Խաչենագետի հովտի ուշ բրոնզե դարի դամբարանները

Տեղադրություն
Դամբարանները գտնվում էին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Առաջաձոր, Քոլատակ, Թբղլու և Վանք  գյուղերի միջև, Խաչեն գետի աջ և ձախ ափերին։ 2023 թվականից տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Հուշարձանախմբի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ պահպանվել են Ա. Իվանովսկու աշխատությունում (Ивановский  1911, 143-151)։

Հնագիտական հետազոտություն

1880-1890-ական թվականներին Վոլդեմար Բելքը (Գետաբեկի պղնձաձուլական գործարանի քիմիկոս)  և Էմիլ Ռյոսլերը (Շուշիի ռեալական ուսումնարանի դասախոս) հնագիտական ուսումնասիրություններ են իրականացրել Ելիսավետպոլի նահանգում (Բելքը՝ Գետաբեկում, Ռյոսլերը՝ Ղարաբաղում)։ Գերմանական գիտական հրատարակություններում, մասնավորապես «Verhandlungen der Berliner Gesellschaft für Anthropologie, Ethnologie und Urgeschichte» հանդեսում, Վ․ Բելքի և Է․ Ռյոսլերի նյութերի հրապարակումից հետո՝ Կայսերական Մոսկովյան հնագիտական ընկերությունը՝ հնագիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով, 1896 թվականին Ելիզավետպոլի նահանգ գործուղեց իր անդամ Ա. Իվանովսկուն։ Հետազոտությունների հիմնական խնդիրն էր նահանգի տարածքում գտնվող թաղումների պեղումներն ու դրանց մշակութային պատկանելության պարզաբանումը։ Առաջաձոր գյուղում Ա․ Իվանովսկին մտադիր էր պեղել կալվածատեր Մ. Դոլուխանովին պատկանող հողամասերում գտնվող դամբարանաբլուրները, սակայն վերջինիս կողմից յուրաքանչյուր դամբարանաբլուրի համար պահանջված բարձր վճարի պատճառով հրաժարվեց այդ մտադրությունից։

Շրջակա տարածքի ուսումնասիրության ընթացքում Ա. Իվանովսկին պարզեց, որ Առաջաձոր, Վանք, Քոլատակ և Թբղլու գյուղերի միջև ընկած համայնական հողերում տարածված են փոքր չափերի, առանձին կանգնած դամբարանաբլուրներ, որոնցից հինգը ենթարկվեցին պեղման (Ивановский 1911, 143)։

Թիվ 78 դամբարանաբլուր (ըստ Ա. Իվանովսկու համարակալման) գտնվում էր Թբղլու գյուղից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա՝ նույնանուն գետի վերին հոսանքում, որը Խաչեն գետի աջ վտակն է (նկ. 1, a)։ Լղոզված հողային լցույթի տակ, 166 սմ խորության վրա, բացահայտվեց քարարկղ, որի վերին մասը ծածկված էր միմյանց կպած երկու սալաքարերով։ Արկղի երկարությունը կազմում էր 280 սմ, լայնությունը՝ 125 սմ, խորությունը՝ 135 սմ։ Երկարաձիգ առանցքի ուղղությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք էր։ Հարավ-արևմտյան երկայնական պատը կառուցված էր վեց համեմատաբար խոշոր սալաքարերից, իսկ հյուսիս-արևելյանը՝ հինգ։ Հյուսիս-արևմտյան լայնական պատը նույնպես բաղկացած էր հինգ՝ ավելի փոքր չափերի սալաքարերից, իսկ հարավ-արևելյանը՝ երեքից։ Ամբողջ դամբարանը լցված էր փուխր հողով և դաշտային քարերով։

Նկ. 1 Թբղլու գիուղի մերձակայքում գտնվող դամբարանաբլուրները (a, b, c,), ըստ՝ Ивановский 1911, նկ․ 76, 77, 78։

Հանգուցյալը թաղված էր նստած դիրքով՝ դեմքով դեպի հարավարևելք։ Գանգի ճակատային և քունքային ոսկրերի վրա նկատվում էին մետաղի օքսիդացման հետքեր, որոնք վկայում են բրոնզե զարդերով գլխազարդի առկայության մասին։ Թաղման գույքը բաղկացած էր կոտրված կավե անոթներից: Ամբողճական էր միայն սև կավից պատրաստված մեկ փոքրիկ գավաթ (բարձրությունը՝ 3,6 սմ, վերին հատվածի տրամագիծը՝ 10,5 սմ, հատակի տրամագիծը՝ 4,2 սմ, նկ. 2. 19 ), բրոնզե դաշույնից (երկարությունը՝ 32,0 սմ, նկ. 3. 9), բրոնզե դանակի մանր բեկորներից, խորը ատամնավոր եզրերով զանգվածեղ բրոնզե ապարանջանից (նկ․ 4. 5), 15 նետասլաքներից (9-ը՝ օբսիդիան, 6-ը՝ հասպիս), ավելի քան հարյուր սարդիոնե ուլունքներից և 23 Gastoroda խմբին պատկանող ծովախեցիներից (Ивановский 1911, 143-145)։

