Դահրավ գյուղի որմնափակ խաչքարը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի հյուսիսային եզրին՝ «Փռշնու նահատակ» վայրում։ Ստեփանակերտից հեռու է 25 կիլոմետր։
2023 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Որմնափակ են կոչվում այն խաչքարերը, որոնք ներառվում են հատուկ կառուցված քարե խորանի մեջ: Դրանց առաջին օրինակները երևան են եկել 11-րդ դարում՝ Անիում և շրջակայքում, ապա 12-14-րդ դարերում տարածվել արևելյան և կենտրոնական Հայաստանում (Պետրոսյան 2008, 121, Կարապետյան 1983, 34): Խաչքարի «ճարտարապետականացումը» և դրանով իսկ հիշատակի զանազան ծեսերի, աղոթքի ու երկրպագության համար ավելի մատչելի ու հարմար պայմանների ապահովումը նախ և առաջ վկայում նրա ծիսական գործառույթների ընդարձակման մասին։ Որմնափակ խաչքարերը լայն տարածում գտան հատկապես 13-րդ դարում (Պետրոսյան 2008, 143; Պետրոսյան, Երանյան 2022, 32):
Հ․ Պետրոսյանը գտնում է, որ ամենաառաջին որմնափակ խաչքարերը Խծկոնքի և Ցաղաց Քարի խաչքարերն են (Պետրոսյան 2008, 119-121)։ Ս․ Կարապետյանը՝ նկատի ունենալով արձանագրական որոշ տեղեկություններ, որոնք չեն պահպանվել, ենթադրել է, որ որմնափակ խաչքարերից հնագույնները ստեղծվել են Արցախում (Կարապետյան 1983, 35-36): Ըստ հետազոտողի Արցախում պահպանվել են (հայտնի են) թվով 9 որմնափակ խաչքար, Սյունիքում' 7, իսկ Այրարատում' 16 (Կարապետյան 1983, 34)։
Դահրավի որմնափակ խաչքարերի մասին որոշ տեղեկություն են հաղորդում Մակար Բարխուդարյանցը և Սարգիս Ջալալյանցը։
Ս․ Ջալալյանցը գրում է․ «Դահրաւ է գիւղ Հայոց․ տունք են երեսուն, ունի զեկեղեցի, առ սովաւ է գեղեցկաշեն մահարձան կանգնեալ ʼի Հասանայ որդոյ Վասակայ ʼի վերայ Գուրգենայ և Ուքանայ ʼի թուին Հայոց ։ՉԻ։ ին․․․» ( Ջալալեանց 1858, 343)։ Մինչդեռ համաձայն Մ․ Բարխուտարյանցի զույգ խաչերի գլխակալ քարի վերևում գրված է․ «թվ. ՉԻԵ. (1276) ես Հասան որդի Վասակայ կանգնեցի զխաչս եղբաւր իմոյ Ջուրճին Ուքանայ ի փրկութիւն հոգւոյ. ով կարդէք, յիշեցէք ի Տէր» (Բարխուտարեանց 1895, 156-157)։ Այսինքն, ոչ թե 1271 ու « Գուրգենու ու Ուքանայի», այլ 1276 թվականին և մի եղբոր՝ Ջուրջին Ուքանայի հոգու փրկության համար։
Նույն 1276 թիվը ներկայացված է Դիվան հայ վիմագրության 5-րդ հատորում, ինչպես նաև Շ․ Մկրտչյանի, Ս․ Կարապետյանի, Հ․ Պետրոսյանի աշխատանքներում (ԴՀՎ 5, 144; Мкртчян 1988; Կարապետյան 1983, 34; Պետրոսյան, Երանյան 2022, 35)։
Ճարտարապետա-հորինվածքային քննությունը
Հուշարձանը Դահրավ գյուղի գլխավոր սրբավայրերից է։ Բուն սրբատեղին, որի վերնամասում (հարավ-արևելք) տեղադրված է որմնափակ խաչքարը՝ գեղեցկահյուս զարդաքանդակներով, կոչվում է «Փռշնի նահատակ», որտեղ պահպանվում են հոգևոր շինության մատուռի մնացորդները։ Անցյալում այստեղ կանգնած են եղել երեք որմնափակ խաչքարեր, այժմ միայն մեկն է կանգուն (նկ․ 1, 2, 3, 5):
Դահրավի որմնափակ խաչքարը գտնվում է գյուղից ոչ հեռու, Նահատակ կոչված մատուռի մոտ։ Հուշարձանը գտնվում է բարձր բլրի վրա, որը հարավային կողմից երիզված է քարաժայռերով, որոնք անմատչելի են դարձնում բլուրն այղ կողմերից: Կոթողը կանգնեցված է գետնախարսխի վրա, որն արևելյան ու հարավային մասերում երկաստիճան է: Հուշարձանի ծածկը իրականացված է եղել երկթեք տարբերակով (Կարապետյան 1983․ 36-37): Կոթողի զույգ խաչքարերի գլխին դրված կիսաշրջանաձև բարավորի վրա առկա է վեց տողանոց հետևյալ արձանագրությունը․ «Ի թվ(ին) :ՉԻԵ: ես Հաս/ան որդի Վասակա կանգ/նեցի զխաչս եղբաւր իմ/ Ջուրջին Ուքանայ՝ ի փրկու/թի[ւն] հոգոյ. ով կարդէք/ [յի]շեք ի տ[է]ր» (նկ․ 4)։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափումից հետո տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․ Թիֆլիս, գիրք 2։
2․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
3․Կարապետյան 1983 - Կարապետյան Ս․ Արցախի որրմնափակ խաչքարերը, «Էջմիաձին»,հատոր 40, համար 8։
4․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. բարխուդարյան, Երևան, 1982։
5․ Мкртчян 1988 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван:
6. Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ․ Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան։
7. Պետրոսյան, Երանյան 2022 - Պետրոսյան Հ․, Երանյան Ն․ Արցախի կոթողային մշակույթը, Երևան։
Դահրավ գյուղի որմնափակ խաչքարը
Արցախ