Օխտը եղցի վանքը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից 4,5 կմ հարավ-արևմուտք, համանուն գետի աջ ափի անտառածածկ բլրի վերնամասի հրվանդանաձև տափարակի վրա, Արցախ նահանգի Մեծառանք (Խաչեն) գավառում:

Պատմական ակնարկ

Պատարան (նախկինում` Պտրեցիք, խորհրդային շրջանում` Բադարա) Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է: Գյուղում և շրջակայքում պահպանվել են պատմամշակութային նշանակության շուրջ 200 հուշարձաններ, որոնցից խոշոր հնավայրերից է Օխտը եղցի վանքը: Ելնելով հնավայրի «Օխտը եղցի» անվանումից՝ հետազոտողները վանական կառույցների շարքում հատուկ նշել են յոթ եկեղեցիների «գոյության» մասին:

Այսպես, Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը, գրում է․ «Նոյն գետակի աջ կողմում մի սարահարթի վերայ մօտ առ մօտ շինուած են եօթն եկեղեցիներ, որոց մօտ կայ գիւղատեղի և հանգստարան» (Բարխուտարեանց 1895, 159)։ Շ․ Մկրտչյանի կարծիքով, «այստեղ իսկապես կառուցված են յոթ եկեղեցիներ, որոնցից չորսը մի ամբողջական շինություն են կազմում՝ իրենց դռներով ու պատուհաններով, իսկ երեքը կառուցված են նրանց շրջապատում» (Մկրտչյան 1980, 133)։  Ըստ Ս․ Մելիք-Բախշյանի՝ «հուշարձանախումբը բաղկացած է 7 եկեղեցիներից, որոնցից 4-ը մի ամբողջական շինություն է, իսկ 3-ը տեղադրված են շուրջը։ Շենքերը կիսավեր են, փլված պատերով ու տանիքով։ Շուրջը կան բազմաթիվ խաչքարեր, որոնց վրայի հայերեն արձանագրությունները եղծված են։ Խաչքարերից մեկը 1158 թվականին է վերաբերվում և կանգնեցված է Սմբատի որդի Սոյեմի հիշատակին» (Մելիք Բախշյան 2009, 424)։

Ավելի մանրամասն և ճշգրիտ հուշարձանը նկարագրում են է Ս․ Կարապետյանն ու Մ․ Հասրաթյանը (Կարապետյան 1984, Հասրաթյան 1992, 81-82)։ Հետազոտողները մասնավորապես նշում են, որ համալիրը բաղկացած է կանգուն, կիսավեր կամ հիմնահատակ քանդված 12 տարբեր շենքերի մնացորդներից, որոնից միայն երեքն են եկեղեցի՝ մեկը կանգնած է առանձին, մյուս երկուսը կից են իրար (Կարապետյան 1984, 75, Հասրաթյան 1992, 81) ։

Նշված մոտեցումը հաստատում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության 2020 թվականին կազմած պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտու նախագիծը․ «Վանական համալիրը բաղկացած է մի մեծ համակառույցից, որի մեջ մտնում են երկու եկեղեցի, երկու մատուռ, երկու գավիթ, մեկ տապանատուն, նրանցից հյուսիս առանձին կանգնած մեկ այլ եկեղեցուց, սրանց արևմտյան կողմում նկատվող մեծ ուղղանկյուն կառույցից՝ հնարավոր է սեղանատնից, երկու գերեզմանոցներից, որոնցից մեկում երևում է կիսավեր մատուռ, ընդարձակ ավերակներից (հնարավոր է միաբանության բնակելի խցերից), պարսպապատի ու դարպասի հետքերից»:

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Օխտը եղցի վանքային համալիրը բաղկացած է ավելի քան 12 տարբեր պահպանվածության կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են։

Համալիրի բոլոր երեք եկեղեցիներն ուղղանկյուն խորանով միանավ թաղածածկ դահլիճներ են։ Համալիրի կենտրոնական մասում տեղադրված է մեծ եկեղեցի, որին հյուսիսից ուղիղ անկյան տակ կցված է երկայնական, հյուսիս–հարավ ուղղությամբ ձգվող թաղածածկ տապանատունը (նկ․ 1)։ Տապանատան շենքը, որը միակ ամբողջական կանգուն կառույցն է համալիրում, կառուցվել է մեծ եկեղեցուց հետո՝ վերջինիս կցվելով հյուսիսից։ Այն մուտք ունի հյուսիսային ճակատից (Կարապետյան 1984, 76; նկ․ 2)։

Նկ. 1 Մեծ եկեղեցին ու տապանատունը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 2 Տապանատունը հյուսիսից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Վանքի արևելյան եկեղեցու հարավ-արևելյան կողմում կառուցված է պայտաձև խորանով մի փոքրիկ մատուռ (նկ․ 3), որին արևմուտքից կից է ուղղանկյուն մի շենք (հավանաբար գավիթ)։ Մեկ այլ մատուռ՝ ուղղանկյուն խորանով, գտնվում է այս եկեղեցու հյուսիսային կողմում (նկ․ 4) և մուտք ունի միայն եկեղեցու աղոթասրահից (Հասրաթյան 1992, 81)։

