Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները

Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն իր քանդակային պատկերագրական համակարգով  և գեղարվեստական ոճով բացառիկ է միջնադարյան հայկական ճարտարապետության և արվեստի պատմության մեջ (նկ. 1)։ Հովհարաձև վեղարով գմբեթը հիմնված է բազմանիստ թմբուկի վրա, որի 16 նիստերից յուրաքանչյուրն ավարտվում է փոքրիկ ճակտոնով, իսկ կողերը շեշտված են բարձրադիր կիսասյուների փնջերով, որոնք իրենց հերթին ավարտվում են քանդակազարդ խոյակներով (նկ. 2)։

Նկ. 1 Գմբեթի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 2 Գմբեթի արևմտյան նիստերը հյուսիս-արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նիստերից ութի պատի հոծ զանգվածը  թեթևացնում են եռանկյունի հատակագծով արտաքին որմնախորշերը, որոնց խորքում տարբեր քանդակներ կրող և հաճախ  նրբորեն քանդակազարդված  կիսասյուներ են։

Մյուս նիստերը հարթ են, որոնցից չորսում բացվում են թմբուկի նեղ ու բարձր լուսամուտները։ Վերջիններս էլ պարագծված են նուրբ զարդաքանդակներով ծածկված ուղղանկյուն շրջանակներով: Լուսամուտներից վեր տեղադրված են վարդյակներ կամ թեմատիկ հարթաքանդակներ։

Մնացած չորս՝ հարավարևելյան և հարավարևմտյան նիստերում բացված են կլոր լուսամուտներ՝ ներգծված լայն ու խոր երիզ ունեցող քանդակազարդ շրջանակներով։

Նիստերից մեկը զուրկ է լուսամուտից, այն պարզապես զարդարված է ժանյակահյուս զարդաքանդակ վարդյակով։ Դեկորատիվ նման հարուստ ճարտարապետա-տարածական  լուծումների և  բուսա-երկրաչափական քանդակազարդերի հետ մեկտեղ, եկեղեցու հարդարման պսակն են կազմում գմբեթի թմբուկի հիմնական իմաստաբանական ծանրաբեռնվածությունը կրող պատկերաքանդակները, որոնք նիստերին դասավորված են որոշակի հերթականությամբ և ներկայացնում են Խաչենի իշխանական տան քրիստոնեական պատկերագրությունը՝ գրեթե այնպես, ինչպես որ այն համառոտված է եկեղեցու կառուցման արձանագրության մեջ. նվիրվածությունը համաքրիստոնեական պատմությանն ու կատարածաբանությանը,  ծնողների պատգամներին և աստվածային երկյուղածությանը: Պատկերագրական շարքն սկսվում է արևմտյան ճակատից։ Հարկ է նշել, որ այստեղ թմբուկի նիստի հորինվածքը ներառված է ավելի ընդարձակ կոնտեքստի մեջ՝ ընդգրկելով արևմտյան ճակատի խաչելության եզակի հորինվածքը նույնպես (նկ. 3):

Նկ․ 3 Գմբեթի արևմտյան կենտրոնական նիստի և եկեղեցու արևմտյան ճակատի հորինվածքները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Մինչև գավթի հավելումը, եկեղեցու արևմտյան ճակատն ամբողջովին դիտելի էր և ներկայանում էր ուղղահայաց դասավորված երեք հորինվածքով՝ Խաչելությունը (նկ. 4), մեղսագործությունը և Արդար դատաստանը (նկ. 5): Այն կարծես ամփոփումն էր այն աստվածանվեր գործունեության, որ լեռնաշխարհում ծավալել էր Խաչենի իշխանական տունը: Կենտրոնական այս առանցքից աջ և ձախ նիստերի վրա պատակերված են ծալապատիկ նստած նույնադեմ, բեխ-մորուքով և նույնազգեստ և նույնահարդար երկու տղամարդ, որոնք գլխավերևում պահում են եկեղեցու մեկական մանրակերտ (նկ. 2, 6, 7):

