Սեթանց գյուղը
Տեղադրությունը
Սեթանց գյուղը գտնվում է Կապան լեռան հյուսիսարևելյան փեշերից սկիզբ առնող, Որոտանի աջ վտակ, Սեթանց գետակի ձախ ափին։ Այն Կապան-Գորիս մայրուղուց 5-6 կմ արևելք է տեղադրված՝ շրջապատված խիտ անտառներով։ Բնությունը շատ գեղատեսիլ է (նկ․ 1)։ Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։


նկ. 1 Ամրոցի մոտ գտնվող Սեթանցի փոքր ջրվեժը, լուս․ Զ․ Ըռքոյանի։

նկ. 2 Ամրոցում պահպանված շինության պատի մի հատվածը, լուս․ Զ․ Ըռքոյանի։
Այս ավերակներից արևմուտք, բնության մեջ, քարից մի մեծ խողովակ է ընկած, որի երկարությունն է մոտ 5,0 մետր և տրամագիծը` 40 սմ (նկ․ 4)։ Ամրոց-բնակատեղիից 300-400 մետր դեպի հյուսիս՝ ծառապատ տեղանքում գերեզմանոցն է, որտեղ պահպանվել են 2 տասնյակից ավելի տապանաքարեր և խաչքարեր (նկ․ 5)։ Գյուղին տիրացած քրդերը հայոց հանգստարանի վրա ծառեր են տնկել, իսկ խաչքարերը ջարդել կամ շրջել են։ Կոտրված տապանաքարերիի բեկորներից մեկի վրա դեռևս տեսանելի է հայերեն արձանագրությունը (նկ․ 6)։

նկ. 4 Քարե խողովակ ամրոցի տարածքում, լուս․ Զ․ Ըռքոյանի։

նկ. 5 Գերեզմանոցի տարածքի շրջված խաչքարերից մեկը, լուս․ Զ․ Ըռքոյանի։
Պատմական ակնարկ
Հայաթափումից հետո, 19-րդ դարի 50-ական թվականներին, գյուղում քրդեր են հաստատվել և այն կոչել են Սեյթաս (Կարապետյան 1999, 189-190)։
Հուշարձանները
Գյուղի արևմտյան կողմում՝ գետի ափին գտնվում է անտառապատ մի բլուր, որի երեք կողմերով հոսում է Սեթանց գետակը։ Տեղանքի բնական անառիկությունը օգտագործվել է և այստեղ միջնադարում ամրոց-բնակատեղի է հիմվնել (հնարավոր է վերակառուցել են ավելի վաղ շրջանի բերդը), որի հյուսիսային մասն ամրացվել է պարսպով։ Արևմտյան կողմում՝ ուղղաձիգ ժայռերի վրա, տեսանելի են այդ ամրոցի պարսպապատերի ավերակները (նկ․ 2)։ Հնավայրում պահպանվել են նաև միջնադարյան կառույցների հավանաբար ամրոցի դղյակի կրաշաղախ պատերի մնացորդները։ Այստեղ նշմարվում է նաև դեպի մուտք տանող ճանապարհը (նկ․ 3)։ Օգտագործված քարը բազալտն է, պատերի հաստությունը 1,0 մետր է։ Այստեղ առկա են նաև շրջանաձև հատակագծով շինության ավերակներ։

նկ. 3 Մուտք բարձրացող ճանապարհը, լուս․ Զ․ Ըռքոյանի։

նկ. 6 Արձանագիր տապանաքար, լուս․ Զ․ Ըռքոյանի։
Մատենագրական քննություն
Սեթանց գյուղի և այնտեղ պահպանված ավերակների մասին համառոտ տեղեկություններ կան Սամվել Կարապետյանի համահավաք աշխատության մեջ (Կարապետյան 1999, 189)։ «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում դրանց անդրադարձել է Զ․ Ըռքոյանը («Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 10․09․2020)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Սեթանց գյուղը շատ էր տուժել դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Հնավայրն ավերակ վիճակում էր։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո հնավայրի վիճակի մասին տեղեկություն չունենք:
Գրականության ցանկ
1․ Օրբելյան 1942 – Ստեփանոս Օրբելյան, Ժամանակագրություն, հավելված, Երևան։
2․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։
3․ «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 10․ 09․ 2020 թ․:
Սեթանց գյուղ
Արցախ