Իգակուց կամուրջը
Տեղադրությունը
Իգակուց կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից 2,2 կմ հյուսիս-արևմուտք՝ Իգակն գետի վրա (նկ․ 1)։


Նկ․ 1 Իգակուց կամուրջը, լուս․ Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարանից։
Պատմական ակնարկ
Կամրջի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Այս պատճառով էլ անհայտ է կամրջի ստույգ թվագրությունը (նկ․ 2)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Կամուրջն ունի միաթռիչք հորինվածք։ Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, կրաշաղախով։ Եզրային հատվածները հենվում են բնական ժայռաբեկորների վրա (նկ․ 3)։ Թռիչքի երկարությունը 4,43 մետր է, լայնությունը՝ 2,56 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,55 մետր (նկ․ 4, Կարապետյան 2009, 58)։

Նկ․ 3 Կամրջի եզրային հատվածը լուս․ Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարանից։

Նկ․ 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Կարապետյանի։

Նկ․ 4 Կամրջի չափագրությունը, հեղինակ Ս․ Կարապետյան։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Չնայած վթարային վիճակին, Տումիի Իգակուց կամուրջը պատերազմից առաջ եղել է կանգուն և ամբողջական։ Պատերազմից հետո վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Մատենագրական քննություն
Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Արցախի կամուրջները» գրքում կամուրջը անվանում է «Հայկազն (Երի Իգյակուց)», իսկ հավանական թվագրությունը համարում է 15-16-րդ դարերը (Կարապետյան 2009, 58)։ Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարանում կամուրջը թվագրված է 12-13-րդ դարերով։ Այլ մատենագրական տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Կարապետյան 2009 - Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
2․ Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Կամուրջ «Իգակուց»,
http://monuments.nk.am/pages.php?al=home&id=343&act1=more&act=filter&mtype=81®ion=2&city=%D5%8F%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB , 02․09․2022։
Հադրութի շրջանի
Արցախ