Նոր Կարմիրավանի դամբարանի հնագիտական հետազոտությունը

Կոթողների հայտնաբերումը

2016 թվականին Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում տեղի բնակիչներից մեկի կողմից պատահաբար հայտնաբերվեց շուրջ մեկ տասնյակ մարդակերպ կոթողներ և դրանց որոշ բեկորներ: Վերջիններիս այսպիսի կուտակումը մեկ վայրում, ինչպես նաև շրջակա լանդշաֆտի որոշ արտաքին նշանները (նկ. 1) հավանական դարձրին կոթողների՝ իրենց կանգնեցման նախնական վայրում գտնվելու հանգամանքը: Այդ հարցը պարզելու նպատակով հետախուզական աշխատանքներից հետո որոշվեց պեղումներ իրականացնել կոթողների շրջակայքում և դրանցից ոչ հեռու փորված ջրանցքի մոտակայքում։

նկ. 1 Նոր Կարմիրավանի կոթողների հիմնական կուտակումը նախքան պեղումները, լուս.՝ Ն. Երանյանի։

Պեղումների հիմնական նպատակն էր.

  • Ուսումնասիրել Նոր Կարմիրավանի կոթողները և պեղումների միջոցով հստակեցնել դրանց հնագիտական միջավայրը,
  • Պարզել՝ արդյոք Նոր Կարմիրավանում հայտնաբերված կոթողները գտնվում են in situ վիճակում, թե տեղաշարժված են,
  • Այս խնդրի պատասխանն արդեն բխեցնում էր հաջորդ հարցը՝ երբ և ինչ նպատակով են կանգնեցվել Արցախի մարդակերպ կոթողները:

Ներկայումս Նոր Կարմիրավան գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Արցախի մարդակերպ կոթողները

Քննարկվող կոթողները տափակ երկարավուն սալեր են, որոնց ծավալային և քանդակային մշակումներով մարդատեսքություն է տրված: Երկու փորագրված հորիզոնական ակոսները սալերը բաժանում են երեք մասի՝ պատկերելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, իրանը և ներքնամասը (նկ. 2): Դիտարկվող կոթողները տարածված են եղել Արցախի՝ լեռնաշխարհը և տափաստանը միմյանց ձուլող երկայնական տարածքում` ձգվելով մոտավորապես 30-40  կմ (նկ. 3): Դրանք սփռված են հատկապես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում` Մարտակերտի շրջանում և շրջակայքում, Տիգրանակերտի, ինչպես նաև վերջինից ոչ հեռու գտնվող Գյավուրկալա բնակատեղիի շրջակայքում (Yeranyan 2021, 248-254 )։ Այս միջավայրից մի քանի կոթող դեռևս խորհրդային տարիներին տեղափոխվել է Արցախի պետական թանգարան և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի բակ, իսկ մի մասը շարունակում է գտնվել բաց դաշտում:

նկ. 2 Մարդակերպ կոթող, մ.թ.ա. 8-6-րդ դարեր, Սեյսուլան (Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան), գրչանկարը՝ Լ. Մինասյանի։

նկ. 3 Արցախի մարդակերպ կոթողների տեղագրության քարտեզը (քարտեզը՝ Հ. Դանիելյանի)։

Նոր Կարմիրավանի դամբարանի հնագիտական միջավայրը

Նոր Կարմիրավանում վավերացված  մոտ մեկ տասնյակ մարդակերպ կոթողների մեծ մասը կուտակված էր մեկ վայրում (նկ. 4), 2 կոթող գտնվում էր այս հիմնական կուտակման վայրից 100-150 մ հյուսիս արևելք (նկ. 5), 2 կոթող հայտնաբերվեց գյուղի նախկին տներից մեկի բակում, մեկ կոթող հայտնաբերվել էր ինժեներական աշխատանքների ժամանակ, առանձին բեկորներ կային նաև շրջակայքում:

Արցախի տարածքում նախկինում հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ կոթողներից որևէ մեկի դեպքում մեկ վայրում կուտակման նման փաստ չի վավերացվել: Ուստի ինչպես կոթողների նման կուտակումը, այնպես էլ լանդշաֆտի որոշ առանձնահատկություններ հուշում էին, որ դրանք կարող են գտնվել իրենց նախնական կանգնեցման միջավայրում։

նկ. 4 Մարդակերպ կոթող Նոր Կարմիրավանում, լուս.՝ Ն. Երանյանի։

նկ. 5 Մարդակերպ կոթող Նոր Կարմիրավանում, լուս.՝ Ն. Երանյանի։

Պեղումները

2016-18 թվականներին պեղումներն ընթացել են երկու հիմնական տեղամասերում.