Նկ. 3 Վանքի հարավ-արևելյան եկեղեցու հարավ-արևելան կողմի պայտաձև խորանով մատուռը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Համալիրի հիմնական հուշարձանախմբի արևմտյան կողմում պահպանվել են աշխարհիկ ուղղանկյուն մի շինության ավերակներ, որն այլ կառույցների հետ ձևավորում է ներքին բակ։ Դեպի բակը բացվում են ինչպես այս շենքի, այնպես էլ վանքի գլխավոր և արևելյան եկեղեցիների ու գավթի մուտքերը (նկ․ 5)։

Համալիրից 6-7 մետր հեռու պահպանվել են ավերված երկու այլ շենքերի մնացորդներ (նկ․ 6)։ Վերջիններից արևմուտք տարածվում է խաչքարերով հարուստ գերեզմանոցը, ուր ևս նկատվում են երկու տարբեր շենքերի (հավանաբար մատուռների) հետքեր (նկ․ 7)։

Նկ. 5 Համալիրի հիմնական հուշարձանախմբի հատակագիծը, գծագիր՝ Ս․ Կարապետյանի։

Նկ. 6 Ավերված շենքերի մնացորդները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 7 Խաչքարերով գերեզմանոցը, լուս․՝ Ի․ Սարգսյանի։

Այսպիսով, հուշարձանախմբի Օխտը եղցի ժողովրդական անվանումը չի արտացոլում համալիրի իրական կազմը։

Բոլոր շենքերն էլ շինված են անտաշ կամ կոպիտ տաշված տեղական քարով։ Վանքի կառույցները շինարարական արձանագրություններ չունեն։ Շենքերից և ոչ մեկն ամբողջությամբ չի պահպանվել։ Եկեղեցիների ներսում կան ծեփի հետքեր։ Համալիրի մեծ և կից եկեղեցու հարավային ճակատներում, արտաքինից պատի մեջ ագուցված, նկատվում են մինչև 10-րդ դարին բնորոշ զարդաքանդակներով խաչքարերի բեկորներ (Կարապետյան 1986, 76):

Եկեղեցիների հորինվածքային կարևոր առանձնահատկությունն է ուղղանկյունաձև բեմը։ Ավագ խորանի այդ կերպ լուծումը բավականաչափ տարածված և ընդունված է Արցախի 12-13-րդ դարերի եկեղեցական ճարտարապետության մեջ։

Տապանատան շենքի ներսում՝ արևելյան պատի տակ, եղել է չորս խաչքար, որոնցից մեկն է միայն տեղում, և հենց դա ունի թվակիր ամենահին արձանագրությունը։ Խաչքարը կերտված է սպիտակ կրաքարից և ներկված է եղել կարմիր (նկ. 8)։ Այն կանգնեցրել է Սմբատ իշխանը 1158 թ․ իր որդի Դավթոնի հիշատակին․ «Թիւ :ՈԷ: (1158 թ.) էր. ես Սմպատ որդի Վասակա կանգնեցի զխաչս որդոյ իմոյ Դաւթոնիս, որ կիսաւրեա փոխեցաւ ի Ք[րիստո]ս» (Կարապետյան, 1984, 77, Հասրաթյան 1992, 81, Պետրոսյան 2008, 307)։ Խաչքարի պատկերաքանդակը ներկայացնում է այսպես կոչված «ընտանեկան դիմանկար» (նկ. 9)՝ հայրը, մայրը և իրենց որդի Դավթոնը (Պետրոսյան 2008, 307)։

Հուշարձանախմբի տարածքում, ինչպես նաև նրանից արևմուտք գտնվող գերեզմանոցում կան 12-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր (նկ․ 10-12)։ Վանական համալիրի շենքերը նույնպես պատկանում են այդ դարերին՝ Արցախի ճարտարապետական դպրոցի ծաղկման ժամանակաշրջանին (Հասրաթյան 1992, 82)։

Համալիրոմ վավերացվել են 44 խաչքարեր: 2020 թ. սեպտեմբերին (մինչ պատերազմը) ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը շաբաթօրյակ էր կազմակերպել հուշարձանի տարածքում, որի ընթացքում հողի տակից ի հայտ են բերվել 12-13-րդ դարերի նոր խաչքարեր (Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 2020 թ․ տարեկան հաշվետվություն):

Նկ. 8 Տապանատան թվակիր խաչքարը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 9 Տապանատան խաչքարի պատկերաքանդակը և արձանագրությունը, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Նկ. 10 Հուշարձանախմբի տարածքի և գերեզմանոցի 12-13-րդ դարերի խաչքարեր, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Նկ. 11 Հուշարձանախմբի տարածքի և գերեզմանոցի 12-13-րդ դարերի խաչքարեր, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Նկ. 12 Հուշարձանախմբի տարածքի և գերեզմանոցի 12-13-րդ դարերի խաչքարեր, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Համալիրի բոլոր շենքերը կիսավեր էին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո վանքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
  3. Կարապետյան 1984 - Կարապետյան Ս., Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 8, էջ 75-86։
  4. Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երևան։
  5. Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ․, Խաչքար․ գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Փրինթինֆո, Երևան։
  6. Մելիք Բախշյան 2009 - Մելիք Բախշյան Ս., Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, ԵՊՀ հրատ.:
Օխտը եղցի վանքը
Օխտը եղցի վանքը
Ասկերանի շրջան
Արցախ