Ամարասի վանքը. ընդհանուր տեղեկություններ

Ամարասի վանքն Արցախի ամենահին ու հավատացյալների կողմից ամենապաշտված քրիստոնեական սրբություններից մեկն է: Դադիվանքի և Գանձասարի նման այն դարեր շարունակ կազմակերպել է երկրամասի հայության հոգևոր կյանքը, կրթել բազմաթիվ սերունդներ: Ժողովրդական ավանդույթը հենց Ամարասի հետ է կապում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն առաջին դպրոցի ստեղծումը:
Վանքը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:

Տեղադրությունը

Ամարասի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Վաղ միջնադարում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ, ուշ միջնադարում՝ Քոչիզ-Վարանդայի։ Ամարասի վանքի ճարտարապետական համալիրը կառուցված է միանգամայն հարթ տեղանքում և ընդգրկում է մոտ կես հա տարածք (նկ․ 1)։

Նկ. 1 Ամարասի վանքի ընդհանուր տեսքը՝ վերևից դիտված, լուս.՝ Հ. Բազեի:

Պատմական ակնարկ

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (Բուզանդ 1968, 75)։ Բայց «ավազակների արշավանքների պատճառով ու եկեղեցու կառուցվածքի խիստ մեծ լինելու հետևանքով ոչ ոք չկարողացավ շինել այնպիսին, որ Մեծ Գրիգորը հիմնադրել էր» (Կաղանկատվացի 1969, 48)։ Ամարասը հատկապես նշանավոր է դառնում 4-րդ դարի կեսերից, երբ այնտեղ թաղում են Գրիգոր Լուսավորչի թոռանը՝ Գրիգորիսին, ով նահատակվել էր Աղվանքում քրիստոնեություն տարածելու ժամանակ (Խորենացի 1940, 175)։ Նրան ամփոփել են Լուսավորչի հիմնադրած եկեղեցուն կից՝ հյուսիս-արևելյան կողմում (Կաղանկատվացի 1969, 28, 52)։ 5-րդ դարի վերջին Վաչագան Բարեպաշտ թագավորը գտնում է Գրիգորիսի գերեզմանի արդեն մոռացված տեղը, հավաքում է նրա մասունքները և «հրամայում է գերեզմանի վրա մատուռ հիմնել, շտապ ավարտել և անվանել Սուրբ Գրիգորիսի մատուռ» (Կաղանկատվացի 1969, 60)։ Հավանաբար այդ ժամանակ Ամարասի եկեղեցին արդեն ավերված է եղել կամ խարխուլ, որովհետև «․․․շուտափույթ կերպով ու երկյուղով գլուխ բերին սուրբ եկեղեցու կառուցումը» (Կաղանկատվացի 1969, 59)։ Վաչագանը Գրիգորիսի մասունքները հայտնաբերել, հետևաբար մատուռն ու եկեղեցին կառուցել է 489 թվականին (Օրմանյան 1959, 516)։ Հենց այս մատուռն է, որ մինչև այսօր համարյա նույնությամբ պահպանվել է Ամարասի վանքի՝ հետագայում կառուցված եկեղեցու բեմի տակ։