ա. կոթողների հիմնական կուտակման վայրում,

բ. այստեղից մոտ 200 մ հյուսիս-արևմուտք, 2000-ական թվականների առաջին տասնամյակի երկրորդ կեսին կառուցված ջրանցքի մոտ:

Ջրանցքի տեղամասի պեղումները

Առաջին տարում պեղումներն ընթանում էին զուգահեռաբար երկու տեղամասում։ Կոթողների շրջակայքում հետախուզական աշխատանքների ժամանակ ջրանցքի հատակին հայտնաբերվեց միականթ սափորիկ (նկ. 6): Այն ուռուցիկ փորից դեպի վերև՝ շուրթի հատվածում կոտրված էր։ Այստեղ պեղումներով 1,1մ խորությամբ վավերացվեց հիմնահողային թաղում. հնամարդաբանական նյութը ներկայացված էր գանգով և կմախքի տարբեր բեկորներով. հայտնարեբվեց 18 անոթ, մածուկից, սարդիոնից և բրոնզից պատրաստված ուլունքներ: Հնամարդաբանական նյութն ամբողջական չէր, խախտված էր կմախքի ամբողջականությունը. որոշ ոսկորներ գտնվում էին գանգի տակ, որոշները շաղ էին տված անոթների կողքերը: Հավանական է, որ կմախքի դիրքը խախտվել է ջրանցքի շինարարական աշխատանքների արդյունքում:

Հայտնաբերված նյութը տիպական է Արցախի և տարածաշրջանի այլ հուշարձաններից հայտնաբերված սևափայլ իրանով նյութերի հետ, որոնց մի մասը կարելի է թվագրել մ.թ.ա. 9-8-րդ, իսկ որոշները՝ 7-6-րդ դարերով։ Նշենք նաև, որ թեպետ պեղումներով վավերացվեց միայն մեկ թաղում, սակայն նախորդ դարիներին Արցախի հնագիտական արշավախմբի կողմից ջրանցքի կառուցման ժամանակ այլ հատվածներից ևս վավերացվել են պատահաբար հայտնաբերված խեցանոթներ (Պետրոսյան և ուրիշներ 2008, 187-200):

նկ. 6 Միականթ սափոր Նոր Կարմիրավանով անցնող ջրանցքի հատակից, լուս.՝ Ն. Երանյանի։

Դամբարանի պեղումները

Հաջորդ և հիմնական պեղավայրը կոթողների կուտակման շրջակայքն էր։ Այստեղ պեղումներով վավերացվել է կլոր հատակագծով, 11 մ տրամագծով կրոմլեխի զրահը։  Վերին հողաշերտի մոտ 50-70 սմ շերտը հեռացնելուց հետո պարզվեց, որ դամբանափոսը գտնվում է կրոմլեխի գրեթե կենտրոնում: Դամբանախուցը հիմնահողային էր, ուղղանկյունաձև, 30 աստիճան արևելք-արևմուտք շեղվածությամբ: Նրա երկարությունը 6,4 մետր էր, իսկ լայնությունը՝ 1,6 մետր։   Տեղանքին համահունչ՝  դամբանախուցը երկայնական առանցքով ուներ որոշակի թեքություն (նկ. 7):

Դամբանախցի հյուսիս-արևելյան հատվածում, 70 սմ խորությամբ բացվեց հանգուցյալի գանգը, որը դարձյալ մասնատված վիճակում էր։ Ամբողջ շերտը լիքն էր տարբեր կենդանիների ոսկորներով, իսկ ստորին՝ 30 սմ շերտում լիքն էին ծովախեցիները։ Դամբանախցի արևմտյան հատվածում բացվեց նաև ձիու թաղում՝ ձիասանձի և ձիու հարդարանքի որոշ մասերով։

