Աղբրաձորի (Մայրեջրի) վանքը
Տեղադրությունը
Մայրեջրի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Շալվա գետակի Արախիշ վտակի միջնահովտի աջ բարձրադիր հատվածում։ Ծովի մակարդակից ունի 1850 մետր բարձրություն։ Վանքը գտնվում է միջնադարյան Աղբրաձոր բնակավայրի հարևանությամբ, որից էլ ստացել է իր երկրորդ անվանումը (նկ․ 1)։
Նկ․ 1 Աղբրաձորի (Մայրեջրի) ընդհանուր տեսքը, լուս. Հ․ Պետրոսյանի։
Պատմական ակնարկ
Վանքի պատմությունը հավանաբար սկսվում է հենց 11-րդ դարից։ Դրա մասին են վկայում կառույցի ճարտարապետական-հորինվածքային քննությունը և տարածքից հայտնաբերված արձանագիր խաչքարերն ու տապանաքարերը։ Վանքը նույնանում է նաև պատմիչ Սամուէլ Անեցու կողմից հիշտակված Մայրեջրի հետ, որտեղից Կիլիկիա է տեղափոխվել Օշին իշխանը (Հակոբյան 2009, 227)։ Հետագայում էլ վանքը շարունակել է իր գործունեությունը, որպես Դիզակի հոգևեր կենտրոններից մեկը (նկ․ 2)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Մայրեջրի կամ Աղբրաձորի վանքն ունի պարսպապատ, որից պահպանվել են որոշակի հատվածներ։ Եկեղեցին փոքր չափերի, սլացիկ պատերով, պայտաձև խորանով 11-րդ դարով թվագրվող միանավ թաղածածկ սրահ է։ Խորանի աջ և ձախ կողմերում բացված են մեկական պատրհաններ։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարով և կրաշաղախով։ Եկեղեցու ներքին տարածությունը ունի 420 սմ երկարություն և 220-240 սմ լայնություն։ Խորանն ունի 200 սմ բացվածք և 215 սմ խորություն։ Կառույցն ունի պահպանված մեկ մուտք (նկ․ 3) արևմտյան կողմում 75 սմ բացվածքով (Հակոբյան 2020, 250)։
Նկ․ 2 Եկեղեցու խորանը ներսի կողմից, լուս. Հ․ Պետրոսյանի։
Նկ․ 3 Եկեղեցու մուտքը ներսի կողմից, լուս. Զ․ Ըռքոյանի։
Եկեղեցին ներքուստ սվաղապատ է։ Կառույցի թաղն ու պատերի մի մասը փլված են, ինչի արդյունքում ծածկվել են հիմքերին մոտ գտնվող հատվածները։ Եկեղեցուց 150 մետր հյուսիս փռված է միջնադարյան գերեզմանոցը։
Վանքի և գերեզմանատան տարածքում առկա են մի շարք ուշագրավ խաչքարեր և տապանաքարեր, որոնց մի մասը արձանագիր են։ Խաչքարերից մեկին վերաբերող արձանագրությունը կարդացվում է՝ «Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԵԱՅ ՍՊԱՏԱ<Յ> ԵՒ ՈՒՐ ԾՆՈՂԱՑՆ, ԵՒ ՈՅ<Ք> ԿԱՐԴԱՅՔ ՅԱՂ<ԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ», իսկ խաչի ներքևում, չորս տողով, «տ (=Թ+Վ՞) ՇԻԴ: (=1075 թ.) // ԵՍ` ՍԱՐԳԻՍ // ԿԱՆԿ<Ն>ԵՑԻ // ԽԱՅՆ» (Հակոբյան 2009, 225): Մեկ այլ դեպքում արձանագրությունը գրված է երկու մասով՝ խաչքարի և պատվանդանի վրա, իսկ իրարից հեռու ընկած խաչքարն ու պատվանդանը նույնականանում են հենց արձանացրությամբ և խաչքարի ելուստի ու պատվանդանի փոսի համապատասխանությամբ։ Խաչքարի վրա կարդացվում է «ԹՎ<ԱԿԱՆՆ> Հ<ԱՅՈՑ> // ՇԺԸ // ԷՐ (=1069 թ.)։ ԵՍ՝ Գ // ՐԻԳՈՐ՝ // ԻՇԽԱՆ // ԱՑ ԻՇԽ // ԱՆ, ՈՐԴ // Ի ԱՏՐ //․․․», իսկ պատվանդանին՝ «ՀՈԳԵՒՈՐ Տ<Է>ՐՆ ԻՄ ԵՒ ՎԱՐԴԱՊ // ԵՏՆ ՍՈՍԹԵՆԷՍ ՓՈԽԵ // ՑԱՒ ՅԱՇԽԱՐՀԷՍ ԱՌ Ք<ՐԻՍՏՈ>Ս։ ԵՍ՝ ՆՈՐ // ԻՆ ԵՂԲԱՒՐՈՐԴԻՍ ՍՏԵՓԱՆՈՍ // ԿԱ[Ն]ԳՆԵՑԻ ԶՍ<ՈՒՐ>Բ ՆՇԱՆՍ Ի ԲԱ // ՐԵԽԱՒՍՈՒԹԻՒՆ Տ<ԵԱՌ>Ն ԻՄՈ[Յ], // ԶՈՐ ԴԱՍԵՑԷ Ք<ՐԻՍՏՈ>Ս ԸՆԴ Ս<ՈՒՐ>Բ ՀԱ // ՅՐԱՊԵՏՍՆ ԻՒՐ։ ԱՄԷ՜Ն» (Հակոբյան 2020, 251)։ Խաչքարերը պատկանում են Անիի դպրոցին և ակնհայտորեն վկայում են մինչև 11-րդ դարի կեսերն այստեղ Բագրատունյաց թագավորության քաղաքական ազդցության և մշակութային կապերի մասին (նկ․ 4, 5, 6)։
Նկ․ 4 Խաչքար արձանագիր, 11-րդ դար, լուս. Զ․ Ըռքոյանի։
Նկ․ 6 Խաչքար, 11-րդ դար, լուս. Զ․ Ըռքոյանի։
Նկ․ 5 Խաչքար արձանագիր, 11-րդ դար, լուս. Զ․ Ըռքոյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Մայրեջրի վանքը պատերազմից առաջ և հետո փոփոխությունների չի ենթարկվել։
Մատենագրական քննություն
Ալեքսան Հակոբյանն իր աշխատություններում նկարագրել է վանքը, անդրադարձել վանքի պատմությանն ու հիշատակություններին։ Մանրամասն քննության են ենթարկվել տարածքի և գերեզմանատան խաչքարերի և տապանաքարերի արձանագորթյունները։ (Հակոբյան 2009, 224-227, Հակոբյան 2020, 250-272)։
Գրականություն
1․ Հակոբյան 2009 – Յակոբեան Ա., Հակարիի վերնահովտի նորահայտ վիմագրերը․ Բ// Մերձավոր և Միջին արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատոր 27, Երևան:
2. Հակոբյան 2020 – Յակոբեան Ա․, Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղվանքում և Հայոց արևելից կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար, Երևան։
Աղբրաձորի (Մայրեջրի) վանքը
Արցախ