Աջափնյակի մզկիթը
Տեղադրությունը
Մզկիթի շենքը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի կենտրոնում: Խորհրդային շրջանի վարչական բաժանմամբ Աջափնյակ թաղամասը հանդիսանում էր Մալիբեյլի (Մալիբեկլու) կոչվող ադրբեջանաբնակ գյուղը, որը Շուշիի վարչական շրջանի կազմի մեջ էր և խորհրդային տարիներին արհեստականորեն ընդարձակվել էր Ստեփանակերտ քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու համար:
Պատմական ակնարկ
Մզկիթի մասին պատմական ստույգ տեղեկություն չունենք։ Հստակ և ճշգրիտ փաստեր չկան նաև ադրբեջանական տիրույթում։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մզկիթն իրենից ներկայացնում է մեծ, ուղղանկյուն շինություն (նկ. 1, 2): Բաղկացած է երեք մասից՝ եռակամար նախասրահ (նկ. 3), կենտրոնական սրահ (նկ. 4) և ետնասրահ (նկ. 5): Կառուցված է տեղական սպիտակ կրաքարից, պատերը շարված են հասարակ ու կոպտատաշ քարերով, կրաշաղախի հմտորեն արված ծեփը զգալիորեն հարթեցնում է արտաքին պատերը: Ներսից կոպտատաշ մանր քարերով շարված պատերը նույնպես եղել են սվաղված, ինչի հետքերը տեսանելի են։ Մզկիթն ունի մեծ պատուհաններ, որոնց շրջանակները և կամարունքները շարված են սրբատաշ քարերով (նկ. 6): Ընդհանուր առմամբ շինության արտաքին տեսքը հար և նման է Շուշի քաղաքի շինարվեստին:
Շինության առջևի եռակամար սրահի կենտրոնական մասում է տեղադրված մզկիթի հիմնական մուտքը։ Վերջինիս անմիջապես վերևում տեսնելի են կարմիր ներկով արված և շրջանակի մեջ առնված արաբատառ գրության հետքեր։ Վատ պահպանվածության հետևանքով գրերը դժվարընթեռնելի են։ Ենթադրվում է որ կարող են լինել Ղուրանից վերցված առանձին արտահայտություններ կամ էլ շինարարական բնույթի արձանագրություն (նկ. 7)։ Կենտրոնական մուտքի գլխավոր դռան աջ և ձախ կողմերում կան դեպի երկու փոքրիկ սենյակներ տանող ևս երկու փոքրիկ դռներ (նկ. 8): Սենյակներում կան բուխարիներ: Լուսամուտները մեծ են, երկշարք: Ընդարձակ դահլիճի երկայնքով, երկու կողմերից ձգվում են կամարակապ սյուները, որոնք իրենց վրա են կրում տանիքի ողջ ծանրությունը։ Ձևավորված սլաքաձև կամարներն ու թաղերն իրականացված են աղյուսով և կենտրոնում պսակվում են աղյուսաշեն գմբեթով (նկ. 9, 10): Սյուները սրբատաշ քարից են, ութանկյուն են և հար ու նման են Շուշիի Վերին և Ներքին մզկիթների, Շուշիի Սաաթլի մզկիթի, Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզի, Աբդալի մզկիթների սյուներին: Սյուները ձևավորում են եռանավ ներքին տարածություն: Շինության ներսում, հարավային պատի կենտրոնում է գտնվում միհրաբը (նկ. 11):
Ընդհանուր առմամբ, Աջափնյակի մզկիթը շատ նման է Արցախի տարածքում հատկապես 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կառուցված մզկիթներին: Սրանցից շատերին բնորոշ էր առջևի եռակամար սրահը, սյունազարդ ընդարձակ դահլիճը: Իրենց այս հատկանիշներով Արցախի տարածքում կառուցված մզկիթները որոշակիորեն ազդված են հայկական գավիթներից: Մասնավորապես, եռակամար սրահներն իրենց ուղղակի զուգահեռներն ունեն Արցախի միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության մեջ (Մեծարանից վանք, Կոշիկ անապատ, Երից Մանկանց վանք): Ուշագրավ է, որ նման մզկիթների ոճը ձևավորվել և իր տեսքն է ստացել Շուշի քաղաքում և առաջին ու լավագույն օրինակները հենց այդ քաղաքից են: Այս ոճի մզկիթներից առավել ակնառուները, ինչպես Շուշիի Վերին և Ներքին մզկիթները, Աղդամի մզկիթը կառուցվել են Քերբալա Սեֆիխան Ղարաբաղիի կողմից: Բացառված չէ, որ սա էլ նրա նախագիծն է, կամ էլ շինարարներն ուղղակի հետևել են արդեն հայտնի կառույցների ծավալա-տարածական լուծումներին: Հիմք ընդունելով այս ամենը, կարող ենք փաստել, որ մզկիթը կառուցվել է 19-րդ դարի վերջին կամ ավելի հավանական է՝ 20-րդ դարի սկզբին:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Շինությունը կանգուն է, թեև որոշ հատվածներում տանիքը վնասված է կամ փլուզված, պատերին առկա են ճաքեր, իսկ պատերի վերնամասում նկատելի է բուսածածկույթ: Փլուզումներ առկա են նաև հետնամասում՝ պատուհանների հատվածում:
Գրականություն
Մզկիթի մասին մեր տեղեկությունները հիմնվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների, ինչպես նաև սեփական դիտարկումների վրա:
Ստեփանակերտ քաղաք
Արցախ