Նկ. 4 Եկեղեցու արևմտյան ճակատի խաչելության հորինվածքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 6 Վախթանգ իշխանը եկեղեցու մանրակերտով, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 9 Հյուսիսային ճակատի մանրակերտը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 5 Գմբեթի արևմտյան կենտրոնական նիստի հորինվածքները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 7 Հասան իշխանը եկեղեցու մանրակերտով, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Հետազոտողների կարծիքով դրանք եկեղեցու կառուցման պատվիրատուներ Հասան Ջալալ Դոլայի և նրա որդի Աթաբակի քանդակներն են (Якобсон 1977, 67)։ Նկատենք, որ եկեղեցու կառուցման արձանագրության մեջ Աթաբակն ընդհանրապես չի հիշատակվում: Փոխարենը հատուկ հիշատակվում է Հասանի հայր Վախթանգը և եկեղեցի կառուցելու նրա պատվիրանը («Ես, նուաստ ծառա Ա[ստուծո]յ Ջալայ(լ) Դաւլայ Հասան, որդի Վախտանգա ... Զի հայր իմ ի վախճան կենաց ելից| իւր աստեացս անդարձ՝ կտակի հաստատեաց ինձ եւ մաւր իմ Խորիշահի, որ էր դուստր մեծ իշխանաց իշխանին Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատան հարց մերոց ի Գանձասար», հմմտ. ԴՀՎ 5, 38, Ուլուբաբյան 1981, 87-88): Ավելի քան հավանական է, որ ի դեմս պատվիրատուների գործ ունենք Վախթանգի և Հասանի հետ: Նորից հետևելով հայր-որդի հերթագահությանը, ավելի քան հավանական է, որ ձախ կերպարը ներկայացնում է  Վախթանգին (նկ. 6), աջը՝ Հասանին (նկ. 7): Սա հիմնավորվում է և այն հանգամանքով, որ Հասանի բռնած մանրակերտը շատ ավելի է հիշեցնում Գանձասարի եկեղեցին՝ դիտված արևմուտքից: Ինչ վերաբերում է Վախթանգի մանրակերտին, ապա Ներքին Խաչենի տարածքում միակ կանգուն համաժամանակյա գմբեթավոր եկեղեցին Պողոսագոմերի Սուրբ Աստվածածինն է (նկ. 8), որը, արձանագրության համաձայն, կառուցվել է հենց Վախթանգի իշխանության տարիներին (ԴՀՎ 5, 91): Գանձասարի տաճարի թմբուկի մանրակերտերը՝ կառուցողների պատկերաքանդակների հետ պատկանում են նվիրատվական խմբին, որոնք հանդիպում են Հայաստանի և այլ վանքերում (Աղթամար, Հաղպատ, Սանահին, Հառիճավանք, Հաղարծին և այլն)։ Գանձասարի եկեղեցում հանդիպում է նաև մանրակերտի՝ ճակտոնազարդ ծառայող տեսակը: Շենքի բոլոր չորս ճակտոնների գագաթները զարդարում են միմյանցից տարբեր մանրակերտներ, որոնք պատկերում են փոքրիկ գմբեթներ (նկ․ 9): Նման ճակտոնազարդերը նույնպես բավական տարածված են ժամանակի ճարտարապետական այլ համալիրներում (Հառիճավանք, Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր, Գեղարդ և այլն)։

Նկ. 8 Պողոսագոմերի Սուրբ Աստվածածին եկեղեցին, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Գմբեթի պատկերագրական շարքը շարունակվում է արևմուտքից հարավ ուղղությամբ, և հաջորդ պատկերաքանդակները ներկայացնում են ծնկաչոք, ձեռքերն աղոթողի դիրքում պարզած կանանց (նկ 10): Նրանց գլխավերևում պատկերված են «հուշկապարիկներ», իսկ երկու ճակտոններին՝ Աստվածածինը մանկան հետ: Նորից հետևելով եկեղեցու կառուցման արձանագրության տրամաբանությանը, ավելի քան հավանական է, որ այստեղ պատկերված են Հասանի մայր Խորիշահը («Զի հայր իմ ի վախճան կենաց ելից| իւր աստեացս անդարձ՝ կտակի հաստատեաց ինձ եւ մաւր իմ Խորիշահի, որ էր| դուստր մեծ իշխանաց իշխանին Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզ|մանատան հարց մերոց ի Գանձասար, զոր սկսեալ մեր :ՈԿԵ: (1216)  թվին հայոց աւգնութ[եամ]բ բարերարին: Եւ ի խփել լուսամտին արեւելից մայրն իմ կրաւ֊նաւորեալ չոգաւ յԵրուսաղեմ եր|րորդ անգամ եւ անդէն ի դրան Յարութե[ան] խար[ա]զանազգեաց ճգնութ[եամ]բ, բազմամեա| ժուժկալութ[եամ]բ հանգեաւ ի Ք[րիստո]ս| լուսո վկաութ[եամ]բ եւ անդէն պահեցաւ» (հմմտ. ԴՀՎ 5, 38, Ուլուբաբյան 1981, 87-88) և նրա կին Մամքանը: Պատկերագրական շարքն ապա շարունակվում է կենդանական քանդակներով՝ ցլի, արծվի, խոյի քանդակներով (նկ. 11, 12, դրանց առաջին երկուսը ընդմիջարկվում են խաչելության հորինվածքով), որոնք խորհրդանշում են Խաչենի իշխանության և նրա տերերի մարտական-ռազմական կարողությունները:

Նկ․ 10 Գմբեթի հարավայաին նիստերը՝ Խորիշահի և Մամքանի քանդակներով, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 12 Խոյի գլխաքանդակ, արևելյան նիստերից մեկի վրա, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 11 Ցուլի գլխաքանդակ, արևելյան նիստերից մեկի վրա, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Ինչպես տեսնում ենք, Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի քանդակները ոչ միայն ճարտարապետական հարդարանքի բացառիկ օրինակ են, այլև ունեն իմաստավորված բովանդակություն։ Դրանց իմաստաբանության առաջին մեկնաբանողը Անատոլի Յակոբսոնն է, որը հատուկ անդրադարձել է նաև ադրբեջանցի «մասնագետների» զեղծարար ու հակագիտական հրապարակումներին (Якобсон 1977, 75,76)։

Գանձասարի գմբեթի պատկերաքանդակների շարքը մի կարևոր նորամուծություն էր, ինչը համապատասխանում է ժամանակի ոգուն՝ երբ զուտ դավանական-եկեղեցականին զուգահեռ ներդրվում էր և քաղաքական-ազատագրական բաղկացուցիչը՝ դավանականը համադրելով քաղաքական ձեռքբերումներին:

Գրականություն

  1. ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երևան, 1982:
  2. Ուլուբաբյան 1981 – Ուլուբաբյան Բ., Գանձասար, «Հայաստան» հրատ., Երևան:
  3. Якобсон 1977 - Якобсон А., Из истории армянского средневекового зодчестваВестникобщественных наук, №12․
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները
Արցախի հանրապետության Մարտակերտի շրջան
Արցախ