Հակի երկթռիչք կամուրջը

Տեղադրություն

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի (Լաչինի) շրջանի Հակ (Մինքենդ) գյուղի հարավային կողմում: Գյուղը գտնվում է Աղավնո գետի ձախ ափին, ծովի մակերույթից 1720-1800 մետր բարձրության վրա: Գյուղի հուշարձաններից է երկթռիչք կամուրջը (նկ․ 1)։ Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ․ 1 Հակի Երկթռիչք կամուրջը, լուս․՝ Ս․ Կարապետյանի (Կարապետյան 2009, 138)։

Պատմական ակնարկ

Գյուղն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի մոտ՝ որպես պատմական Սյունիքի հյուսիս-արևելյան մասում գտնվող և պատմական Արցախին սահմանակից Աղահեճք գավառի գյուղերից մեկը, որը հարկատու էր Տաթևի վանքին (Հակոբյան, 1960, 209) և վճարում էր 15 միավոր հարկ (Օրբէլեան 1910, 516): Գյուղի Մինքենդ (թուրք. բառացի` հազար գյուղ)  անվանման ժողովրդական ստուգաբանությունը կապվում է մի ավանդության հետ, ըստ որի Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ ավերված 1000-րդ բնակավայրն էր (Ղանալանյան 1969, 172):

Հակ գյուղը հայաբնակ է եղել մինչև 18-րդ դարի սկզբները, հետագայում հայաթափվել է: Տեղում հաստատվել են քրդեր: Միայն 1841 թվականին գյուղում կրկին հայ բնակչություն է հաստատվել, ովքեր տեղափոխվել են Խնձորեսկից և բնակվել են առանձին թաղամասում: Հայ բնակչությունը զգալի տուժել է 1905 թվականի հայ-թաթարական բախումների ժամանակ, իսկ 1918 թվականին գյուղը վերջնականապես հայաթափվել է: Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը կազմում էին թրքացած քրդերը (Կարապետյան 1999, 129-130):

 Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Հակ գյուղի հարավային կողմում գտնվող կամուրջը երկթռիչք է։ Ըստ հետազոտողների կառուցվել է 1900-ական թվականներին (Կարապետյան 2009, 138)։ Այն իր վրա է կրում բազմաթիվ նորոգությունների հետքեր և երկար ժամանակ ունեցել է կիրառական նշանակություն։ Երկու թռիչքները կազմող կամարներից աջակողմյանը ավելի նեղ է քան ձախակողմյան լայն կամարը։ Երկու կամարները միմյանցից տարբերվում են նաև շինարարական տեխնիկայով։ Աջակողմյան կամարի եզրային հատվածները կառուցված են երկշարք սրբատաշ տեղական բազալտով և իր հորինվածքով նույնանում է մոտակայքում գտնվող և 18-րդ դարով (ըստ հուշարձանի վկայագրի) թվագրվող Աղբաթխերտի կամրջի կամարակապին։ Երկթռիչք կամրջի ձախակողմյան հատվածը նույնպես ունի երկշարք եզրային հատվածներ, սակայն այս դեպքում կիրառված են ավելի կոպտատաշ քարեր։ Շինարարության մեջ կիրառել են նաև կրաշաղախ։

Նկ․ 2 Երկթռիչք կամուրջը, լուս․՝ Ս․ Կարապետյանի (Կարապետյան 2009, 138)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Արցախյան և 44-օրյա պատերազմների ժամանակ հուշարձանը չի վնասվել, իսկ Արցախի բռնազավթումից և բնակչության բռնի տեղահանումից հետո հուշարձանի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Մատենագրական քննություն

Հուշարձանի վերաբերյալ գիտական հետազոտություններ չկան։ Ս․ Կարապետյանը իր «Արցախի կամուրջները» գրքում հպանցիկ կերպով անդրադարձել է նաև այս կամրջին (Կարապետյան 2009, 138)։

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Կարապետյան 2009 - Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, գիրք ԺԲ, Երևան, 144 էջ:
  3. Հակոբյան 1960 - Հակոբյան Թ., Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան:
  4. Ղանալանյան 1969 - Ղանալանյան Ա., Հայկական ավանդություններ, Երևան:
  5. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս:
Հակի երկթռիչք կամուրջը
Հակի երկթռիչք կամուրջը
Արցախի Հանրապետության Քաշաթաղի (Լաչինի) շրջան
Արցախ