Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը

Տեղադրությունը

Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը գտնվում է Մարտակերտի շրջանում, Վաղուհաս գյուղից 3- 3,5 կիլոմետր հարավ-արևմուտք, Վաղուհաս գետի ձախ ափին, Լաբան կոչված վայրում (նկ 1, 2)։

Նկ. 1 Կարմիր վանքն արևմուտքից, 2021, լուս․ Մ․ Վանյանի։

Նկ. 2 Վանքն արևելքից, 2017, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու շինարարական արձանագրությունը (նկ․ 3), որը տեղադրված էր եկեղեցու հյուսիսային պատի արևելյան մասում, այժմ գտնվում է վանքի մուտքի մոտ։ Ըստ այդ արձանագրության, վանքը կառուցվել է 1224 թվականին․ «Թիւն ։ՈՀԳ։ (1224) էր․ ես Սա/կռ, որդի Վախտանգ/ա, եղբայր Հասանա շ/ինեցի զեկեղեցիս եւ ե/տու զորդի իմ զԳրիգոր/ս սպասաւոր․ եւ զիմ արկ/ած այգին ի ճաք իւր կատ/ապանովն իմ հոգոյս։ Ո/վ զայն խափանէ՝ յ[Աստուծո]յ՝ ի/ հաւրէ եւ յորդո եւ ի Ս[ուր]բ հոգոյն եւ ։ՅԺԸ։ (318) հայրապետ/ացն անիծեալ եղիցի եւ ի/մ յանցանացն պարտա/կան․ որ իր տարումն է ։Լ։ (30) աւրէն ժամո պարտա/կան եղիցի առ Ա[ստուա]ծ․ ամէն» (ԴՀՎ 5, 116):

Հետագայում վանքը վերանորոգվել է, ինչի մասին վկայում են պահպանված արձանագրությունները։ Դրանցից մեկն պահպանվել է եկեղեցու հյուսիսային պատի կենտրոնական մասում․ «Յիշխանութեան Բարեպաշտ ա/րքաին Ջալալ Դաւլին եւ որդի [ի]ւր/ոյ Իւանոյ Աթաբակին, ես Գրի/[գորի]/ս, որդի Սակռի վերստին շինեց[ի]/ զեկեղեցիս ի թու[ի]ս ։ՉԼ։ 1281 եւ սպասաւ/որք սորա պարտին ի Տարոջ ։Ա։ ժամ/ մեծ հ[ի]նգշաբթին ինձ Գր[իգոր]էս[իս]» (ԴՀՎ 1982,116):

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, եկեղեցուն արևմուտքից կից գավթից, մատուռից, խցերի ու այլ շինությունների ավերակներից։

Շինարարությունն իրականացված է սպիտակավուն և նարնջագույն կրաքարերով, մուտքերի, լուսամուտների խորշերի, խորանների եզրաքարերն ու վիմագրություններ պարունակող սալաքարերը սրբատաշ են։

Կարմիր վանքը հարուստ է վիմական արձանագրություններով, որոնք գտնվում են վանքի պատերին ներքուստ և արտաքուստ ագուցված և բակում գտնվող խաչքարերի վրա։

Եկեղեցին 5,8 մետր երկարությամբ, 3,2 մետր լայնությամբ թաղածածկ ուղղանկյուն սրահ է, կիսաշրջանաձև խորանով (նկ․ 4)։

Նկ․ 3 Վանքի շինարարական արձանագրությունը, 2017, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 4 Եկեղեցին ներսից, 2021, լուս․ Մ․Վանյանի։

Լուսավորվում է խորանից բացվող միակ փոքր լուսամուտով: Ունի երկու մուտք, արևմուտքից՝ գավթից, և հարավային կողմից։

Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին արձանագրված է (նկ. 5)․ «Յանուն Աստուծոյ․/ես վարդպետ եկեղ/եցոյս միաբանեցայ Սուրբ ուխտիս եւ ետուն ի տ/արոջն մի աւր ժամ անխա/փան կատարել» (ԴՎՀ 5, 116)։

