Շախկախի վանքը

Տեղադրությունը

Շախկախի վանքը գտնվում է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի հարավային մասում՝ Խնձորուտ կոչվող տեղամասում (նկ․ 1, 2)։ Գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Վանքը մինչև վերանորոգումը, 2013, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

նկ. 2 Եկեղեցին վերանորոգումից հետո, 2016, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Ըստ ներկայիս եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1865 թվականին․ «1865 ամի կառուցաւ Ս[ուր]բ վանքս/ Շաղաղու՝ արդեամբ և ծախիւք/ Վը(ր)դնաշատ գիւղի բնակիչ/ Աւագայ Գասպարեան՝ ի յիշատակ/ հանգուցեալ հոգւոյ իւրոյ եւ համայն ննճեցելոց» (նկ․ 3):

Հարկ է նշել, որ սրբավայրը հիշատակվում է նաև ավելի վաղ աղբյուրներում։ Ինչպես օրինակ 1584  (ՌԼԳ)  Յովհաննես երեցի Խնդրանքով Աբրահամ  աբեղայի ընդօրինակած ավետարանի հիշատակարանում, ուր գրիչը նշում է ձեռագրի ստեղծման վայրը` ․ «Երկիրս Դիզակայ եւ ի գեաղս Հատրութի յանապատս որ կոչի Շախկախ  եւ ընդ հովան(ե)աւ սուրբ Աստուածածնիս ի հայրապետութիւնն Տաւիթ կաթողիկոսին եւ ի սուրբ անապատիս առաջնորդութիւնն Յոհաննէս եպիսկոպոսէս եւ իշխանութիւնս Խոտայպանդին։ Դառն եւ դժուարին ժամանակիս ի թվականս Հայոց ՌԼԳ» (Քեշիշյան 1964, 38, Մինասյան 2015, 44-45)։ Աբրահամ  աբեղայի  հիշատակարանը վկայում է նաև որ վանքի գրչատուն է ունեցել։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

 

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, մատուռից, ուխտավորների սենյակից (նկ․ 4)։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Պահպանվել է բեմը։ Միակ մուտքը հարավային կողմում է, լուսավորվում է  հարավային և արևելյան պատերին բացված երկու փոքր լուսամուտներից։ Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ քարով և կրաշաղախով, կամարները, մուտքի   և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են:

Նկ. 3 Եկեղեցու մուտքը, 2016, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

նկ. 4 Սրբատեղի մատուռը, 2014, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

Եկեղեցու արևելյան պատի արձանագրության համաձայն 1886 թվականին Ավետիս Հարությունյանցը վանքը ծածկել է թիթեղյա ծածկով:

Եկեղեցու արևմտյան մասում և վերջինիս կից պահպանվել են  ավելի հին շինության ավերակներ: Դեռևս կանգուն է  կառույցի արևմտյան պատը և մուտքը (նկ․ 5):

Վանքի տարածքում է գտնվում 6, 1 մետր երկարությամբ, 3, 6 մետր լայնությամբ ուխտավորների կացարանը, որի մուտքը հարավից է։ Դռան բարավորի  շինարարական արձանագրության համաձայն՝ այն կառուցել է Շուշեցի Աւետիս Սարգսեան Սարտարեանցը 1875 թվականին․ «Շինեալ յիշատակ միակ այս սենեակս/ Շ[ու]շի ք[աղաքա]ցի Աւետիս Սարգսեան Սարտարեանցս/ բնակարան ուխտաւորաց ի ս[ու]րբ տեղեացս/ 1875 ամի փրկչակական թուականացս» (նկ․ 6): Վանքի շուրջը տարածվում է հին և նոր գերեզմանանոցը:

Նկ. 5 Ավերակ շինության պահպանված հատվածը, 2013, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

նկ. 6 Ուխտավորների սենյակի մուտքը, 2018, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է 2014 թվականին։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Ոսկեան 1953 - Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա։

2․ Մկրտչյան 1985- Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։

3․ Քեշիշյան 1964 – Քեշիշյան Մ․, Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին, Վիեննա։

4.  Մինասյան 2015 – Մինասյան Թ., Արցախի գրչության կենտրոնները, Երևան։

Շախկախի վանքը
Շախկախի վանքը
Հադրութի շրջան
Արցախ