Պետք է նշել, որ նմանատիպ կառուցվածքի թաղումներն այս տարածաշրջանում հազվադեպ չեն։ Մեկական թաղումով հիմնահողային կուրագանները Իվանյանի (Խոջալուի) դամբարանադաշտին էլ են բնորոշ և առանձին խումբ են կազմում (Кушнарева 1970, 110): Նմանատիպ դամբարանի պատրաստումը հասարակության ուժերի համատեղում էր ենթադրում։ Ուստի միայնակ թաղումի հանգամանքը կարող է բացատրվել այս հասարակության ուժեղ շերտավորումով, նրանում յուրաքանչյուր անհատի դերի խիստ մեծացումով (առաջնորդ, քուրմ, ռազմիկ և այլն):

Նոր Կարմիրավանի դամբարանից հայտնաբերված թաղմանն ուղեկցող գույքը, կարելի է խմբավորել՝ ուլունքների, զենքերի, ձիասանձի և ձիու հարդարանքի մասերի և խեցանոթների։ Ընդ որում, վերջինը մի քանի տարբերակի բաժանվող անոթներով ամենամեծ խումբն է կազմում:

Խեցեղեն նյութը հիմնականում ամբողջական էր՝ հայտնաբերվել է 41 անոթ  (Երանյան, Զարիկյան, Սիմոնյան 2023, 275-278)։ Վերջիններս ունեն ձևային բազմազանություն, բայց բոլորը գրեթե նույն ժամանակին են պատկանում:  Խեցեղեն նյութը կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝ միականթ և երկկանթ սափորներ, միականթ սափորիկներ, կճուճներ, եղջերագավաթներ և մեկական ձձում, թասիկ և կարաս (նկ. 8-10):

նկ. 7 Նոր Կարմիրավանի դամբարանի չափագրությունը, չափագրությունը՝ Գ. Հայրապետյանի։

նկ. 9 Գտածոներ Նոր Կարմիրավանի դամբարանի պեղումներից, գրչանկարները՝ Լ. Մինասյանի, լուս.՝ Ն. Երանյանի։

նկ. 8 Գտածոներ Նոր Կարմիրավանի դամբարանի պեղումներից, գրչանկարները՝ Լ. Մինասյանի, լուս.՝ Ն. Երանյանի։

նկ. 10 Գտածոներ Նոր Կարմիրավանի դամբարանի պեղումներից, գրչանկարները՝ Լ. Մինասյանի, լուս.՝ Ն. Երանյանի։

Թվարկված խեցանոթներից բացի դամբանախցի տարբեր հատվածներում, այդ թվում և հանգուցյալի գանգի տակ, հանդիպում էին թեկուզ սակավաթիվ, սակայն կոտրտված անոթի բեկորներ։  Որոշ ուսումնասիրողների կարծիքով, իրերը կոտրել և թաղել դամբարանում՝ նշանակում է դրանց մատնել ծիսական մահվան: Այն, ըստ երևույթին, առնչվում էր ննջեցյալների վերածննդի պատկերացումներին (Թումանյան 2010, 154-155):

Դամբարանի պեղումներից հայտնաբերված մետաղական հավաքածուն բավական սակավ է. բրոնզե կախիկներ, բրոնզե սկյութական տիպի նետասլաքներ մի քանի բրոնզե ուլունք և երկաթե  ձիասանձի մաս:

Հայտնաբերված նետասլաքները տիպական են Հարավային Կովկասից հայտնաբերված նետասլաքներին, որոնք մասնագիտական գրականության մեջ անվանվում են «սկյութական տիպի» և հանդիպում են մ.թ.ա. 8-րդ դարից սկսած։