5-րդ դարից Ամարասը եղել է երկրամասի խոշոր կրոնական կենտրոններից մեկը և եպիսկոպոսանիստ բնակավայր։ 9-րդ դարի սկզբին վանքն ու ողջ գավառը ասպատակել են արաբները (Կաղանկատվացի 1969, 255)։ 13-րդ դարում այն կողոպտել են մոնղոլ-թաթարները (Օրբէլեան 1910, 470): Հերթական անգամ Ամարասի վանքն ավերվում է 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ (Բարխուդարյանց 1901, 170-174): Անգամ այսպիսի բարդ իրավիճակներում վանքում գործել է դպրոցը, և համալիրը շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ 15-16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր։ 17-րդ դարի 3-րդ քառորդում Պետրոս կաթողիկոսը նորոգում է Ամարասը և վերջինիս հոգևորականների համար ամառանոց ծառայող Հերհեր գյուղում կառուցում Գրիգորիսի անվամբ նոր եկեղեցի (Բարխուտարեանց 1895, 104)։ Վերջինիս հարավային դռան ճակատի արձանագրության մեջ նշվում է, որ «նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք, տուաք շինել զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս անո/ւամբ ս[ր]բոյն Գրիգորիսի՝ հովարան ս[ուր]բ աթոռոյն Ամ/արասայ. որ և մասն բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ/ հիմնարկեցաւ տաճարս ։ՌՃԺԶ։ (1667) թվին, կատարե/ցաւ ։ՌՃԻԵ։ին (1676) (ԴՀՎ 5, 164)։ Այսպիսով, արձանագրությունը ոչ միայն հայտնում է Հերհերի Սբ. Գրիգորիսի եկեղեցու կառուցման ժամանակն ու հանգամանքները, այլև ներկայացնում է Ամարասում կատարված աշխատանքները՝ բազմաթիվ կից ենթակառույցներով շրջապարիսպների կառուցում, Ամարասի եկեղեցու նորոգում և հարդարում («նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք»)։ Նաև նկատենք, թե այնքան էլ պարզ չէ, թե ո՞ր կառույցն է նկատի առնվում Ամարասի եկեղեցու տակ՝ Գրիգորիսի մատուռ-մասունքարանը, թե՞ կար նրա վրա կամ նրան կից կառուցված եկեղեցի, որի գոյությունն այլ աղբյուրներից հայտնի չէ։

19-րդ դարի 2-րդ քառորդում, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո, Ամարասի վանական համալիրը, որն ուներ 17-րդ դարում կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես սահմանամերձ ամրոց, իսկ 1832–1847 թվականներին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն (Էփրիկյան 1903-1905, 136)։ Այս ժամանակներից սկսվում է վանքի ամայացումը։ Ականատես Սարգիս Ջալալյանցը ցավով նշում է․ «Յառաջին տեսության իմում վանքն Ամարաս էր ի շինութեան, ըստ որում ի սենեակս նորին զետեղեալ կայր արքունի մաքսատունն, և գոյն վարդապետ ոմն՝ որ սպասավորէր դամբարանի սրբոյն Գրիգորիսի, իսկ այժմ հեռացել է անտի որպես մաքսատուն նոյնպես և վարդապետն․ և վանքն Ամարասայ մնացեալ է յաւերակ դրութեան» (Ջալալեանց 1858, 336)։ Առավել վնասվել էր եկեղեցին, իսկ պարիսպներն ու աշխարհիկ շենքը ավելի քիչ են տուժել։ Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ (Էփրիկյան 1903-1905, 136), իսկ 1898 թվականին ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը պատրաստել է Գրիգորիսի նոր տապանաքարը (Լալայան 1897, 38)։

1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին։ 19-րդ դարի վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։

Արցախյան ազատագրական պատերազմից հետո Ամարասը վերածնվել և վերականգնվել է, դարձել ուխտագնացության և արցախյան փառատոնների կենտրոն (նկ. 2, 3):

Նկ. 2 Ամարասի վանքը թթի այգիների կենտրոնում, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 3 Թթի փառատոնն Ամարասում, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Գրականության ցանկ

  1. Բարխուդարյանց 1901 - Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Պատմություն Աղվանից, հ․ Ա, Թիֆլիս։
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․,Արցախ, «Արօր», Բաքու։
  3. Բուզանդ 1968 - Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան:
  4. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982:
  5. Էփրիկյան 1903-1905 - էփրիկյան Ս․, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ․1, Վենետիկ։
  6. Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, Ազգագրական հանդես, Բ գիրք, Թիֆլիս։
  7. Կաղանկատվացի 1969 - Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, «Հայաստան» հրատարակչություն, Երևան։
  8. Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս:
  9. Օրբէլեան 1910 - Ստեփաննոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս:
  10. Օրմանյան 1959 - Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Ազգապատում, հ․ Ա, Բեյրութ։
Ամարասի վանքը. ընդհանուր տեղեկություններ
Ամարասի վանքը. ընդհանուր տեղեկություններ
Մարտունու շրջան
Արցախ