Հունոտի կիրճի կառույցները (ամարաթները)

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից դեպի արևելք տարածված Հունոտի կիրճում, Քարին տակ գետի աջ կողմի ժայռերի վրա (նկ․ 1)։ Ժողովրդի մեջ այն հայտնի է Ամարաթներ (պալատներ) անունով:

2020 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Հունոտի կիրճի տեսարանը Մխիթարաշեն գյուղից, լուս․՝ Ն․ Երանյանի։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին տեղեկություններ են պահպանվել Մ․ Բարխուդարյանցի, Ե․ Լալայանի, Լեոյի, Ահմեդ բեկ Ջեվանշիրի, Վ․ Պոտտոյի, Պ․ Զուբովի աշխատանքներում։

Մ․ Բարխուդարյանցը նշում է․ «Երկար դարերի ընթացքում օժանդակս (նկատի ունի Քարին տակ գետակը) միջից ճեղքած է այն ապառաժ քարեայ սարը, որ միացած է եղել Շուշու սարի հետ։ Հետզհետէ խորացնելով այս ջրատար ճեղքը շինած է մի կատարեալ անդունդ։ Նեղ, խոր և ահարկու ճեղքուածքիս երկու կողմերն ձևացած են անձեռագործ, բայց յաւիտենական պարիսպներ։ Օժանդակ վտակիս ձորին երկու կողմերում ևս կան շատ քարայրներ, որոց առաջինն գտնուում է Հունոտի մոտ, օժանդակիս աջ ափի բարձրութեան վերայ։ Մի նեղ, զառիվեր և միանգամայն վտանգաւոր քարեայ կածան առաջնորդում է դէպի քարայրն (նկ. 2)։ Սոսկալի է կածանիս վտակի կողմն. Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեց կամ մի փոքր ծռուեց ոտքդ, թաւալգլոր կորած ես մութ անդնդում (նկ. 3)։ Քարայրիս առաջին մուտքն, որ քարուկիր է, ներկայացնում է պահապանի կամ դռնապանի բնակարան, երկրորդ տեղն ծառաների, իսկ երրորդն ընդարձակ և գեղեցիկ քարայր է, որ է իշխողի բնակարանն։ Քարայրիս մէջ կայ և ազնիւ ջուր (Բարխուտարեանց 1895, 134; նկ․ 4, 5)։ Խոսելով Ամարաթների շինության մասին նա գրում է․ «Դարձեալ դժուարամատչելի և հին քարայրներ են, որոց առաջքն պատուած են տեղ տեղ և գտնուում են նոյնպէս նոյն վտակին աջ կողմի բարձրութան վերայ» ( Բարխուտարեանց 1895, 135)։

Նկ. 2 Դեպի քարանձավներ տանող կածանը, լուս․՝ Ն․ Երանյանի։

Նկ. 3 Քարին–տակ գետը Ամարաթների բարձունքից, լուս․՝ Ն․ Երանյանի։

Ե․ Լալայանը այս քարայրերը անվանում է Հունոտի կարան․ «Այս քարայրը գտնւում է Շուշու արևելահարաւային կողմում ձգուած խոր ձորի մեջ, Հունոտ գիւղի մօտ, որի անունով և կոչուած է։ Քարայրը բաղկացած է երեք աչքից, որոնցից առաջին երկուսը փոքր են, իսկ երրորդը բաւական ընդարձակ։ Այստեղ կայ և՝ ջրի աւազան (Լալայեան 1897, 12 -13)։

Ավան հարյուրապետի գործունեության առթիվ Լեոն գրում է. «Շուշին և սրա շրջակայքն էլ կազմում էին Ավան յուզբաշու կալվածը: Մինչև այժմ էլ Շուշու հարավ-արևելյան ձորի ժայռը կոչվում է «Աւանայ քերծ»: Այդ ժայռի ստորոտում երևում են ավերակներ, որոնք կոչվում են «Ամարաթներ» (ապարանքներ), և ժողովուրդը պատմում է, թե այդտեղ էր բնակվում Ավան յուզբաշին» (Լեո 1973, 140):

Ըստ  Ահմեդբեկ Ջիվանշիրի՝ «Դաշալտի կիրճի զառիթափ լանջերին կառուցվել է ժայռային պալատ՝ ապաստարաններ։ Անհանգիստ ժամանակներում, ծայրահեղ վտանգի դեպքում, կիրճի արևելյան լանջին գտնվող ժայռային պալատական ​​համալիրը «բնակիչների համար հուսալի ապաստան է ծառայել.  այս ամրոցում մի սառցե աղբյուր կար» (Джеваншир 1961, 75)։