Ձիու թաղմանը ուղեկցող նյութերի շարքում դամբարանից հայտնաբերվել է նաև ոսկորից պատրաստված ձիասանձի մի քանի մաս, որը վերջավորության վերին հատվածում ունի ձիու գլխաքանդակ, ստորին հատվածքում՝ ձիու սմբակաձև վերջավորություն, իսկ մեջտեղի հատվածում երեք սնամեջ անցք: Նմանատիպ քանդակները լայնորեն տարածված են Մերձսևծովյան շրջանների և Արևելյան Եվրոպայի հուշարձաններում և թվագրվում են մ.թ.ա. 7-6-րդ դդ և կապվում են սկյութական կենդանական ոճի քանդակների հետ (Канторович 2016, 101-108):

Դամբարանի հատակին հայտնաբերվեց գրանիտից պատրաստված, տանձաձև, սնամեջ անցքով գուրզ։ Վերջինիս, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է ավելի վաղ շրջանի երկաթի նախօրինակներից և հանդիպում է մ.թ.ա. 15-13-րդ դարերով թվագրվող հուշարձաններում (Piller 2013, 309)։

Նմանատիպ քարե տանձաձև գուրզ հայտնաբերվել է Հին Շիրակավանի միջին բրոնզի դարի շերտից, իսկ սրանց բրոնզե օրինակները հանդիպում են Լճաշենում, Գավառում, Արթիկում և թվագրվում են մ.թ.ա. XIV-VIII դարերով, ինչը վկայում է այս օրինակ զենքերի երկարատև գործածության հանգամանքը (Թորոսյան, Խնկիկյան, Պետրոսյան 2002, 17, 43)։

Հետաքրքիր էր դամբարանի արևելյան անկյունում մածուկից, սարդիոնից և ոսկորից պատրաստված ուլունքների առատության փաստը։ Հայտնաբերված շուրջ 5000 տարբեր գույնի ուլունքները հավանաբար թաղման ծեսի մաս կազմող ինչ որ կտորի վրա են եղել։

Դամբարանում մեծ թիվ էին կազմում խխունջի խեցիները (ավելի քան 300 հատ): Դրանցով պատված էր դամբարանի ամբողջ հատակը: Թաղման յուրաքանչյուր ծիսակատարության ժամանակ օգտագործվել են բազմազան առարկաներ՝ սկսած մաքրագործման նպատակով դամբարանում դրված գլաքարերից մինչև պահպանական դեր կատարող հմայիլները (Թումանյան 2010, 147):  Խեցիներով դամբարանի հատակը ծածկելու երևույթը ամենայն հավանականությամբ ծիսական նշանակություն ունի և կապված է տարածքը մաքրագործելու ընկալումների հետ:

Հնակենդանական նյութերի ուսումնասիրությունը

Նոր Կարմիրավանի պեղումներից ձեռքբերված հնակենդանաբանական նյութն ուսումնասիրել է կ.գ.թ. Ն. Զարիկյանը։

Կենդանական տեսակները մեծամասնությամբ ընտանի են՝ 6 մանր եղջերավոր (ոչխար/այծ) Ovis aries/ Capra hircus, 2 կով Bos taurus, 4 ձի Equus caballus, իսկ վայրի կենդանիներից՝ 1 Եվրոպական այծյամ  Capreolus capreolus, 1 կատվազգի Felidae, ինչպես նաև գրանցվել է մի վայրի ցուլ Bos primigenius (Hillson 2009; Prehn et al. 2018):

Հնամարդաբանական նյութի ուսումնասիրությունը

Նոր Կարմիրավանի պեղումներից ձեռքբերված հնամարդաբանական նյութն ուսումնասիրել է մարդաբան Հ. Սիմոնյանը։

Հնամարդաբանական նյութից առկա է գանգատուփը` մասնատված  և թերի վիճակում: Բացակայող հատվածներն են՝ քունքոսկրերի որոշ հատվածները,  դիմային կմախքի ոսկրերը` երկու կողմերում, ստորին ծնոտի ձախակողմյան թևը և մարմնի մի հատվածը։ Կմախքը գրեթե ամբողջական է, բայց երկար ոսկրերը բեկոտված են մահվանից հետո: Անհատի տարիքը տեղորոշվել է 30-ից 40 տարեկանի սահմանում: Համաձայն իրականացված բնորոշումների կմախքը պատկանում է արական սեռի անձի:

