Աբդալ գյուղի մզկիթը

Տեղադրությունը

Մզկիթի շենքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում, խորհրդային վարչատարածքային բաժանմամբ՝ Աղդամի շրջանի Աբդալ գյուղ (Բալայան 2020, 505):

Պատմական ակնարկ

Աբդալ գյուղը հիմնադրվել է նախկինում հայաբնակ և 18-րդ դարի երկրորդ կեսից լքված հայկական գյուղերի տարածքում: Այստեղ թաթար բնակչություն է հաստատվել 19-րդ դարում (Կարապետյան 1999, 228-229): Մզկիթը (նկ. 1) կառուցվել է 1878-1879 թվականներին, ինչի մասին վկայում է գլխավոր մուտքի կամարակապ բարավորին արված ներկագիր արաբալեզու արձանագրությունը (Կարապետյան 2010, 26-27): Բարավորի եզրային հատվածները, շրջակայքը զարդարված են բուսական զարդաքանդակներով, որոնք ներկված են կապույտ և կարմիր գույներով (նկ. 2):

Նկ. 1 Մզկիթի ընդհանուր տեսքը, Կարապետյան Ս․, Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան, 2010։

Նկ. 2 Մզկիթի ընդհանուր տեսքը, Կարապետյան Ս․, Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան, 2010։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մզկիթը հատակագծում ուղղանկյուն կառույց է: Կառուցված է տեղական սպիտակավուն կրաքարով և թրծած աղյուսով: Արցախի տարածքում գտնվող մզկիթներից տարբերվում է պատերի շարվածքով: Դրանք շարված են կոպտատաշ ու անհամաչափ կտրված փոքր ու միջին չափերի քարերով: Սրբատաշ քարից են միայն անկյունաքարերը, նախասրահի կամարակապ լայն բացվածքը, գլխավոր մուտքը և լուսամուտների եզրաքարերը: Աչքի են ընկնում լուսամուտները՝ սրանք անգամ միևնույն ճակատում տարբեր չափերի են և ունեն տարբեր ոճի և ձևի շրջակալեր (նկ. 3):

Մզկիթն իր առջևում ունի լայն, կամարակապ բացվածքով նախասրահ, որի երկու կողմերում գտնվում են առանձին սենյակներն իրենց մուտքերով: Ներսից մզկիթի պատերը սվաղված են: Աղոթատան ծածկը հենվում է արտաքին պատերին և մզկիթի կենտրոնում գտնվող երկու քարե սյուներին: Սյուները սրբատաշ քարից են, ութանկյուն են: Ձևավորված սլաքաձև կամարներն ու թաղերն իրականացված են աղյուսով և կենտրոնում պսակվում են աղյուսաշեն գմբեթներով (նկ. 4): Անցումը գմբեթարդներին իրականացված է առագաստներով:  Գմբեթները երկուսն են: Մզկիթի միհրաբն ունի սլաքաձև վերջավորություն: Աղոթասրահը պարզ է, չունի երկրորդ հարկ: Ներսից այն հարդարված է տարբեր չափի և ձևի որմնախորշերով:

Ընդհանուր առմամբ, Աբդալի մզկիթը շատ նման է Արցախի տարածքում 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կառուցված դասական մզկիթներին, որոնց ոճը մշակվել էր Քերբալա Սեֆիխան Ղարաբաղիի կողմից (Фатуллаев 1986, 259): Աբդալ գյուղի մզկիթը, ինչպես նաև հարևան Գյուլաբլու գյուղի մզկիթը և բաղնիքը, որոնք նմանություն ունեն Ֆիզուլու մզկիթի հետ, կառուցվել են հենց Սեֆիխան Ղարաբաղիի կողմից (Qarabağlı 1995, 49-53):

Նկ. 3 Մզկիթի գլխավոր մուտքը, Կարապետյան Ս․, Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան, 2010։

Նկ. 4 Մզկիթի ներսույթը, լուս.՝ https://karabakh.center/ru/cd-218/aqdam/abdal։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Շինությունն ամբողջությամբ պահպանվել է, անվնաս է: Այն չի տուժել Արցախյան առաջին պատերազմի տարիներին:    

Գրականություն

  1. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմական ուրվագծեր, Երևան։
  2. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
  3. Կարապետյան 2010 - Կարապետյան Ս․, Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան։
  4. Фатуллаев 1986 - Фатуллаев Ш., Градостроительство и архитектура Азербайджана XIX-начала XX века, Москва.
  5. Qarabağlı 1995 - Qarabağlı R., Memar Kərbəlayi Səfixan Qarabaği, Bakı.
Աբդալ գյուղի մզկիթը
Աբդալ գյուղի մզկիթը
Աբդալ գյուղի մզկիթը
Արցախ