Վազգենաշենի ժայռախաչերը
Տեղադրությունը
Վազգենաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Հակարի գետի Շալվա վտակի ափին։ Այժմ օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից։ Վազգենաշենի անշարժ մշակութային ժառանգության մաս են կազմում մի քանի միջնադարյան գերեզմանատներ, խաչքարերով ու տապանաքարերով, ժայռախաչեր և այլն։
Պատմական ակնարկ
Գյուղի և դրա հուշարձանների վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Չկան նաև արձանագրություններ։ Արձանագիր է միայն գյուղից 1․6 կմ հյուսիս-արևմուտք գտնվող բարձրադիր հատվածի եզրին կանգնեցված խաչքարը` Րախիշ կոչվող վայրում։ Խաչքարը տարածաշրջանում 12-14-րդ դարերի խաչքարերի լավագույն օրինակն է (նկ․ 1)։ Խաչքարի շրջակայքում պահպանվել են մի քանի սրբատաշ և միևնույն ոճով հարդարված քարեր։ Հավանաբար, խաչքարը եղել է որմնափակ։ Արձանագրությունը՝ «Յանուն Ա[ստծո]յ ես Գերգ կանկնեցի զխեչս ի բարէխաւսութւ ինձ եւ ամուսնոյ իմոյ Մինային, եաղբերացն։ ՉՀ թ[ւին] (կամ, ՉՀԹ)» (1321 կամ 1330 թվական)։ Արձանագրությունը արտագրվել է ՀՃՈՒ հիմնադրամի կողմից իրականացված գրչանկարից։
Վազգենաշենի ժայռախաչերը
Քաշաթաղի շրջանի Վազգենաշեն գյուղից 1,4 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Վազգենաշեն-Շալվա ճանապարհի աջ կողմում՝ համանուն գետերի միախառնման հատվածում է գտնվում ժայռախաչերից առաջինը։ ԱՀ Քաշաթաղի շրջանի հուշարձանների ցանկում «Վազգենաշենի ժայռախաչը» գրանցված է 178 համարի տակ։ Նշված է նաև, որ հուշարձանը թվագրվում է 15-16-րդ դարերով և գտնվում է 1270 մետր բարձրության վրա (նկ․ 2)։ Րախիշ կոչվող ժայռոտ հրվանդանից ներքև գլորված բեկորներից մեկի վրա քանդակված են մի քանի պարզ խաչեր։
Չնայած հուշարձանի վերաբերյալ պատմական և հնագիտական տեղեկություններ առկա չեն, այնուամենայնիվ, այն գտնվում է հուշարձաններով հարուստ միջավայրում։ Ժայռախաչից հյուսիս գտնվող ընդարձակ երկարավուն հարդ հրվանդանի եզրային հատվածում է գտնվում շրջակա միջնադարյան գերեզմանոցներից մեկը, որից պահպանվել են միայն մի քանի տապանաքարեր, խաչքարեր ու բեկորներ։ Ժայռախաչից ուղիղ գծով ընդհամենը 420 մետր հյուսիս-արևելք է գտնվում 14-րդ դարի Զորախաչ-Րախիշի կամ Վազգենաշենի խաչքարը։
Վազգենաշենի «ժայռախաչից» ուղիղ գծով 470 մետր արևելք է գտնվում մեկ այլ գերեզմանոց։ Ըստ վկայագրի «Րախիշի տակ» կոչվող գերեզմանոցը թվագրվում է 16-18-րդ դարերով։ Տեղում առկա են երեք պարզ խաչքարեր, մատուռ-եկեղեցու ավերակներ և պարզ խաչերով մեկ այլ ժայռախաչ (նկ․ 3)։
Մեկ այլ 15-16-րդ դդ․ պարզ խաչքարերով գերեզմանոց էլ գտնվում է ժայռախաչից ուղիղ գծով 530 մ հարավ-արևելք՝ Վազգենաշենի խորհրդային շրջանի մեծ անասնագոմի տարածքում։
Տարածաշրջանում, բացի վերոնշյալ երկու ժայռախաչերը, կա նաև ևս մեկը, որը գտնվում է Վազգենաշենից մոտ 5 կմ հյուսիս, Արախիշ գյուղի տարածքում և իր խաչերի հորինվածքով տարբերվում է նախորդ երկու ժայռախաչերից (նկ․ 4)։
Ընդհանուր առմամբ ժայռախաչերը ի հայտ են գգալիս 12-րդ դարից սկսած։ Սրբազան տարածքի կազմակերպման մեջ, սելջուկյան արշավանքներին հաջորդող բարենպաստ ժամանակահատվածում ի հայտ են գալիս նոր երևույթներ։ Այս շարքին պատկանող ժայռախաչերը իրենց ձևավորման ժամանակահատվածում հատկապես բնորոշ են Ազատ գետի վերնահովտին։ Այնուհետև մշակութային այս նոր երևույթը տարածվում է գրեթէ ամբողջ Հայաստանով, որի օրինակներից են նաև Վազգենաշենի ներկայացված ժայռախաչերը (Petrosyan 2006, 251-252)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Արցախյան և 44-օրյա պատերազմների ժամանակ հուշարձանը չի վնասվել, իսկ Արցախի բռնազավթումից և բնակչության բռնի տեղահանումից հետո հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ չկան։ 2025 թվականի մայիսի 31-ին Caucasus Heritage Watch նախաձեռնությունը փաստագրեց, որ հողաշինարարական աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել է Վազգենաշենի առաջին ժայռախաչը իր միջավայրով հանդերձ։
Մատենագրական քննություն
Հուշարձանի վավերացման պաշտոնական անձնագրում Լ. Հովհաննիսյանի օգտագործված լուսանկարը չի նույնականանում այլ հեղինակների կողմից նախկինում կատարված վերոնշյալ լուսանկարներին (նկ․ 5)։
Գրականություն
- Petrosyan 2006 - Petrosyan H., The Role of Khachkars in the Organisation of a Sacred Landscape (on the Example of Monuments in the Valley of River Azat, MYTHICAL LANDSCAPES THEN AND NOW, The Mystification of Landscapes in Search for National Identity, Yerevan, pp. 251-255 (ռուսերեն).
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան
Արցախ