Ամարասի վանական համալիրի Սբ. Գրիգորիսի եկեղեցին

Ամարասի վանքի արևմտյան՝ պաշտամունքային ընդարձակ բակի (46,0 x 59,0 մետր) դոմինանտող կառույցը Սուրբ Գրիգորիսի եկեղեցին է (նկ․ 1)։  Այն կառուցվել է 1858 թվականին՝ նախկին եկեղեցու տեղում:

Նկ. 1 Ամարասի վանքի ընդհանուր տեսքը՝ վերևից դիտված, լուս․՝ Հ. Բազեի:

Այն  ունի Հայաստանի ուշ միջնադարի ճարտարապետությանը բնորոշ, երկու զույգ մույթերով, եոանավ բազիլիկայի հորինվածք (նկ․ 2)։ Եկեղեցու ուղղանկյուն ծավալը (արտաքին չափերն են՝ 13,5 x 23,2 մետր ) բարձրանում է երկաստիճան որմնախարսխի վրա (նկ․ 3)։ Միակ դուռը արևմուտքից է։ Ընդարձակ աղոթասրահը (11,25 x 15,9 մետր) երկու զույգ խաչաձև մույթերով և դրանց վրա դրված կամարներով բաժանվում է երեք նավի։ Միջին նավն արևելքում ավարտվում է խորանով, որը երկու կողմերում ունի ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ  ավանդատներ (նկ․ 4)։ Վերջիններիս բավական մեծ՝  5,0 մետր խորությունը պայմանավորված է բեմի տակ եղած Գրիգորիսի մասունքարանի առկայությամբ։ Աղոթասրահի  երկայնական պատերում բացվում են երեքական  շատ լայն (դրսից 1,4 մ ներսից՝ 2,0 մետր լայնությամբ) լուսամուտներ, որոնք առատ լույս են ապահովում աղոթասրահի համար (Մկրտչյան 1985, 144)։ Լուսամուտ ունի նաև արևելյան պատը, որի միջոցով լուսավորվում է խորանը։

Նկ․ 2 Վանական համալիրի գլխավոր հատակագիծը, չափագրությունը՝ Մ․ Հասրաթյանի։

Նկ․ 3 Ամարասի վանքի եկեղեցին,, լուս․՝ Ն. Երանյանի:

Նկ. 4 Արևելյան մուտքը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի:

Եկեղեցու հարդարանքը ինչպես դրսից այնպես էլ ներսից  պարզ է։ Հարդարված է միայն արևմտյան պատը, որտեղ մուտքի ճակատակալ քարը և վերևում բացված լուսամուտը ունեն պատի հարթությունից զգալիորեն դուրս, իրար միացած երեսակալ, որը ճակտոնի տակ վերածվում է խաչի (նկ․ 5)։ Մյուս ճակատները հարդարանքից զուրկ են, կառուցողները դրանց միապաղաղությունը աշխուժացնելու նպատակով այդ պատերի մակերեսներից 10 սմ լայնությամբ դուրս են բերել մոտ յոթ մետր երկարությամբ հատվածներ։

Նկ․ 5 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս․՝ Ն․Երանյանի:

Եկեղեցու երկթեք տանիքի արևմտյան կողմում բարձրանում է զանգակատան վեց սյունանի ռոտոնդան (նկ․ 6)։ Այս կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ 1872 թվականին «Արարատ» ամսագրում հրատարակված հատակագծից և գծանկարից երևում է, որ այդ ժամանակ եկեղեցու տանիքի վրա բարձրացած են եղել երեք գմբեթանման զանգակատներ՝ մեծը կենտրոնում, մյուս երկուսը՝ արևելյան և արևմտյան ծայրերին (Տեսարանք 1872, 26)։ Մինչև նոր եկեղեցու կառուցումն Ամարաս այցելած Սարգիս Ջալայանցը տեսել է նախկին՝ դեռ կանգուն եկեղեցին, որը՝ «... չէ սագաշէն, այլ ի ձև կաթողիկէի ոչ սրածայր...» (Ջալալյանց 1842, 196), այսինքն այն եղել է ոչ թե երկթեք տանիքով, այլ ցածր գմբեթով: Փաստորեն Ամարասի ներկո եկեղեցին չի կրկնել իր նախորդի հորինվածքը (հմմտ. Հասրաթյան 1975, 42)։ Ամարասի նախորդ եկեղեցու և Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցու  համեմատությունը (սա համաժամանակյա է քննարկվող եկեղեցուն) հնարավոր է դարձնում վերականգնել Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցու նախնական հորինվածքը։  Հերհերի այժմ կանգուն եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկա է, որի գմբեթի թմբուկը շատ ցածր է և համարյա չի երևում շենքի արտաքին ծավալում։ Ջալալյանցի նկարագրած Ամարասի եկեղեցու  գմբեթը նույնպես ցածրադիր է  և եթե նկատի ունենալ, որ  Ամարասի այժմյան եկեղեցին ունի նույն լայնությունը, ինչ Հերհերինը,  ապա պետք է ենթադրել, որ 17-րդ դարում Ամարասի եկեղեցին նույնպես եղել է ցածրադիր գմբեթով, քառամույթ գմբեթավոր բազիլիկա։

Ներկա եկեղեցին կառուցված է կաթնագույն ֆելզիտի մաքուր տաշած՝ քարերից, իսկ ներսը սվաղված է։ Թաղակիր սյուները և նրանց վրա հենված կամարները սվաղված չեն, հատակն ամբողջությամբ սալապատ է։ Խորանում կառուցված է բավական բարձր բեմը, իսկ նրա դիմաց առանձնացված է դասի հատվածը։

Նկ. 6 Ամարասի վանքի վեցսյունանի ռոտոնդան, լուս.՝ Հ․ Պետրոսյանի:

Գրականության ցանկ

  1. Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ․, Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան։
  2. Հասրաթյան 1975 - Հասրաթյան Մ․, Ամարասի ճարտարապետական համալիրը, Պատմաբանասիրական հանդես, թիվ 5, էջ 35-52։
  3. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
  4. Ջալալեանց 1842 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս:
  5. Տեսարանք 1872 - Տեսարանք հայրենեաց, Արարատ (ամսագիր), Ա, էջ 26:
Ամարասի վանական համալիրի Սբ. Գրիգորիսի եկեղեցին
Ամարասի վանական համալիրի Սբ. Գրիգորիսի եկեղեցին
Մարտունու շրջան
Արցախ