Քարայրերի մասին տեղեկություն են հաղորդում նաև ռուսական սկզբնաղբյուրները։ Այսպես, ներկայացնելով Շուշիի 1826 թվականի 48-օրվա պաշարման իրադարձությունները, Վ․ Պոտտոն գրում է․ «Բնակիչները՝ իրենց ավագներ Սաֆար և Ռոստոմ Տարխանովների գլխավորությամբ, տեղավորվելով ժայռոտ կիրճում՝ բնության կողմից քանդակված խոր ու մռայլ քարանձավներում, ոչ միայն հետ էին մղում թշնամիներին, այլև ժամանակ առ ժամանակ իրենք էլ իջնում էին լեռներից և անհանգստացնում ողջ պարսկական ճամբարը» (Потто 1888, 81)։

Ամարաթները, որպես Շուշիի պաշտպանական համակարգի մաս, հիշատակում է նաև  Շ․ Մկրտչյանը (Մկրտչյան 1980, 152)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Հունոտի կիրճը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի և Շուշիի վարչական շրջանների սահմանակից հատվածում՝ Շուշի քաղաքից արևելք, հարավ-արևելք և հարավ ընկած տեղամասում: Պատմականորեն այս տարածքը գտնվում էր Մեծ Առանք և Մյուս Հաբանդ գավառների' հետագայում Խաչենի  և Վարանդայի մելիքությունների սահմանագլխին: Կիրճի ձգվածությունը արևմուտքից արևելք կագմում է 225-ից 575 մետր,  իսկ հյուսիսից-հարավ 4,5 կմ (Առաքելյան 2009, 47)։ Հունոտի կիրճում տարբեր մակարդակներում ձևավորվել են բազմահարկ կարստային քարայրեր, քարանձավներ, կարստային ճեղքեր (Аракелян, Петросян 2020, 90)։

Ամարաթները գտնվում են Հունոտ գյուղի ավերակների դիմաց։    Հուշարձանախումբը  բաղկացած է  չորս քարայրերից և պաշտպանական, բնակելի ու տնտեսական կառույցներից։ Քարանձավների մուտքերի խոռոչը և քարանձավի հատակը գրեթե հավասար են։ Մուտքերի մոտ կան քարե պաշտպանական կառույցներ (նկ․ 6): Բնակելի և տնտեսական կառույցները դասավորված են տարբեր մակարդակների վրա գտնվող փոքր հրապարակներում (դարավանդների տեսք ունեն; նկ․ 7-10)։ Կառույցների պատերը շարված են կոպիտ մշակած կրաքարերով․ սրբատաշ են միայն մուտքերի, լուսամուտների, անկյունների շարվածքի քարերը։

Բավական լավ է պահպանվել կառույցներից մեկը՝ թաղածածկ միանավ սրահով (նկ․ 11, 12)։ Որոշ կառույցներում կան հրակետեր, խորշեր, բուխարիներ (նկ. 13)։

Նկ. 7 Բնակելի և տնտեսական կառույցներ, լուս․՝ Ն․ Երանյանի։

Նկ. 8 Բնակելի և տնտեսական կառույցներ, լուս․՝ Ն․ Երանյանի։

Նկ. 11 Թաղածածկ միանավ սրահով շինությունը, լուս․՝ Ն․ Երանյանի։

Նկ. 12 Թաղածածկ միանավ սրահով շինությունը, լուս․՝ Ն․ Երանյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Մինչև օկուպացիան հուշարձանի շինությունների մեծ մասը պահպանված էին։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:

2․ Լալայեան 1897 - Լալայեան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք 2, Թիֆլիս։

3․ Լեո 1973 - Երկերի ժողովածու,  հ․ 3, գիրք 2, Երևան:

4․ Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․ Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։

5․ Джеваншир 1961 - Джеваншир Ахмедбек, О политическом существовании Карабахского ханства: с 1747 по 1805 год, Баку.

6․ Потто 1888 -  Потто В., Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях, т. 3, Персидская война 1826-1828 гг., С. Петербург.

7․ Առաքելյան 2009 - Առաքելյան Յու․, Հոնուտի կիրճի կարստային ռելիեֆի ձևերը , ԱրՊՀ գիտական տեղեկագիր, թիվ 2,  էջ 47-50։

8. Аракелян, Петросян 2020 - Аракелян Ю., Петросян Г., Изучение геоморфологических памятников Унотского ущелья в целях развития туризма в Республике Арцах, ԱրՊՀ գիտական տեղեկագիր, թիվ 1, էջ 87-93։

Հունոտի կիրճի կառույցները (ամարաթները)
Հունոտի կիրճի կառույցները (Ամարաթները)
Հունոտի կիրճի կառույցները (Ամարաթները)
Արցախ