Հնագիտական Շուշին

Շուշիի հնությունների հետազոտությունը հնարավոր դարձավ միայն Շուշիի ազատագրման շնորհիվ։ 2004 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը (Համլետ Պետրոսյան, Վարդգես Սաֆարյան) Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների և «Շուշի» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմել է Շուշիի և շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու քարտեզը (նկ. 1), որն ընդգրկում է մոտ 200 հնագիտական հուշարձան (մինչև 18-րդ դարը ներառյալ)՝ այդ թվում՝ պալեոլիթյան մեկ կայան, բրոնզի և երկաթի դարերի մեկ կիկլոպյան ամրոց, հինգ դամբարանադաշտեր, երկու անտիկ և երկու վաղքրիստոնեական դամբարանադաշտեր, 6 միջնադարյան գյուղատեղիներ, մոտ չորս տասնյակ խաչքարեր։ Այս հետազոտության հիման վրա արշավախումբը (ղեկավար՝ Համլետ Պետրոսյան, անդամներ՝ Վարդգես Սաֆարյան, Տատյանա Վարդանեսովա, Նորա Ենգիբարյան, Մանուշակ Տիտանյան, Աշոտ Հարությունյան) «Ժան Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2005 թ. ձեռնարկել է Շուշիի առաջին պեղումները։

Նկ. 1 Շուշիի և շրջակայքի հնագիտական հուշարձանները:

Պեղումները ցույց տվեցին, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել բրոնզե դարից ի վեր, իսկ հայկականության հնագիտական վկայությունները նրա տարածքում վավերացվում են Փանահի հայտնվելուց առնվազն հինգ դար առաջ։

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանների պեղումները (նկ. 2, 3, 4) երևան են բերել դիտարժան ճարտարապետական լուծումներ, տվել են բրոնզե իրերի և զարդերի, երկաթե զենքի ու հարյուրավոր խեցե իրերի նմուշներ: Կենդանակերպ վերջույթներով ու ծորակներով տասնյակ անոթները վկայում են պատրաստման բարձր վարպետության և գեղարվեստական նուրբ ճաշակի մասին։

Նկ. 2 Մ. թ. ա. 7-6-րդ դարերի դամբարաններից մեկը պեղումներից հետո:

Նկ. 3 Մետաղյա իրեր երկաթեդարյան դամբարաններից, մ.թ.ա. առաջին հազ. սկիզբ:

Նկ. 4 Կճուճ, մ.թ.ա. 7-6-րդ դարեր:

Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածի պեղումները (նկ. 5) ցույց տվեցին, որ այստեղ 12-13-րդ դարերում եղել է հայկական գերեզմանոց, որի խաչքարերը 19-րդ դ. կեսերին օգտագործվել են նոր թաղումների վրա: Այստեղ վավերացված 12-13-րդ դդ. հինգ խաչքարերը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր Խաչենի հայկական իշխանության ամենածաղկուն դարաշրջանում:

Հունոտի կիրճում` Ավանի կարանին կից ամրոցի պեղումները հիմք են տալիս հենց այստեղ տեղադրել պատմիչների հիշատակած Կարկառ ամրոցը, որը 17-րդ դ. վերջերին` հայ ազատագրական շարժումների ժամանակ վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սխնախ անունը (նկ. 6, 7)։

Նկ. 5 Կարկառ ամրոց, 12-14-րդ դարեր:

Նկ. 6 Պեղումներ Կարկառ ամրոցում:

Նկ. 7 Նյութեր Կարկառ ամրոցի պեղումներից, 12-14-րդ դարեր:

Շուշիի պարսպապատերի Մխիթարաշենի հատվածի պեղումները վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ. թ. ա. առաջին հազարամյակի սկզբից: Այստեղ բացվել են մի հին ամրոցի ավերակները, որոնք հնարավոր է նույնացնել հռչակավոր Շոշի քարի կամ սխնախի հետ, որից էլ, ըստ որոշ կարծիքների, Շուշի քաղաքն ստացել է իր անվանումը (նկ. 8): Ցավոք այս պեղումներն էլ չեն շարունակվել՝ ֆինանսների բացակայության պատճառով: Մշակութային մի յուրօրինակ պատկեր են կազմում Շուշիի խաչքարերը, հատկապես, երբ նկատի ենք ունենում մարտիկներին պատկերող յուրօրինակ քանդակները (նկ. 9, 10)։

Նկ. 8 Շոշվա սխնախի պեղումները, 17-րդ դարի վերջեր:

Նկ. 9 19-րդ դարի գերեզմանոցի հատվածը 12-րդ դարի խաչքարով հանդերձ:

Նկ. 10 Խաչքար, 12-րդ դարի վերջ:

Հնագիտական Շուշին
Հնագիտական Շուշին
Շուշի
Արցախ