Կրկժանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Տեղադրությունը

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավերակները գտնվում են Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր հատվածում (նկ. 1): 19-րդ դարում ժամանակակից Ստեփանակերտի վարչական սահմաններում էին գտնվում Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղեր, որոնց մասին զգալի թվով վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում (Բալայան 2020, 13-16; Բարխուտարեանց 1895, 152-153):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Համաձայն Մ. Բարխուդարյանցի՝ Կարկաժան գյուղը հիմնված է. «Ղայիբալու և Խանքեանդու միջև մի բարձրահայեցիկ սեռի վերայ. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, քահանան գալիս է Ղայիբալուց…» (Բարխուտարեանց 1895, 152): Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կառուցված է փոքր ու միջին չափերի կիսամշակ ու անմշակ քարերով, կրաշաղախով (նկ. 2): Թեև այն ավերված է, սակայն երևում է, որ եղել է միանավ, թաղածածկ սրահ, ինչպես 19-րդ դարի Արցախի գյուղական եկեղեցիների զգալի մասը: Եկեղեցու չափերն են 11,9x4,3 մետր: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները (2-2,5 մետր բարձրությամբ)։  Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ է 19-րդ դարի եկեղեցիներին: Ավերակներից երևում է, որ համեմատաբար սրբատաշ խոշոր քարերով պետք է կառուցված լինեին մուտքը, որը չի պահպանվել, անկյունները և լուսամուտները:

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատի բեմամերձ հատվածում պահպանվել է մկրտության ավազանը (նկ. 3):

Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանք 12-13-րդ դարերի են (նկ. 4)։  Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով (նկ. 5) ։

Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել (Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական պրոպագանդայի թիրախում - Monument Watch

Նկ. 3 Եկեղեցու մկրտության ավազանը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 4 Եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերի բեկորները, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Եկեղեցու տարածքում գտնվող տապանաքարերը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

2025 թվականի մարտի 8-ին Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով  ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, որպես աղվանական ժառանգություն և բարացի նշվում է, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»։ Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները» (https://www.facebook.com/watch/?v=390901870312335):  Ժամանակին Monument Watch - ը անդրադարձել է այդ տեսանյութին (Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական պրոպագանդայի թիրախում - Monument Watch

Գրականություն

  1. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
  2. Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
Կրկժանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Կրկժանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Ստեփանակերտ քաղաք
Արցախ