Պատարայի Ծեր նահատակ վանքը
Տեղադրությունը
Ծեր նահատակ վանքը գտնվում է Պատարա գյուղից 2,9 կմ հեռավորության վրա, անտառապատ վայրում: Հուշարձանը կառուցված է փոքր հրվանդանի վրա (նկ. 1), շրջապատված է ընդարձակ գերեզմանոցով և բնակատաեղի ավերակներով: Եկեղեցուն կից դիտելի են գավթի և մատուռի ավերակները: Ըստ Մ. Բարխուդարյանցի, մոտակա գետի վերին հոսանքը կոչվում է Պտրեցոց, ներքին հոսանքը՝ Խոջալու, իսկ երկուսը միասին՝ Ծեր Նահատակ (Բարխուտարեանց 1895, 158)։
2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայից և հայերի բռնի տեղահանումից հետո այն գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատմական ակնարկ
Եկեղեցու արևելյան պատի մեջ դրսից ագուցած սալի վրա փորագրված է կառուցման արձանագրությունը. «Ի կամս Ա[ստուծո]յ/, ի յիշխանութ/եանն Սընպատայ/, ես՝ Մխիթար երէց/, շինեցի զեկեղեցի/ս: Որք երկրպագէք/՝ յաղաւթս յիշէք» (նկ. 2), իսկ մուտքի բարավորին փորագրված է նաև կառուցման թվականը. «Թւին :ՇՀԵ: (1126 թ.)»: Քանի որ երկու արձանագրությունները փորագրված են տարբեր տառաձևերով, դժվար է պնդել դրանց համաժանակյա լինելը: Միայն նկատենք, որ 11-րդ դարի կեսերին այս տարածքների իշխան Սնպատը հիշատակված է նաև Օխտը եղցի վանքի 1158 թվականի հանրահայտ խաչքարի արձանագրության մեջ (https://monumentwatch.org/hy/monument/%d6%85%d5%ad%d5%bf%d5%a8-%d5%a5%d5%b2%d6%81%d5%ab-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/):
Բարխուդարյանցը նշում է, որ եկեղեցին Ծեր նահատակ է կոչվում ներսում ծեր նահատակի մարմինն ամփոփված լինելու պատճառով (Բարխուտարեանց 1895, 158):
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին միանավ սրահ է, կառուցված տեղական անտաշ և կոպտատաշ կրաքարով (նկ. 3-4)։ Կոպտատաշ են անկյունաքարերը, մուտքի վերևի քարը, ինչպես նաև կառույցի տարբեր հատվածներում որոշ քարեր, որոնց վրա խաչային քանդակներ են, նաև հյուսիսային պատի երկու սալերը, որոնցից մեկի վրա էլ փորագրված է շինարարական արձանագրությունը (նկ. 4)։
Արևելայն խորանն ուղանկյուն է, թաղածածկ (նկ. 5), հյուսիսիային պատին պահպանվել է մկրտության ավազանի խորշը: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից։ Արևելյան և արևմտյան կողմերից առկա են դեպի ներս լայնացող մեկական լուսամուտներ։ Ներսում առկա են երեք տարբեր չափերի պատրհաններ:
Ծածկը երկթեք է, ներկայումս հողով ծածկված։ Պատերի հաստությունը մինչև մեկ մետր է:
Եկեղեցու չափերն են. 5,65 մետր երկարություն, 2,50 մետր լայնություն, պատերի բարձրությունը՝ 5 մետր։
Պատերի մեջ որոշ հղկված քարերի վրա առկա են խաչաքանդակներ, իսկ արևելյան պատի տակ կանգնած է արձանագիր խաչքար (նկ. 6): Խաչքարերից մեկի պատվանդանին էլ փորագրված է. «Ս[ուր]բ նշան տ[է]րունական, դ/ու Անդրիասիս լեր աւ/գնական յահեղ աւուրն ա/նզրաւական: Թ[ւին]. :ՈՂԵ: (1246 թ.)»: Սա հիշատակային արձանագրություններում որոշակիորեն տարածված բանաստեղծական մի կաղապար է, ուղղված վերջին՝ «անզրաւական» (այսինքն ոչ զուր, իրական) օրերին, երբ կայանալու է Արդար դատը և որում խաչը հանդես է գալու որպես հավատացյալների միջնորդ աստվածային զորության առաջ (Պետրոսյան 2008, 253):
Եկեղեցու մոտակայքում են գտնվում նաև մատուռը, Ծերա նահատակ գյուղատեղին, գերեզմանոցը և բազմաթիվ խաչքարեր (նկ. 7)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Ինչպես 2023 թվականի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքի, այնպես և դրանից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Եկեղեցու մասին պատմական հակիրճ ներկայացում հանդիպում ենք Մակար Բարխուտարյանցի «Արցախ» աշխատության մեջ։ Ավելի ուշ եկեղեցու մասին իրենց գրքում Պատարա գյուղի այլ հուշարձանների շարքում հիշատակել են նաև Ս. Սարգսյանը և Յու. Առաքելյանը (Սարգսյան, Առաքելյան 2006)։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
- Սարգսյան, Առաքելյան 2006 - Սարգսյան Ս., Առաքելյան Յու., Պատարա, Երևան:
- Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Փրինթինֆո:
Պատարայի Ծեր նահատակ վանքը
Արցախ