Քթիշ բերդը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ՝ Գտիչ (Քթիշ) լեռան վրա (նկ. 1)։ 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

նկ. 1 Ամրոցի ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

Պատմական ակնարկ

Ամրոցի վերաբերյալ տեղեկություններ առաջին անգամ հանդիպում են Թովմա Արծրունու մոտ։ Վերջինս վկայության համաձայն՝ արաբական արշավանքների ժամանակ՝ 853 թվականին ամրոցի պաշտպանները՝ Եսայի իշխանի գլխավորությամբ, ավելի քան մեկ տարի համառ դիմադրություն են ցույց տվել արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին, բազմիցս ետ շպրտելով նրանց (Թովմա Արծրունի 2010, 197-203)։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Արցախի հնագույն բերդերից է: Այն արևմուտքից և հարավից, մասամբ նաև հյուսիսային կողմից շրջափակված է ժայռազանգվածներով, իսկ արևելյան կողմից եղել է պարսպապատ, որը ներկայումս մասամբ է պահպանվում:

Ամրոցի տարածքում և շրջակայքում պահպանվել են եկեղեցին (նկ. 2, 3), որը հայտնի է «Թեժ» անվամբ, գերեզմանոցը, մի քանի խաչքարեր, գետնափոր, ներքուստ սվաղված և կամարակապ թաղով ջրամբարը (նկ. 4), ինչպես նաև բազմաթիվ այլ շինությունների և տների հետքեր, որոնց թիվն ըստ Մ. Բարխուդարյանցի հասնում էր 140-ի  (Բարխուտարեանց 1895, 84)։

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

նկ. 4 Բերդի տարածքում գտնվող ջրամբարը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Նախքան պատերազմը հուշարձանը կիսավեր վիճակում էր գտնվում։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես և դրանից հետո հուշարձանի վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Հուշարձանի մասին առաջին տեղեկությունները հանդիպում են Թովմա Արծրունու վկայություններում (Թովմա Արծրունի 2010, 197-203)։

Արդեն կիսաքանդ ամրոցի մասին տեղեկություններ են պահպանվել միայն Մ. Բարխուդարյանցի աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 84-85)։

Ցավոք, նշված աղբյուրները չեն անրադառնում բերդի առանձին բաղադրամասերին ինչը դժվարեցնում է հուշարձանի հստակ թվագրումը։

 

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
  2. Թովմա Արծրունի 2010 – Թովմա Արծրունի և Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, Մատենագիրք Հայոց, Անթիլիաս-Լիբանան։

 

Քթիշ բերդը
Քթիշ բերդը
Հադրութի շրջան
Արցախ