Մաղավուզի Սուրբ Գևորգ եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի կենտրոնում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գոհար Ավանեսյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին համառոտ հիշատակում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին սուրբ Գէորգ, փայտաշէն…» (Բարխուտարեանց 1895, 221): Վահրամ Բալայանը, նկարագրելով Մաղավուզ գյուղը, որպես սուրբ Գևորգ եկեղեցու կառուցման տարեթիվ նշում է 1901 թվականը (Բալայան 2020, 330): 1901 թվականը որպես կառուցման թվական նշված է նաև եկեղեցու պահպանության գոտու վկայագրում: Ներկայիս եկեղեցին քարաշեն է, իսկ Բարխուդարյանցը նկարագրում է փայտաշեն եկեղեցի, ինչից կարելի է ենթադրել, որ նախնական փայտաշեն եկեղեցու տեղը կառուցվել է նոր եկեղեցի:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սուրբ Գևորգ եկեղեցին հատակագծում եռանավ թաղակապ սրահ է՝ կառուցված տեղական սրբատաշ փոքր ու միջին չափերի կրաքարերով: Սուրբ Գևորգը Արցախի 19-20-րդ դարերի գյուղական այն քիչ եկեղեցիներից է, որ կառուցված է սրբատաշ քարերով: Աչքի է ընկնում իր մեծ լուսամուտներով, որոնք անսովոր մեծ են 19-րդ դարի գյուղական եկեղեցիների համար: Դրանք թվով ութն են: Ի տարբերություն գյուղական շատ եկեղեցիների, որոնց միակ ու գլխավոր մուտքը գտնվում է հարավային ճակատում՝  սուրբ Գևորգի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան ճակատին (նկ. 2): Մեկ մուտք էլ բացված է հարավային ճակատին (նկ. 3): Երկու մուտքերի բարավորների վրա չկա շինարարական որևիցե արձանագրություն: Թաղածածկը հենված է 8 պատկից և 4 առանձին սյուների և դրանցից բարձրացող կամարների վրա (նկ. 4, 5): Եկեղեցու արտաքին պատերը չունեն որևիցե հարդարանք, զուրկ ենք զարդաքանդակներից, ագուցված խաչքարերից:

Նկ. 2 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Գոհար Ավանեսյանի:

Նկ. 3 Եկեղեցու հարավային ճակատը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Նկ. 5 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍ վկայագրի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցու տարածքը օգտագործվել է տնտեսական նպատակով: Քանդվել է բեմը, արևելյան ճակատում՝ բեմից վերև բացվել է նոր դուռ, վերաշարվել է պատը (նկ. 6):

Նկ. 6 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.՝ Գոհար Ավանեսյանի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
  2. Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
Մաղավուզի Սուրբ Գևորգ եկեղեցին
Մաղավուզի Սուրբ Գևորգ եկեղեցին
Մաղավուզի Սուրբ Գևորգ եկեղեցին
Արցախ