Ջրակուսի սբ. Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը

Ջրակույս կամ Ջրակուս գյուղը գտնվում է Հադրութի շրջանում՝ Վնեսա լեռան հյուսիսահայաց ձորալանջին (Մկրտչյան 1985, 114): Սուրբ Ստեփանոս եկեղեցու ավերակները գտնվում են գյուղի կենտրոնում: Ինչպես և ամբողջ Հադրութի շրջանը, գյուղը ևս օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

Ըստ պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1698 թվականին: Մակար Բարխուդարյանցը, տալով գյուղի և եկեղեցու հակիրճ նկարագրությունը, մեջբերում է նաև եկեղեցու շինարարական արձանագրությունը. «Յիշատակ է սուրբ Իստեփանոյս եկեղեցիս Ճարակոյսա ռամիկ ժողովրդեան թվ[ին] :ՌՃԽԷ:» (Բարխուտարեանց 1895, 72-73, հմմտ. ԴՀՎ 5, 172):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Համաձայն Մակար Բարխուդարյանցի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կոպտատաշ մեծ ու փոքր քարերից  կառուցված եռանավ բազիլիկ տիպի ուղղանկյուն դահլիճ է ներկայացրել: Նրա չափերն էին՝ 17,55 X 11,24 (Բարխուտարեանց 1895, 73): Ներկայումս պահպանվել են միայն եկեղեցու խորանի հատվածի ավերակները (նկ. 1, 2): Եկեղեցու ավերակների շուրջը մեծ գերեզմանոց է՝ հիմնականում 19-րդ դարի թաղումներով (նկ. 3, 4):

նկ. 1 Եկեղեցու խորանի ավերակները, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

նկ. 3 Եկեղեցու շուրջ գտնվող շտեմարանը, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

նկ. 2 Եկեղեցու խորանի ավերակները, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

նկ. 4 Եկեղեցու շուրջ գտնվող շտեմարանը, լուս. Արցախի ԿԳՄՍ շտեմարանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցին արդեն ավերված էր, ավերակները չեն տուժել Արցախյան պատերազմների ժամանակ:

 

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982։
  3. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
Ջրակուսի սբ. Ստեփանոս եկեղեցին
Ջրակուսի սբ. Ստեփանոս եկեղեցին
Հադրութի շրջան
Արցախ