ աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Քարաշեն (Դաշուշեն) գյուղի Սբ․ Սարիբեկ աղբյուրը գտնվում է համանուն սրբատեղիի հարավային կողմում։ Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, օգտագործվել են նաև մեծադիր, արձանագիր տապանաքարեր: Երկարությունը 7 մետր է, իսկ  լայնությունը 84 սմ։ Ունի մեկ ակ և երկար նավ, շինարարական և նորոգման արձանագրություններ:

Առաջին արձանագրությունը որպես հիմնական արձանագրություն է ընդունել հնագետ Գագիկ Սարգսյանը, ով 2011 թվականի հունիս-հուլիս ամիսներին պեղման-մաքրման աշխատանքներ է իրականացրել սրբատեղիի տարածքում (Սարգսյան 2015, 178)։ Արձանագրությունը պարունակում է թվական (1861), բայց չունի կառուցողի անուն՝ «Յիշատակ է |. ով ուխտաւորք վայել/եցէք՝ ստրկիս ողորմի/ ասացէք, 1861 ամին» (նկ․ 2)։ Արձանագրությունը գրված է աղբյուրի աջ կողմում գտնվող ակի վերին հատվածում տեղադրված կամարաձև քարի վրա։ Սալաքարի եզրագոտու վերին հատվածում գրված է «Թ./ :ՍԱ: (2001)», ինչը հավանաբար վերաբերվում է 2001 թվականի վերանորոգման աշխատանքներին։ Կամարաձև այս սալաքարի համար որպես պատվանդան է օգտագործվել Տեր Հովհաննեսի 1872 թվականի արձանագիր տապանաքարը։

Հաջորդ արձանագրությունը նույնպես թվագրվում է 1861 թվականով և գտնվում է աղբյուրի դիմահայաց պատի ստորին շարքի մեծադիր քարերից մեկի վրա։ Արձանագրությունը եռատող է՝ «Այս յիշատ[ա]կ/ է Յօհանէս Թառումեց, 1861» (նկ․ 3):

Նկ․ 2 Աղբյուրի աջակողմյան հատվածը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 3 Աղբյուրի եռատող արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Մյուս արձանագրությունը գտնվում է սրբատաշ քարերով շարքի կենտրոնական հատվածում (նկ․ 4)։ Արձանագրությունը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջին հիմնական մասը գտնվում է սալաքարի կենտրոնական հատվածում։ Ըստ արձանագրության աղբյուրը կառուցվել կամ վերանորոգվել է 1867 թվականի հուլիսի 23-ին շուշեցի Սափարի կողմից՝ «Աս է յիշատակ Շուշի/ քաղաքացի Աւետիսի/ որդի/ Սափարի Մալ/ունց եւ իւր  կնօջ Մ/անուշակին, 1867 ամի, յուլիսի 23-ին»: Նույն սալի եզրագոտու երեք կողմերում փորագրված է աղբյուրի վերանորոգումը վավերացնող արձանգրություն. «Նորոքից իւր որդի Համբարցում/ Մալինցով, 1915 թվ[ականի]ս»։ Հետաքրքրական է Սափարիի որդի Համբարձումի կողմից Մալունց ազգանվան փոխակերպումը Մալինցովի։

Աղբյուրի վրա մյուս արձանագրությունը գտնվում է վերօգտագործած տապանաքարի վրա և չի վերաբերում աղբյուրին (նկ․ 5)։

Գյուղի տարածքում են գտնվում նաև «Քարին ջուր», «Սորփեն», «Չինչին», «Քարին տափ» աղբյուրները (Ղահրամանյան 2015, 41):

Նկ․ 4 Աղբյուրի 9 տողանի արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 5 Վերօգտագործված տապանաքարերից մեկը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Սբ․ Սարիբեկ աղբյուրը Քարաշենի 5 աղբյուրներից է, որոնց ջրերը օգտագործվել են մինչև մեր օրերը։ Պատերազմից առաջ և հետո աղբյուրը զգալի փոփոխություններ չի կրել։

Մատենագրական քննություն

Ս․ Կարապետյանն իր «Հայկական աղբյուրները» ուսումնասիրությունում Դաշուշեն գյուղի Քարին ջուր աղբյուրի քառատող արձանագրության հետ մեկտեղ ներկայացրել է նաև Սբ․ Սարիբեկ աղբյուրի միայն 9 տողանի արձանագրությունը, առանց այլ մանրամասներ նշելու (Կարապետյան 2023, 68)։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Արօր, Բագու։
  2. Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, Ազգագրական հանդես, Բ գիրք, Թիֆլիս։
  3. Կարապետյան 2023 – Կարապետյան Ս․, Հայկական աղբյուրներ, Երևան։
  4. Ղահրամանյան 2015 – Ղահրամանյան Հ․, Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական միավորների, Երևան։
  5. Սարգսյան 2015 – Սարգսյան Գ․, «Սուրբ Սարիբեկ» հնավայրի պեղման-մաքրման աշխատանքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012 թթ․, Ստեփանակերտ։
  6. Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Դաշուշեն գյուղ, Աղբյուր Ս․ Սրաբեկ, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=687&act1=more&act=filter&mtype=0&searchword=%D4%B4%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B6, 25․10․2023։
  7. Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Դաշուշեն գյուղ, Սրբատեղի Ս․ Սրաբեկ http://monuments.nk.am/pages.php?al=home&id=684&act1=more&act=filter&mtype=0&searchword=%D4%B4%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B6, 26․09․2023։
Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ աղբյուրը
Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ աղբյուրը
Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ աղբյուրը
Արցախ