Մեծ Շենի իջևանատունը

Տեղադրությունը

Իջևանատունը գտնվում է բռնազավթված Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից 2,6 կմ արևմուտք՝ գյուղից դեպի Թարթառի հովիտը տանող հին ճանապարհի վրա, վերջինիս՝ Մարտակերտ-Դրմբոն նոր մայրուղու հետ խաչվելու տեղում:

Պատմական ակնարկ

Շինության մասին տեղեկություններ չեն պահպանվել: Գտնվելով Դվին-Պարտավ պատմական ճանապարհի վրա՝ այն պետք լիներ այդ ճանապարհը սպասարկող իջևանատներից մեկը: Դվին-Պարտավ ճանապարհի նկարագրությունը տալիս են 10-րդ դարի արաբ հեղինակներ ալ-Իսթահրին, իբն-Հաուկալը, ալ-Մուքքադասին: Արաբ հեղինակները, թվարկելով ճանապարհային կայանները, Սոթիքից հետո հիշատակում են Կալկաթուս, այնուհետև Մեթրիս կայանները, որոնք ըստ Հ. Մանանդյանի՝ համապատասխանում են Արցախի Կաղանկատույք և Հաթերք բնակավայրերին (Մանանդյան 1985, 171-175):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրությունը

Շինության ավերակները գտնվում են փոքր բարձունքի վրա (նկ. 1, 2): Կիսավեր իջևանատունը կառուցված է անմշակ, ճեղքված մանր քարերից՝ կրաշաղախով: Տեղում երևում է թաղակապ սենյակի կիսավեր պատերից մեկը և այդ սենյակին երկու կողմից կից սենյակների ներսի հատվածները (նկ. 3-6): Սենյակներից դեպի հյուսիս երևում է պատաշարով փակվող մեծ տարածքը, որը կարող էր լինել ներքին բաց բակ (տեքստը շարադրվել է ըստ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրի):

Նկ. 1 Իջևանատան տեղադրությունը, լուս. ՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 2 Իջևանատան տեղադրությունը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 3 Իջևանատան սենյակներից, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Իջևանատան տարածքն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Տարածքն ամբողջությամբ պատված է ծառերով և թփուտներով, ինչի պատճառով հնարավոր չէ պատկերացում կազմել իջևանատան հատակագծի, կառույցի չափերի և սահմանների մասին (նկ. 7-9): Տարածքը հնագիտական հետազոտության չի ենթարկվել և ունի գիտական սիստեմատիկ հետազոտության կարիք:

Գրականություն

  1. Манандян 1985 - Манандян Я., О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен (V в. до н. эры – XV в. н. эры), Երկեր, Զ, Երևան:
Մեծ Շենի իջևանատունը
Մեծ Շենի իջևանատունը
Մարտակերտի շրջան
Արցախ