Գիշիի «Ոսկե խաչ» սրբավայրը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի հարավ-արևմտյան եզրամասում։ 2023 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

«Ոսկե խաչ» հուշարձանի մասին գրավոր տվյալները սակավաթիվ են։ Այսպես, Մ․ Բարխուտարյանցը նշում է․ «Այս անուամբ կոչուում է այն վաղեմի սրբավայրն, որ կայ գիւղիս աղբիւրի մօտ, ջրաձորի աջ ափում և որ ունի այժմ  քառակուսի  ձև,  քարուկիր շինուած։ Այժմ բաց է շինութեանս գլուխն և մի ծերունի թքեռնի ծառ բուսած է սրբավայրիս մէջ, ուր կայ և մի քարեայ խաչ, որի վերայ վառում են մոմեր։ Դրան սեմի վերայ. «Թվ. :ՌՅ: յիշատակս յօրինեցաք Սայեամ կամ (և) Բաղդասար Յարութիւնեան Բաղրեանց»։ Սրբավայրիս մօտ եղած հին հանգստարանում. «Այս է տապան Պակնայզարի որդի Աղաբէկ քոխային ։ՌՃՀԲ։ (1723)» (Բարխուտարեանց 1895, 12)։

Ներկայացնելով Գիշի գյուղի հնությունները՝ Դիվան հայ վիմագրության 5-րդ հատորում նշվում է․ «Գյուղի եզրին, ձորակի աջ ափին, աղբյուրի մոտ կա մի  մատուռ, որը կոչվում է «Ոսկյանց խաչ» և շինված է 19-րդ դարում, բայց մոտի գերեզմանատունն ավելի հին է» (ԴՀՎ 5, 159)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

«Ոսկե խաչ» պաշտամունքային շինության հետքերն այժմ նշմարելի չեն (նկ․ 1): Ելնելով Մ․ Բարխուտարյանցի տվյալներից՝ կարելի է եզրահանգել, որ մատուռը կառուցված էր «Ոսկե խաչի» անմիջապես ծառերի տակ գտնվող երկրորդ աղբյուրի տեղը կամ հարևանությամբ (նկ․ 2), ուր պահպանվել են գերեզմանաքարեր (նկ․ 3):

Նկ. 1 «Ոսկե խաչ» սրբատեղի-աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի։

Նկ. 2 «Ոսկե խաչ» -ի երկրորդ աղբյուրը, լուս․՝ Հովհաննիսյանի։

Նկ. 3 «Ոսկե խաչ» նախկին մատուռի շրջակայքում պահպանված գերեզմանաքարերը, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի։

Գիշեցի մեծահարուստ Պողոս Ղահրամանյանի նախաձեռնությամբ  19-րդ դարի վերչին կառուցվում է սրբավայրի աղբյուրներից մեկը (նկ. 4), որի պատում ներդրված սալաքարին պատկերված է մալան և բահը ձեռքին վարպետը և փորագրված է հետևյալ արձանագրությունը. «Յիշատակս/ յօրինեցաւ ի/ ուստա Պօղօս/է Ղահրմանեանքա» (նկ․ 5):

Սրբավայրի անվան հետ կապված պահպանվել է մի ավանդազրույց, որի համաձայն «Շրմանա» քերծի վրա գտնվող հին գյուղի բնակիչներից մեկը՝ Աղաբեկ անունով սափորներով գինի էր բերում և հյուրասիրում ինչպես օտարներին, այնպես էլ համայնքի անդամներին: Լավ ավանդույթը շարունակում է գյուղի փորձառու որսկաններից մեկը՝ Որսապետ Ոսկանը: Նա իր որսն ամեն անգամ բերում էր ներկայիս «Ոսկե խաչ» տեղանքը, խորովում և գինու հետ մեկտեղ գնացող-եկողներին հյուրասիրում: Ոսկանը, գոհ իր կյանքից, այդ վայրում ամեն օր խաչակնքում էր երեսը և աստծուց հաջողություն, առողջություն, երջանկություն խնդրում: Ոսկանի բարության մասին գիտեին նաև հարևան գյուղերում: Նրա մասին միշտ գովասանքի խոսքեր էին ասում: Նրա մահից հետո տեղանքը համագյուղացիներն անվանում են Ոսկանի խաչակնքման վայր: Հետագայում, հնչյունափոխվելով, այն ձեռք է բերել «Ոսկե խաչ» անվանումը (ԱրՊՀ ՀԿ):

«Ոսկե խաչ»-ի ծառերից երկուսի փչակներում մոմեր էին վառում (նկ․ 6): Գիշու և նրա շրջակա բնակավայրերից աքաղաղ կամ ոչխար են բերում և զոհաբերում սուրբ ծառերին:

«Ոսկե խաչ» տեղանունն է կրում նաև մոտակա գերեզմանոցը։ Այստեղ պահպանվել է մի տապանաքար՝ կանգնեցված 1908 թվականին (բարձրությունը 3 մետր, լայնությունը՝ 1,34 մետր), որի  մասին պատմական ստույգ տվյալներ է հաղորդում նրա վրա զետեղված ռուսերեն արձանագրությունը․ «Дер Хачатур Тер-Григорьянц, прадед академика Самвела Самвеловича»  («Դեր Խաչատուր Տեր-Գրիգորյանց  ակադեմիկոս Սամվել Սամվելովիչի նախապապը») (նկ․ 7, 8)։ Տապանաքարն իր կառուցվածքով ու ձևավորումներով միակն է գերեզմանոցում։ Ունի ուղղաձիգ կառուցվածք, գագաթնամասում՝ քարե խաչով։ Սպիտակ, կարծր կրաքարից է (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Նկ. 6 «Ոսկե խաչ»-ի ծառերից մեկը, որի փչակներում մոմեր են վառում, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի։

Նկ. 7 «Ոսկե խաչ» գերեզմանոցի 1908 թվականի տապանաքարը, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի։

Նկ. 8 1908 թվականի տապանաքարի արձանագրությունը, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Հուշարձանը մինչև պատերազմը բարվոք վիճակում էր։ Հուշարձանի ներկա վիճակի մասին  տեղեկությունները  բացակայում են։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։

2․ Դիվան 1986 -  Դիվան հայ վիմագրության, մաս 5-րդ, Արցախ։

3. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - ԱՀ ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի վկայագիր։

4․  ԱրՊՀ ՀԿ - Արցախի Պետական համալսարանի հայագիտական կենտրոն։

Գիշիի «Ոսկե խաչ» սրբավայրը
Գիշիի «Ոսկե խաչ» սրբավայրը
Գիշիի «Ոսկե խաչ» սրբավայրը
Արցախ