Նկ. 2 Սև կավից պատրաստված փոքրիկ գավաթ (դամբարանաբլուր 78), ըստ՝ Ивановский 1911, табл. XIV, 19:

Նկ. 3 Բրոնզե դաշույն (դամբարանաբլուր 78), ըստ՝ Ивановский 1911, табл․ III, 9:

Նկ. 4 Բրոնզե ապարանջան (դամբարանաբլուր 78), ըստ՝ Ивановский 1911, табл․ II, 5:

Թիվ 79 դամբարանաբլուր գտնվում էր նախորդից 20–30 մետր հարավարևմուտք (նկ․ 1, b)։ Դամբարանաբլուրի չափերը չեն վավերացվել։ 230 սմ խորության վրա բացահայտվել է քարարկղ, որը վերևից ծածկված էր երեք հաստ, կոպտորեն տաշված և միմյանց ոչ բավարար կերպով համընկվող սալերով  (երկարությունը՝ 260 սմ, լայնությունը՝ 130 սմ, խորությունը՝ 140 սմ)։ Կողմնորոշումը՝ հյուսիս-արևելք։ Երկայնական պատը կառուցված էր վեց սալաքարերից, իսկ լայնականը՝ չորսից։ Հանգուցյալը թաղված էր պառկած դիրքով՝ դեմքով դեպի արևելք։ Արևելյան պատի մոտ, հանգուցյալի ոտքերի հատվածում, հայտնաբերվել էին շան կիսափտած ոսկորներ։  Թաղման գույքը ներառում էր բրոնզե դաշույն, արտաքին մակերեսին ակոսավոր մշակմամբ զանգվածեղ բրոնզե ապարանջան, հաստ բրոնզե ասեղ, երկաթե նիզակի սլաք (նկ. 5․), գնդաձև և գլանաձև սարդիոնե մանր ուլունքներ, ինչպես նաև Scaphopoda դասին պատկանող 50 խեցի (Ивановский 1911, 145-146)։

Նկ. 5 Բրոնզե ապարանջան, բրոնզե դաշույն, երկաթե նիզակի սլաք, բրոնզե ասեղ (դամբարանաբլուր 79), ըստ՝ Ивановский 1911, табл.․ II, 2, III, 6, V, 6, IX, 9:

Նախորդ դամբարանաբլուրից 18 մետր դեպի արևմուտք պեղվել է թիվ 80 դամբարանաբլուրը: Պարզվել է, որ այն կենոտաֆ է․ արհեստական հողաշերտի տակ թաղում չի հայտնաբերվել( Ивановский 1911, 146)։

Քոլատակ գյուղից մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք, Խաչեն գետի վտակ հանդիսացող Քոլատակ գետի ձախ ափին, պեղվել է ևս մեկ դամբարանաբլուր (թիվ 81), որի հիմքի շրջագիծը կազմել է 40 մետր։ Քարարկղը, որը վերևից ծածկված էր միմյանց ոչ բավարար կերպով համընկվող  երեք սալաքարերով, բացահայտվել է երկու մետր խորության վրա։ Կողմնորոշումը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Երկայնական պատերը կառուցված էին վեց սալաքարերից, իսկ լայնականները՝ հինգ։ Արկղի երկարությունը հասնում էր 300 սմ, լայնությունը՝ 135 սմ, խորությունը՝ 140 սմ։ Ամբողջ արկղը լցված էր փուխր հողով, իսկ հատակը ծածկված էր դաշտային քարերով։ Բոլոր խեցանոթները ջարդված էին․ դրանց բեկորների վրա հանդիպում էին զանազան զարդանախշեր, այդ թվում՝ մեանդր և կենդանիների պատկերներ (նկ. 2)։ Կմախքը կիսով չափ քայքայված էր։ Հանգուցյալի գանգի ոսկորները գտնվել էին հյուսիս-հյուսիս -արևմտյան պատի մոտ։ Գանգի ոսկորների վրա պահպանված օքսիդացման հետքերից դատելով՝ հանգուցյալիի գլխին եղել է ինչ-որ մետաղական զարդ, որի կազմի մեջ մտնում էին խոշոր չափերի բրոնզե կոճակներ (հայտնաբերվել է 18 օրինակ, նկ. 6. 10-14)։ Կմախքի զբաղեցրած տարածքում հայտնաբերվել էին ավելի քան հարյուր տարբեր ձևերի ուլունքներ՝ սարդիոնից և ագաթից, ինչպես նաև շուրջ հիսուն խեցի։ Բրոնզե առարկաների շարքում արձանագրվել են դաշույն, երկու ապարանջան (տրամագիծը՝ 5,7 սմ, նկ. 4. 2,10) և քառանիստ հերուն (նկ․ 8, 11)։ Բրոնզե իրերից բացի հայտնաբերվել են նաև երեք երկաթե առարկաներ՝ տեգի և նիզակի սլաքներ (նկ․ 7․ 6, 7), փոքր դանակ (Ивановский 1911, 146-147)։

