Քյաթուկ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Գյուղը գտնվում է օկուպացված Արցախի Ասկերանի շրջանում՝ Ասկերան քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք: Ներկայիս գյուղը հիմնադրվել է 18-րդ դարավերջին և կոչվել Նոր Քյաթուկ (Բալայան 2020, 34): Քյաթուկի Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Պատմական ակնարկ

Սբ. Աստվածածին եկեղեցու մասին որաշակի տեղեկություններ է տալիս Մակար Բարխուդարյանցը. ‹‹…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, քահանայ մի›› (Բարխուտարեանց 1895, 130): Եկեղեցու կառուցման ժամանակի մասին ստույգ վկայություն չկա, այն թերևս պետք է կառուցված լիներ 19-րդ դարի երկրորդ կեսին: Եկեղեցին ունի 19-րդ դարի գյուղական եկեղեցիներին բնորոշ հատակագիծ և արտաքին տեսք:

 

Նկ. 2 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սբ. Աստվածածին եկեղեցին ուղղանկյուն սրահ է, արևելյան ուղղանկյուն խորանով: Կառուցված է միջին չափի կոպտատաշ սպիտակ կրաքարով (նկ. 2), սրբատաշ են միայն անկյունաքարերը, լուսամուտների և մուտքի եզրագոտիները, մուտքի բարավորը (նկ. 3): Եկեղեցու մուտքը հարավային կողմում է: Բարավորին արձանագրություն չկա:  Մուտքից աջ և ձախ երկու մեծ լուսամուտներ են: Եկեղեցին ներքուստ ունեցել է զուսպ հարդարանք, խորհրդային տարիներին պատերը ծածկվել են սվաղով (նկ. 4, 5): Բեմը չի պահպանվել: Արևելյան կողմում կա ուղղանկյուն պարզ լուսամուտ: Պարզ լուսամուտ է եղել նաև արևմտյան ճակատում, սակայն այն չի պահպանվել: Մկրտության ավազանը կառուցված է սրբատաշ քարերով, գրեթե զուրկ է հարդարանքից, միայն կամարի ձախ անկյունում զարդարուն փոքրիկ խաչ է փորագրված (նկ. 6):

Նկ. 3 Եկեղեցու լուսամուտը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Եկեղեցու ներքին տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 6 Եկեղեցու մկրտության ավազանը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցու շենքն օգտագործվում էր որպես ակումբ: Ներկայումս եկեղեցին կիսավեր է: Արևմտյան հատվածում երևում են փայտե պարզ սյուներ և գերանածածկի մնացորդներ, սակայն այս տանիքը պետք է որ խորհրդային տարիներին կառուցված լիներ, երբ շենքը ակումբից զատ օգտագործվել է տնտեսական նպատակներով: Սյուները տեղադրված են անկանոն փոքր տարածքը ծածկելու համար (նկ. 7)։

Նկ. 7 Եկեղեցու ծածկի մնացորդները, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Գրականություն

  1. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր:
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
Քյաթուկ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Քյաթուկ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Քյաթուկ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