Գյուլաթաղ-Վարդաձորի Մելիք Ալավերդյանների ամրոց-ապարանքը

Տեղադրությունը

Մելիք-Ալավերդյանների ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղում։ Ապարանքի կառուցապատման համար հիմք է ծառայել ժայռոտ բլրի գագաթային հատվածը։ Ապարանքը հատվածաբար պահպանվել է և ներառվել 20-րդ դարի կեսերին կառուցված դպրոցական շենքի պատերի մեջ։ Ներկայումս այն օկուպացված է Ադրբեջանի կողմից (նկ. 1):

Նկ․ 1 Գյուլաթաղի ապարանքի տեսքը հարավ արևելքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական համառոտ ակնարկ

Ապարանքի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Այն ավելի կանգուն և բարվոք վիճակում տեսել և նկարագրել են Րաֆֆին (Րաֆֆի 1987, 283,284) և Մ․Բարխուդարյանցը։ Այս ժամանակ դեռևս՝ «դրան հիւսիսային սեմի վրայ» պահպանված էր 1799 թվականի շինարարական արձանագրությունը, որ արտագրել և ներկայացրել է Բարխուդարյանցը․ «Այս է Մէլիք Առուշան թվ․ ՌՄԽԸ» (Բարխուտարեանց 1895, 215)։ Նույն հեղինակը վկայում է նաև, որ ապարանքը կառուցող Մելիք Առուշանը Ջրաբերդի դրածո մելիք, գյուլաթաղցի Ալահվերդի յուզբաշու որդին էր (Բարխուտարեանց 1907, 120)։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ապարանքը զբաղեցնում է վերոնշյալ բլրագագաթի դարավանդաձև հարթությունը, որի եզրերով կառուցված են պարիսպներ։ Հատակագծում ապարանքը չորս անկյուններում բոլորաձև, սնամեջ աշտարակներով ամրացված՝ արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյան տեսք ունի (նկ. 2)։ Դպրոցի շենքի կառուցման ժամանակ որոշ չափով խաթարվել է ապարանքի կառուցվածքը։ Համեմատաբար լավ են պահպանվել կառույցի հարավային կողմի երկու՝ մինչև 3,0 մետր բարձրությամբ աշտարակները (նկ. 3)։ Սրանցից արևմտյանը ծածկված է եղել գմբեթաթաղով, որը մասամբ պահպանվել է։ Հյուսիսային կողմում մնացել են միայն աշտարակների հիմքերը, իսկ պարսպի արևմտյան կեսը քանդվել է՝ դպրոցի համար մուտք բացելու նպատակով։ Ժամանակին այստեղ է եղել նաև ամրոց-ապարանքի մուտքը, քանի որ մյուս կողմերում պարսպապատերի մեջ բացվածքի հետքեր չկան։ Չնայած վատ պահպանվածությանը, ակնհայտ է, որ ապարանքը շեշտված պաշտպանական բնույթ է ունեցել․ պատերը հաստ են, աշտարակները կառույցի չափերի համեմատ խոշոր են և արտահայտված (արտաքին տրամագիծը 4,8 մետր)։ Այս հանգամանքներով է, թերևս պայմանավորված, որ ապարանքը առավելապես հայտնի է որպես Մելիք-Ալահվերդյանների ամրոց։

Նկ․ 2 Գյուլաթաղի ապարանքի հատակագիծը, չափագրությունը, ըստ Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան 2001թ. գրքի, էջ 87:

Նկ․ 3 Ապարանքի աշտարակներից մեկը, լուս․՝ Արցախի շտեմարանի:

Ցավոք ապարանքի ներքին շինությունները նույնպես ավերվել են ։ Կան Բարխուդարյանցի և Րաֆֆու նկարագրությունները։ Բարխուդարյանցը նշում էր հինգ սենյակների մասին, որոնցից երկուսը իր այցելության ժամանակ կանգուն են եղել, երեքը՝ կիսավեր (Բարխուտարեանց 1895, 215)։ Իսկ Րաֆֆու վկայությամբ պահպանված մի քանի թաղածածկ սենյակներում 19-րդ դարի վերջին բնակվում էին Մելիք-Ալահվերդյան տոհմի ներկայացուցիչները (Րաֆֆի 1987, 283-284)։ Համադրելով վերոնշյալ տեղեկությունները պահպանված հատակաձևի հետ և նկատի ունենալով մելիքական ապարանքների հորինվածքային ընդհանրությունները, Ա․ Ղուլյանը (Ղուլյան 2001, 87) ներկայացրել է կառույցի հատակագծային վերակազմությունը (նկ․ 4)։ Ներսում կառուցապատումն իրականացվել է արևելյան և արևմտյան պարսպապատերին կից հատվածներում։ Արևմտյան կողմում եղել են երկու, իսկ արևելյանում՝ երեք սենյակներ ։ Բոլոր սենյակները վերակազմվում են թաղածածկերով և բացվել են դեպի նախասրահ-երեսբաց սրահներ, որոնց միջոցով էլ կապ են պահպանել ներքին բակի հետ։ Սենյակները պատերում ունեցել են որմնախորշեր և բուխարիներ, իսկ պատուհանները եղել են բակահայաց ճակատում։

Ապարանքը կառուցված է կոպտատաշ որձաքարով՝ կրաշաղախի կիրառությամբ (նկ․ 5)։

Այսպիսի լուծումներ են ունեցել համաժամանակյա բոլոր մելիքական ապարանքները (https://monumentwatch.org/):

Նկ․ 4 Մելիք Ալավերդյանների ապարանքի հատակագծի վերակազմությունը, ըստ Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան 2001թ. գրքի, էջ 87։

Նկ․ 5 Ապարանքի պահպանված պատերի ավերակներից, լուս․՝ Արցախի շտեմարանի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց , Արցախ, տպարան «Արօր», Բագու։
  2. Բարխուտարեանց 1907 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Պատմութիւն Աղուանից, հ. Բ, Թիֆլիս։
  3. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
  4. Րաֆֆի 1987 - Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. 9 (Երկու ամիս Աղվանից և Սյունյաց աշխարհներում, Խամսայի մելիքություններ), Երևան։
  5. https://monumentwatch.org/hy/monument/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1/
Գյուլաթաղ-Վարդաձորի Մելիք Ալավերդյանների ամրոց-ապարանքը
Գյուլաթաղ-Վարդաձորի Մելիք Ալավերդյանների ամրոց-ապարանքը
Գյուլաթաղ-Վարդաձորի Մելիք Ալավերդյանների ամրոց-ապարանքը
Արցախ