Հերհեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղի հյուսիսային եզրին։ Հուշարձանը զբաղեցնում է 0,4 հեկտար տարածք։

2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Հերհեր գյուղի  Սբ Աստվածածին եկեղեցու մասին տեղեկությունները բավականին քիչ են։ Այսպես, Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը գրում է «Գիւղիս հին հանգստարանում կայ մի հնաշէն մատուռ Սուրբ Աստուածածին անուամբ, որ խարխուլ է արդէն և, քայքայւում  է» (Արցախ  1895, 106)։

Շ․ Մկրտչյանը միայն նշում է, որ Հերհեր գյուղի հին հանգստարանում կա Սուրբ Աստվածածին մատուռը (Мкртчян 1989, 124, Մկրտչյան 1985, 105): Վ․ Բալայանը ևս  հիշատակում  է Հերհեր գյուղի մատուռը թվագրելով այն 17-րդ դարով (Բալայան 2020, 456)։

Հուշարձանը ունի և այլ անվանումներ՝ եկեղեցի, ժամ, մատուռ, Աստծոն (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Ճարտարապետա - հորինվածքային նկարագրություն

Սուրբ Աստվածածին եկեղեցին փոքր միանավ եկեղեցի է լայն բացված ուղղանկյուն խորանով։ Եկեղեցին կիսավեր է ու խարխլված (նկ․ 1)։ Եղել է թաղակապ։ Չափերն են.  Երկարությունը՝ 6,4 մետր, լայնությունը՝ 3,7 մետր, բարձրությունը՝ 2,07 մետր։ Կառուցված է կոպտատաշ քարից, կրաշաղաղով (նկ․ 2)։ Պահպանվել է արևելյան պատը և հյուսիսային պատի կեսը (նկ․ 3)։ Մուտքի տեղը չի երևում։ Ներսը մասամբ լցված է փլատակներով։ Եկեղեցու շուրջը տարածվել է հին գերեզմանոցը, որից այսոր պահպանվում է միայն բլրալանջին մնացած հատվածը (նկ․ 4, 5)։ Տապանաքարերից մեկը (նկ. 6), որ վերաբերում է 16-17-րդ դարերին, հարթ սալ է՝ երկու հանգուցյալների փորագիր մեծ և փոքր ուրվագծով: Սովորաբար այդպես պատկերվում էին մայրը և զավակը: Գերեզմանի ավելի հին մասը եղել է անմիջապես եկեղեցուն կից և այսոր ծածկված է գյուղամիջյան ճանապարհով ու շրջակա տներով (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

նկ. 1 Սուրբ Աստվածածին եկեղեցու ընդհանուր տեսքը ներսից, լուս․` Լ․ Հովհաննիսյանի։

նկ. 3 Կոպտատաշ քարից և կրաշաղաղով կառուցված պատի հատվածը, լուս․` Լ․ Հովհաննիսյանի։

նկ. 5 Եկեղեցու շուրջ պահպանված հին գերեզմանոցի հատված, լուս․` Գ․ Սարգսյանի։

նկ. 2 Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատը դրսից, լուս․` Լ․ Հովհաննիսյանի։

նկ. 4 Եկեղեցու շուրջ պահպանված հին գերեզմանոցի հատված, լուս․` Գ․ Սարգսյանի։

նկ. 6 Տապանաքար հին գերեզմանոցիծ, լուս․` Լ․ Հովհաննիսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։

2․ Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ․ Լեռնային Ղարաբաղի պատմա - ճարտարապետական հուշարձանները, Երևան։

3․ Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко - архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.

4․Բալայան 2020 - Բալայան Վ․, Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։

5․ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։

Հերհեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Հերհեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Հերհեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