Օծկավանքը

Տեղադրությունը

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից հյուսիս-արևմուտք, լեռնային անտառապատ բարձունքի վրա: Ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Որոշ տեղեկություններ են տալիս մի քանի կցկտուր վիմագիր արձանագրությունները, որոնք, ցավոք, ամբողջական չեն: Դատելով դրանցից, կարելի է ենթադրել, որ վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում (Կարապետյան 1984, 83): Վանքի կառույցների մասին համառոտ հիշատակություն ոնի Մակար Բարխուդարյանցը (Բարխուտարեանց 1985, 158):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրությունը

Վանքը բաղկացած է եկեղեցուց, կիսավեր վիճակում գտնվող սեղանատնից, որը գտնվում է եկեղեցուց արևմուտք, կիսավեր և ամբողջությամբ ավերված միաբանական խցերից և տնտեսական նշանակության կառույցներից, գերեզմանատնից:

Եկեղեցին փոքր, արևմտյան մուտքով և արևելյան կիսաշրջան խորանով միանավ թաղածածկ սրահ է: Եկեղեցուն հյուսիսից կցված են երկու ավանդատներ, որոնց մուտքերը բացվում են սրահից (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու հատակագիծը, վերցված է՝ Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 159։

Եկեղեցին, ինչպես և բոլոր շինությունները, կառուցված են կոպտատաշ և անտաշ փոքր ու միջին քարերով, կրաշաղախով (նկ. 2, 3): Եկեղեցու ավագ խորանի ստորին շարքում ներդրված է վաղքրիստոնեական կոթողի  պատվանդան (նկ. 4):

Պահպանվել է Վերին Խաչենի իշխանուհի, Վախթանգ Հասանյանի կին Արզուխաթունի 13-դ դարի սկզբի նվիրատվական արձանագրույթյան մի հատվածը. «…ս[ուր]բ ուխտիս/… [յիշա]տակին զժամն :Ժ: աւր/… Արզուխաթուն. … որք հաստ[ատ]…»:
Կարելի է հասկանալ, որ Արզուխաթունը նվիրատվություն է արել վանքին և ստացել տարեկան տասը պատարագ իր հարազատների հիշատակին (նկ. 5): Վանքը, որ գտնվում էր Ներքին Խաչենի Հասան-Ջալալյան իշխանության տարածքում, պիտի որ բավականին հռչակված լիներ, որպեսզի հարևան իշխանության տիրակալուհին այն այցելեր և նվիրատվություն աներ: Արձանագիր այս քարը ընդարձակ արձանագրության մի մասն է, որը ժամանակին տեղադրված է եղել արևմտյան ճակատում՝ մի քանի սպիտակ, սրբատաշ քարերի վրա: Հետազոտող Սամվել Կարապետյանը նշում է, որ ներկայումս այդ քարերից երկուսը ջարդոտված են և տեղահան արված (Կարապետյան 1984, 83):

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի։

Նկ. 4 Եկեղեցու ներքին տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի։

Նկ. 3 Եկեղեցու տեսքը արևելքից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի։

Նկ. 5 Արզուխաթուն իշխանուհու արձանագրությունը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի։

Եկեղեցուց արևմուտք գտնվում է պատմական գերեզմանոցը, ուր պահպանվել են մի քանի գեղաքանդակ խաչքարեր և խաչքարերի բեկորներ (նկ. 6, 7): Դրանցից մի քանիսի վրա կիսաեղծ վիճակում պահպանվել են արձանագրությունների պատառիկներ. «Ես (Ս)մպատ ու Սուզայ կանգնեցաք զ(խաչ)ս ի տապանա…. աւր…», մեկ այլ խաչքարի վրա.՝ «Ես Ավետիս որ(դի) Հաս(անա) (կանգնեց)ի զխաչս …ի տապանին…»: Ուշագրավ է հետևյալ արձանագրությունը. «Ես քաջ պատերազմո(ղ)» (Կարապետյան 1984, 83):

2020 թվականի սեպտեմբերի սկզբին վանքի տարածքում մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մի խաչքար՝ հետևյալ արձանագրությամբ. «Ես՝ Գ/րգոր/, կան/գնեց/ի զխա/չս ի բար/եխաւսութ/[ի]ւն հա/ւր իմու/ Հասանայ՝ Մխուդ/իհ որդ/ու»:

Նկ. 6 Վանքի խաչքարերից, լուս.՝ https://www.facebook.com/photo/?fbid=1435898539939551&set=pcb.1435899429939462:

Նկ. 7 Վանքի նորահայտ արձանագիր խաչքարերից, լուս.՝ https://www.facebook.com/photo?fbid=1435898569939548&set=pcb.1435899429939462:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Վանքն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Վանքի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. Կարապետյան 1984 - Կարապետյան Ս., Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, N 8, էջ 75-86:
  3. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան:
Օծկավանքը
Օծկավանքը
Ասկերանի շրջան
Արցախ