Մարդակերպ կոթողների թվագրությունը

Ինչպես արդեն նշեցինք, Արցախի տափաստաններում հայտնի շուրջ երեք տասնյակ կոթողներից որևէ մեկը նախկինում չէր վավերացվել իր հայտնաբերման սկզբնական կանգնեցման վայրում։ Տարբեր պեղումների և հետազոտությունների շնորհիվ մեզ հաջողվել էր վավերացնել այս կոթողների թվագրության ստորին սահմանը միայն (Yeranyan 2021, 250-251)։

Տարածաշրջանում հայտնի նմանատիպ այլ կոթողների հետ պատկերագրական զուգահեռ քննությունը սակայն մեզ թույլ էր տվել նախկինում թվագրել Արցախի մարդակերպ կոթողները մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբով՝ մ.թ.ա. 8-6-րդ դարերով։ Սակայն այս վարկածը հաստատման կամ հերքման անհրաժեշտություն ուներ։ Հետևաբար կոթողների իրենց վայրում հայտնաբերումն ու պեղումները լույս սփռեցին այս կարևոր հարցի վրա։

Դամբարանի թվագրման համար կարևոր կռվան էր հայտնաբերված հնագիտական նյութը։ Առանց խեցանոթների ողջ բազմազանությունը ներկայացնելու՝ նշենք, որ հայտնաբերված խեցանոթները իրենց զուգահեռներն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Անդրկովկասի և Իրանի հուշարձաններում:

Հայտնաբերված նյութերը, որոշ բացառություններով, համապատասխանում են Հարավային Կովկասում  երկաթի լայն տարածման շրջանի հուշարձանների խեցեղենին: Հայտնաբերված խեցանոթները թվագրվում են մ.թ.ա. 8-7, 7-6-րդ դարերով, որոշ իրեր իենց զուգահեռներն ունեն տարածաշրջանից հայտնաբերված ավելի վաղ օրինակներում ևս կամ ձևով ծագում են դրանցից:

Դամբարանից հայտնաբերված հնամարդաբանական նմուշի լաբորատոր C 14 -ի անալիզը ցույց է տալիս, որ դամբարանը թվագրվում է 2486±30BP շրջանում (մ.թ.ա. 6-րդ դարի վերջ - 5-րդ դարի սկիզբ)։ Այս նյութերի թվագրությունը թույլ է տալիս մեկ անգամ ևս նշել, որ Նոր Կարմիրավանի դամբարանը, հետևաբար և դրա հետ կապակցված կոթողները կարելի է թվագրել մ. թ. ա. 8-6-րդ դարերով։

Մարդակերպ կոթողների գործառույթը

Նոր Կարմիրավանի դամբարանի պեղումները և կոթողների շրջակայքի ավելի լայն հետազոտությունը թույլ է տալիս խոսել կոթողների և դամբարանի միջև հնարավոր կապի մասին և ավելի հստակ պատասխանել կոթողների ոչ միայն թվագրության, այլ նաև գործառույթի վերաբերյալ հարցերին:

Կոթողների թվագրությունը հստակեցնելուց հետո կարևոր հարց է մնում նաև կոթողների գործառույթին վերաբերող խնդիրը, ինչի պատասխանը հնարավորինս հստակեցրել ենք պեղումների արդյունքում:

Չնայած այն հանգամանքին, որ կոթողները ընկած-պառկած դիրքում էին և գուցե մի փոքր տեղաշարժվել են ժամանակի ընթացքում, հատկապես եթե նկատի ունենանք, որ խորհրդային տարիներին այդտեղ ոռոգման խողովակներ են անցկացվել և լանդշաֆտը խեղաթյուրվել է, սակայն դրանք հայտնաբերվել են դամբարանի կրոմլեխի ներսում և կարող ենք վստահ ասել, որ կոթողները պատկանել են այս դամբարանին։ Նրա հետ ինչ հարաբերակցության մեջ են եղել՝ որ հատվածում են գտնվել և ինչ դիրքով, այս փուլում դժվար է ասել (նկ. 11)։