Եկեղեցու հյուսիսային պատին արտաքուստ պահպանվել են մի քանի արձանագրություններ․ «Ճշմարիտ քահ/անէք Հովանէս եւ Ն/երսէս շատ ընծէք ե/տուն յեկեղեցիս [ս]պա/սաւորքս տվաք յամէն տարի ։Գ։ աւր ժամ․ կա/տարիչն ա[ւրհն]ի յ[Աստուծո]յ» (ԴՀՎ 5, 117), «Ես Պուլուլ ետու զիմ Գոգին երկիր/ն ի Ս[ուր]բ ուխտս եւ սպասաւորք սորայ/ ետուն ի տարոջն ։Բ։ ժամ․ ով խափան/է իմ մեղացն տէր [է] առաջի Ա[ստուծո]յ» (ԴՀՎ 5, 117, նկ 6)։

Նկ. 5 Եկեղեցու մուտքը գավթից, 2021, լուս․ Մ․ Վանյանի։

Նկ. 6 Եկեղեցու հյուսիսայն պատի արձանագրությունները, 2021, լուս․ Մ․ Վանյանի։

Եկեղեցուն արևմուտքից կցված է ուղղանկյուն հատակագծով գավիթը։ Գավթի հարավային և հյուսիսային պատերի մեջ շինված են խորշեր, որոնցից մուտքեր են բացվում դեպի պատերի մեջ տեղավորված ավանդատները։

Գավթի հարավային խորշի արևմտյան կողին ագուցված է վանքը կառուցող Սակռի արձանագիր տապանաքարը․ «Այս է հանգիստ բարէպա/շտ պատր/ոնին Սակռի/, զոր տացէ/ Քրիստոս սմայ զ/արքաութ[իւն]/ երկնից․ ամէն» (ԴՀՎ 5,120, նկ․ 7)։

Գավթի հյուսիսային պատի խորշի արևելյան կողին ագուցված մի պարզ խաչքարի վրա փորագրված է. «Թ[վի]ն ։ՈԽԵ։ (1196)/ ես Խոցադեղ/ կանգնեցի/ զխաչս. յիշ/էք ի Ք[րիստո]ս զԳրիգորէս/, Սարգիս» (ԴՀՎ 5, 119, նկ․ 8)։

Եկեղեցուց հարավ գտնվում է 4,96 մետր երկարությամբ, 2,90 մետր բարձրությամբ և 4,5 մետր լայնությամբ թաղակապ մատուռը։ Մատուռի մուտքն արևմուտքից է (նկ․ 9)։

Նկ. 7 Եկեղեցու կառուցող Սակռի տապանաքարը, 2021, լուս․ Մ․ Վանյանի։

Նկ. 8 Արձանագիր խաչքար գավթի հյուսիսային խորշի պատին, 2017, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 9 Մատուռի տեսքը արևմուտքից, 2021, լուս․ Մ․ Վանյանի։

Եկեղեցու տարածքում կան արձանագիր և անարձանագիր խաչքարեր ու տապանաքարեր։ Վանքի բակում գտնվող խաչքարերից մեկը նախկինում ագուցված է եղել գավթի արևմտյան պատի պատուհանին որպես կողաքար: Այն վանքի ամենահին թվագրված խաչքարն է, արձանագրությունը հայտնում է.  «Թի/ւն :Շ/ԻԳ: (1074) էր/` մինչ Ջաջ/ուռ՝ Հասան/այ որդիս փ/ոխեցաւ ի  Ք[րիստո]ս/: Ես/ Վաս/ակիկ կ/անգն/եցի/ զխ/աչս: Յաղաւթս/ յիշեաք ի Ք[րիստո]ս» (Պետրոսյան 2008, 114, հմմտ. ԴՀՎ 5, 119, որտեղ արձանագրությունը թերի է, Ս. Բարխուդարյանը վրիպել է և թվականը` :Շ:-ի փոխարեն կարդալով :Չ:, նկ․ 10):

Նկ. 10 1074 թվականի արձանագիր խաչքարը, 2017, լուս․ Մ․ Վանյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Վանքը 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։

Գրականություն

1․ Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895։

2․ ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, Երևան, 1982:

3․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:

4․ Պետրոսյան 2008 – Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Փրինթինֆո:

Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը
Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը
Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը
Արցախ