Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը
Տեղադրությունը
Թադեոսի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) գյուղից մոտ 600 մետր հարավ-արևմուտք՝ Կարկառ գետի վրա (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Կամուրջը Թադեոսի են կոչում տեղացիները, որոնց վկայությամբ 19-րդ դարի կեսերին այն կառուցել է Դաշուշենի տանուտեր Թադևոս Առաքելյանը։
Ճարտարապետական – հորինվածքային նկարագրություն
Կամուրջը նախատեսվել և կառուցվել է հետիոտների, անասունների և գրաստների համար։ Երկթռիչք է (նկ․ 2), կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով՝ ամրացված կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շինված միայն կամարների անկյունները։ Կամրջի թռիչքներն ունեն տարբեր չափսեր։ Գետն անցնում է մեծ թռիչքի տակով։ Այն հյուսիսային կողմում է և խելը ձուլված է գետի աջափնյա ժայռին (նկ․ 3): Մեծ թռիչքի երկարությունը 6,44 մետր է, իսկ փոքրինը, որը նախատեսվել է կամրջի անցուղու հարթ մակերեսն ապահովելու համար` 3,3 մետր։ Անցուղու լայնությունը 3,53 մետր է, բարձրությունը՝ 6,30 մետր (նկ․ 4):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Թեև արցախյան պատերազմների ժամանակ այս տարածքները ուժգին հրետակոծության տակ են եղել, բայց բարեբախտաբար կամուրջը չի տուժել (նկ․ 5, 6)։ 2020 թվականի պատերազմի դադարից հետո հայ-ադրբեջանական շփման գիծն այնքան է մոտեցել հուշարձանին, որ և խնդիրներ են առաջացել կամրջի անվտանգության և պահպանության համար:
Գրականություն
1․ Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը
Արցախ