Հակ, Աղբաթխերտի կամուրջը

Տեղադրություն

Աղավնո գետի վերնահովտում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ գյուղից շուրջ 3 կմ հարավ են գտնվում պատմական Աղբաթխերտ բնակավայրը եկեղեցին ու կամուրջը (նկ․ 1)։ Ծովի մակերևույթից ունի 1550 մետր բարձրություն։

Նկ․ 1 Աղբաթխերտ բնակավայրը եկեղեցին ու կամուրջը, լուս.՝ Զ․ Ըռքոյանի։

Պատմական ակնարկ

Բնակավայրի անվան առաջին հիշատակությունը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում, որտեղ այն Աղախիրդ կամ Աղախերդ անունով նշված է Տաթևին հարկատու գյուղերի ցանկում։ Սակայն ըստ  Ալեքսան Յակոբեանի առկա է վրիպակ, ինչի պատճառով Աղահեճք գավառի վերջին գյուղը հանդիսացող Աղբաթխերտը նշվել է, որպես Աղահեջքին հաջորդող Հաբանդ գավառի առաջին գյուղ (Հակոբյան 1982, 276)։ Հուշարձանի վերաբերյալ այլ պատմական տեղեկություններ հայտնի չեն։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Աղբաթխերտի եկեղեցու անմիջական հարևանությամբ է (Աղբաթխերտի եկեղեցին, Monumentwatch.org) գտնվում միաթռիչք կամուրջը (նկ․ 2)։ Կամուրջը կառուցված է տեղական կոպտատաշ բազալտով և կրաշաղախով։ Եզրային հատվածները կառուցված են երկշարք սրբատաշ քարերով։ Միաթռիչք կամուրջը չունի շինարարական արձանագրություն (նկ․ 3)։ Հաշվի առնելով ճարտարապետական հորինվածքը թվագրվում է 18-րդ դարով (ըստ հուշարձանի վկայագրի)։

Նկ․ 2 Միաթռիչք կամուրջը արևմուտքից, լուս.՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ հուշարձանների վկայագրերի ցանկից։

Նկ․ 3 Միաթռիչք կամուրջը արևելքից, լուս.՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ հուշարձանների վկայագրերի ցանկից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ և ընթացքում՝ 1989-1992 թվականներին, Իշխանասարից Բերձոր (Լաչին)» ջրագիծ անցկացնելու պատճառով ադրբեջանցիները տարածք ազատելով, իրենց տեղից հեռացրել են խաչքարեր, տապանաքարեր, որմնաքարեր և վերածել կույտի (ՅԱԿՈԲԵԱՆ 1982, 271)։ Հետագայում վիճակը ուշագրավ փոփոխություններ չի կրել։

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում Հակ գյուղի ներկայացման վերջում անդրադարձել է հուշարձանին, այն նույնացնելով «Ժամանակագրության» մեջ հիշատակված Աղվեսահաքի բնակավայրին, իսկ «Աղվատխեր» անունը համարել է դրա քրդական տարբերակը (Կարապետյան 1999, 132)։

Հուշարձանին համեմատաբար ընդգրկուն է անդրադարձել Ալեքսան Յակոբեանը։ Վերջինս ներկայացրել է հուշարձանը, հրատարակել տարբեր տարիներին տարածքից հայտնաբերված արձանագրությունները, անդրադարձել տեղանվան հետ կապված խնդրին և այլն (ՅԱԿՈԲԵԱՆ 1982, 270-280; ՅԱԿՈԲԵԱՆ 2009, 228-232)։

Գրականություն

  1. Յակոբեան 1998 - Յակոբեան Ա, Հակարիի վերնահովտի նորայայտ վիմագրերը// Հանդէս ամսօրեայ. ՃԺԲ տարի, Վիեննա։
  2. Յակոբեան2009 - Յակոբեան Ա., Հակարիի վերնահովտի նորահայտ վիմագրերը․ Բ// Մերձավոր և Միջին արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատոր 27, Երևան:
  3. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  4. Աղբաթխերտի եկեղեցին, Monumentwatch.org - https://monumentwatch.org/hy/monument/%d5%a1%d5%b2%d5%a2%d5%a1%d5%a9%d5%ad%d5%a5%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6/:
Հակ, Աղբաթխերտի կամուրջը
Հակ, Աղբաթխերտի կամուրջը
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան
Արցախ