Քերթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին

Տեղադրությունը

Մարտունու շրջանի Քերթ գյուղի սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցը փաստում է գյուղում քարուկիր սուրբ Գևորգ եկեղեցու առկայությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու (Բարխուտարեանց 1895, 114) Վահրամ Բալայանն Արցախի Հանրապետության բնակավայրերին նվիրված իր աշխատանքում նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1858 թվականին (Բալայան 2020, 183):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափի կոպտատաշ ու անմշակ քարերով, կրաշաղախով: Եկեղեցու անկյունաքարերը շարված են համեմատբար խոշոր քարերով: Եկեղեցին ներքուստ թաղածածկ է, սվաղված (նկ. 2-4): Շինության միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 5): Ընդ րուոմ մուտքի եզրասալերը Սրբատաշ են միայն մուտքի քարերը, պատուհանների եզրաքարերը: Նկատելի է, որ մուտքը շարելիս վերօգտագործվել են խաչքարերի, տապանաքարերի բեկորներ: Մուտքի եզրաքարերից մեկի վրա փորագրված է խաչ: Մուտքի ձախ կողմում ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար՝ հյուսածո, բուսական զարդանախշերով, ստորին մասում պատկերված են մարդկային երկու կերպարներ, դրանից ներքև նկատելի է արձանագրության ուրվագիծը: Քանդակները վնասված են, հնարավոր է միայն ենթադրել, որ աջակողմյան կերպարը նստած է, և ծախակողմյանը, որ մատռվակն է, նրան գինի է մատուցում (նկ. 6): Մեկ այլ խաչքար, նույնպես 12-13-րդ դարերի ագուցված է եկեղեցու ներսում՝ խորանի աջ կողմում (նկ. 7):

Գլխավոր ճակատը եղել է սվաղապատ և սպիտակեցված: Սվաղի և ներքի հետքերը երևում են եկեղեցու հարավային ճակատին:

Նկ. 2 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 3 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 5 Եկեղեցու մուտքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 7 Եկեղեցու խորանի մոտ ագուցված խաչքարը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 6 Եկեղեցու մուտքի մոտ ագուցված խաչքարը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է գյուղի ակումբի և հիմնովին վերակառուցվել է: Վրան կառուցվել է երկրորդ հարկ, արևելքից կցվել է նոր շինություն (նկ. 8, 9): Սակայն եկեղեցու ներսը չի տուժել: Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Ներկայումս եկեղեցու ճակատագիրն անհայտ է:

Նկ. 8 Խորհրդային տարիներին ավելացված երկրորդ հարկը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 9 Խորհրդային տարիներին ավելացված երկրորդ հարկի ծավալը հարավային կողմից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
  2. Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
Քերթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին
Քերթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին
Քերթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին
Արցախ