Նկ. 6 Բրոնզե կոճակներ (դամբարանաբլուր 81), ըստ՝ Ивановский 1911, табл․ II, 2, VIII, 12-13, 14-17:

Նկ. 7 Երկաթե տեգի և նիզակի սլաքներ (դամբարանաբլուր 81), ըստ՝ Ивановский 1911, табл. V, 6, 7։

Նկ. 8 Քառանիստ հերուն (դամբարանաբլուր 81), ըստ՝ Ивановский 1911,табл. IX, 11։

Թիվ 82 դամբարանաբլուրը գտնվում էր Վանք գյուղից հարավարևելք։ Այն ուներ շուրջ 35 մ շրջագիծ (նկ․ 1․ c)։ Դամբարանաբլուրի հողածածկը կազմված էր տեղական հողից և դաշտային քարերից։ Երկու սալաքարերով ծածկված քարարկղը բացահայտվել է մոտ 3 մետր խորության վրա։ Չափերը՝ երկարությունը՝ 200 սմ, լայնությունը՝ 100 սմ, խորությունը՝ 130 սմ, կողմնորոշումը՝ արևմուտքից արևելք։ Բոլոր կավե անոթները գտնվել են ջարդված վիճակում։ Հանգուցյալը թաղված էր նստած դիրքով՝ դեմքով դեպի արևելք։ Մյուս դամբարանների համեմատ այս դամբարանը առանձնանում է աղքատ գույքով։ Հայտնաբերվել են մի քանի տասնյակ սարդիոնե ուլունքներ, բրոնզե դաշույն, զանգվածեղ, հարթ մակերեսով բրոնզե ապարանջան, երկու բարակ, հարթ բրոնզե օղակ, մեկ քարե կախազարդ՝ փորված անցքով, ինչպես նաև վեց փոքր չափերի օբսիդիանե նետասլաք (նկ. 9․ 4, 7, 11-14, 16) (Ивановский 1911, 147)։

Դամբարանաբլուրների և քարարկղների նյութի ուսումնասիրության արդյունքում Ա. Իվանովսկին հանգեց այն եզրակացության, որ Խաչեն գետի ավազանում իրականացված պեղումները հաստատում են Վ. Բելքի այն կարծիքը, ըստ որի այդ թաղումների կառուցողները «պատկանել են նույն ազգությանը և ունեցել են միևնույն բարքերն ու սովորույթները»։

Դամբարանաբլուրների կառուցվածքը, քարարկղների ձևը և թաղման գույքը հնարավորություն են տալիս այս հուշարձանները թվագրել ուշ բրոնզի դարով։

Նկ. 9 Բրոնզե դաշույն, բրոնզե ապարանջան, քարե կախազարդեր՝ փորված անցքով, փոքր չափերի օբսիդիանե նետասլաքներ, դամբարանաբլուր 82, ըստ՝ Ивановский 1911, табл. VII, 11-14, 16-17։

Գրականություն

1․ Ивановский 1911 - Ивановский А. По Закавказью. Археологические наблюдения и исследования 1893, 1894 и 1896 годов// Материалы по археологии Кавказа, собранные экспедициями Московского археологического общества, Москва, вып.VI, с. 85-185.

2․ Асрян  1999 - Асрян Ю.  Нагорный Карабах в эпоху поздней бронзы и раннего железа (II- I тыс. до н. э.), Степанакерт .

Խաչենագետի հովտի ուշ բրոնզե դարի դամբարանները
Խաչենագետի հովտի ուշ բրոնզե դարի դամբարանները
Խաչենագետի հովտի ուշ բրոնզե դարի դամբարանները
Արցախ