Նոր Կարմիրավանի պեղված դամբարանի շրջակայքում մեր կողմից իրականացվել է նաև ինֆրակարմիր ֆիլտրի միջոցով տարածքի օդալուսանկարում (օպերատոր՝ Ա. Մկրտչյան)։ Նկարները (նկ. 12) ցույց տվեցին, իսկ հետախուզական պեղումները հաստատեցին, որ քննարկվող դամբարանից բացի շրջակայքում կան այլ դամբարաններ ևս։ Այսինքն սա մի մեծ դամբարանադաշտ է, որտեղ իրականացված թաղումներն արժևորվել են և տեղում կանգնեցվել են քննարկվող մարդակերպ կոթողները։

նկ. 11 Նոր Կարմիրավանի դամբարանադաշտի օդալուսանկարը, լուս.՝ Ա. Մկրտչյանի։

նկ. 12 Նոր Կարմիրավանի դամբարանադաշտի օդալուսանկարը, լուս.՝ Ա. Մկրտչյանի։

Գրականություն

  1. Երանյան, Զարիկյան, Սիմոնյան 2023 - Երանյան Ն., Զարիկյան Ն., Սիմոնյան Հ., Արցախի մարդակերպ կոթողների թվագրության և գործառույթների քննությունը Նոր Կարմիրավանի պեղումների լույսի ներքո, Լրաբեր հասարակական գիտությունների, 3 (669), 271-296:
  2. Թորոսյան, Խնկիկյան, Պետրոսյան 2002 - Թորոսյան Ռ., Խնկիկյան Օ., Պետրոսյան Լ., 2002, Հին Շիրակավան, Երևան, Գիտություն։
  3. Թումանյան 2010 - Թումանյան Գ., Թումանյան, Նկատառումներ Հայաստանի ուշբրոնզեդարյան թաղումների գույքին առնչվող որոշ հարցերի վերաբերյալ. Պատմաբանասիրական հանդես, 2010, 3, էջ 147-160։
  4. Պետրոսյան և ուրիշներ 2008 - Պետրոսյան Հ., Խաչատրյան Ժ., Փիլիպոսյան Ա., Հակոբյան Հ., Սաֆարյան Վ., Կիրակոսյան Լ., Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի հնագիտական հետազոտության առաջին արդյունքները, ՀՀՄ, 2008, XIV, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2008, էջ 187-200:
  5. Hillson 2009 - Hillson, Mammal Bones and Teeth: An Introductory Guide to Methods of Identification (UCL Institute of Archaeology Publications (LCP)), University College London institute of Archaeology, 2009, p. 64.
  6. Piller 2013 - Piller Ch., The Caucasian connection – Reflections on the transition from the Late Bronze to the Early Iron Age in Northern Iran and its connections to the Southern Caucasus, Schriften deS ZentrumS für Archäologie und KulturgeSchichte deS SchwArZmeerrAumeS, 2013, 22, p. 305-317.
  7. Prehn, Feneru 2018 - Prehn, N., Feneru, F., & Rochester, J. (n.d.), Beginner’s guide to identifying British mammal bones. London: Natural History Museum, 2018, 54 p.
  8. Yeranyan 2021 - Yereanyan N., Main Results of the Study of Anthropomorphic Stelae in Artsakh, Archaeology of Armenia in regional context, 2021, Yerevan, p. 248-254.
  9. Канторович 2016 - Канторович А., Образ лошади в Восточноевропейском скифском зверином стиле, Кавказ и степь на рубеже эпохи поздней бронзы и раннего железа (Материалы международной научной конференции, посвященной памяти Марии Николаевны Погребовой, Москва, 25–27 апреля 2016 г.), 2016, Москва,  стр. 89-114.
  10. Кушнарева 1957 - Кушнарева К., Некоторые памятники эпохи поздней бронзы в Нагорном Карабахе, Советская Археология, XXVII, 1957, 135-177.
Նոր Կարմիրավանի դամբարանի հնագիտական հետազոտությունը
Նոր Կարմիրավանի դամբարանի հնագիտական հետազոտությունը
Նոր Կարմիրավանի դամբարան
Արցախ