Թաղավարդի «Հին Թաղավարդ» եկեղեցին
Տեղադրությունը
Թաղավարդ գյուղը գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) hանրապետության Մարտունու շրջանում։ Այն հարուստ պատմաճարտարապետական հուշարձաններ ունեցող գյուղերից է և բաժանված է Վերին և Ներքին մասերի։ Հին կամ Ներքին Թաղավարդի եկեղեցին գտնվում է «Գյունե» կոչվող թաղում (նկ․ 1)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Եկեղեցին հատակագծային և ծավալատարածական հորինվածքով միանավ սրահ է, որն արևելքում ավարտվում է կիսակլոր աբսիդով։ Խորանի երկու կողմերում ավանդատներ կան։ Աբսիդի պատերի մեջ բացված են պատրհաններ (նկ․ 2)։ Թաղակապ ծածկն իրականացվել է կոշտացնող երեք կամարների միջոցով, որոնք հենված են սրահի երկայնական պատերին հպված որմնասյուների վրա (նկ․ 3)։ Եկեղեցին ունեցել է երկլանջ տանիք։ Մուտքը բացված է հարավային պատի մեջ։ Այն խորադիր է և որպես ճակատալ օգտագործված է խաչային հորինվածքներով զարդարված 17-18-րդ դարերի տապանաքար (նկ․ 4)։ Սա և պատերի մեջ ընդելուզված այլ տապանաքարերը վկայում են, որ այն 19-րդ դարում ենթարկվել է վերանորոգումների: Եկեղեցու արևմտյան և արևելյան պատերի մեջ բացված են մեկական՝ բավական նեղ պատուհաններ։ Կառույցի պատերը շարված են անմշակ կրաքարով, կրաշաղախով։ Մշակված քարերով են շարված միայն եկեղեցու «պատասխանատու» հանգույցները (կոշտացնող կամարներ, որմնամույթեր, անկյունաքարեր)։ Ներքին պատերը սվաղված են։ Եկեղեցին, հավանաբար, վերակառուցվել է 17-18-րդ դարերում (Մկրտչյան 1985, 170)։ Դրա մասին են խոսում պատերի շարվածքում վերաօգտագործված՝ ավելի վաղ շրջանին պատկանող, խաչային հորինվածքներ կրող քարերը (նկ․ 5)։ Եկեղեցու ավերակների մեջ գտնվել է արձանագրություն կրող, դռան ճակատակալ քար։ Արձանագրության մեջ ասված է․ «Ես անարժան Գրիգորս շինեցի Թաղավարդու եկեղեցին առաջնորդութիւն Տաւութին որդին, այն Պապասին Ամիրպեկին, այնպէս սէրուն էր, որ գիշերն քուն չկէ» (Բարխուտարեանց 1895, 89)։ Եկեղեցու շուրջը սփռված են բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր։
«Հին Թաղավարդ» եկեղեցու ինչպես հորինվածքային տիպը, այնպես էլ կառուցման եղանակը շատ բնորոշ է Արցախի զարգացած և ուշ միջնադարի եկեղեցական ճարտարապետությանը (Киракосян 2023, 249-264 )։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
«Հին Թաղավարդ» եկեղեցին, ընդհանուր առմամբ կանգուն, բայց շատ վթարային վիճակում էր պատերազմից առաջ։ Թաղն արևմտյան հատվածում փլված էր և թափված՝ ներսում։ Պատերում առկա են խորը ճաքեր, որոնք սպառնում են կայունությանը։ Կառույցն ամբողջովին «թաղված» է առատ բուսականության մեջ։ Տանիքի խոտածածկույթը արմատներով մխրճվում է կրաշաղախի մեջ՝ քայքայման վտանգ առաջացնելով։ Կառույցի ինչպես ներսում, այնպես էլ դրսում պեղման և մաքրման աշխատանքների կարիք կար։ Իրավիճակը պատերազմից հետո չի փոխվել։ Եկեղեցին, այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Գրականության ցանկ
1.Բարխուտարեանց 1895 - Մակար եպ Բարխուտարեանց, Արցախ, Տպարան «Արօր», Բագու։
2․ Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
3․Киракосян 2023 - Киракосян Л., Композиция сводчатого зала в архитектуре Арцаха Армянский гуманитарный вестник, 1(10) Арцах, Ереван.
Թաղավարդի «Հին Թաղավարդ» եկեղեցին
Արցախ