Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո

Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը բաղկացած է Սբ․ Ստեփանոս միանավ եկեղեցուց, նրան հարավից կից Սբ․ Ստեփանոսի կրկնահարկ մատուռ-մասունքարանից, մատուռին արևմուտքից կից գավթից և դրանց շուրջը տեղադրված տապանաբակերից (նկ. 1-3): Պահպանվել են նաև հյուսիսից եկեղեցուն կից քարուկիր դարպասի ու պեղումներով վավերացված որմնափակ խաչքարի մնացորդները: Ողջ համալիրը ներառված է աշտարակներով ամրացված պարսպապատերի մեջ: Պարսպապատից ներս՝ հիմնական համալիրից դեպի հարավ և հյուսիս, պահպանվել են քարուկիր այլ կառույցների, պարիսպներից դուրս՝ հարավից հյուսիս ձգվող ընդարձակ գերեզմանոցների հետքերը:

Նկ․ 1 Վանքի կենտրոնական կառույցների հատակագիծը, չափագրությունը՝ Լ․ Մինասյանի։

Նկ․ 2 Համալիրի տեսքը հարավից, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 3 Համալիրի տեսքը հարավ-արևելքից, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Եկեղեցին կառուցվել է Խաչենի իշխան Հասան Ջալալի կողմից՝ այստեղ Սբ․ Ստեփանոսի մասունքները հայտնվելու կապակցությամբ (նկ. 4): Բեմի գմբեթարդը կրող հյուսիսային սյան արևմտյան և հարավային կողերին սվաղի վրա փորագրված արձանագրությունը հայտնում է. «Շնորհիւն Ա[ստուծո]յ, ես Հա/սան որդի [Վ]ախթ[անգա]/ եւ Խորիշահի, տէր Խա/չենոյ շինեցի զեկ/եղեցիս յորժամ հայտ/նեցաւ նշխարք սրբոյն/ Ստեփանոսի ի սոյն տեդ/ոջ ի թու[ին] :ՈՀԸ: (1229)» (ԴՀՎ 5, 79):

Հին մասունքարանի և մասունքների գյուտն էլ պայմանավորել է, որ եկեղեցին մուտք ունենա հարավից՝ որտեղ գտնվում է մասունքարանը և որ բեմի մեջ պատրաստվի հատուկ պահարան այդ մասունքները պահելու համար: Եկեղեցին միանավ սրահ է՝ միակ հարավային մուտքով: Իրականացված է սրբատաշ և կոպտատաշ տեղական չեչոտ կրաքարով: Օգտագործված են նաև ավելի վաղ կառույցի սրբատաշ ու քանդակազարդ քարեր՝ վաղքրիստոնեական կոթողի պատվանդան՝ քանդակազարդ խաչով,  թևավոր խաչի բեկոր և այլն: Սրահն արևելքում ավարտվում է կիսաշրջան աբսիդով, որն ունի մեկական խորշ՝ հյուսիսում և հարավում (նկ. 5):  Գմբեթարդի հարավային սյան մոտ դեպի աբսիդի շրջանը մուտք կա, ինչպես Բարխուդարյանցն է բնութագրել՝ գաղտնի պահարան (Բարխուտարեանց 1895, 184): Ամենայն հավանականության այն նախատեսվել էր սրբի մասունքները ինչ-որ ծեսերի ժամանակ պահելու համար: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկու կամարների վրա: Լուսավորվում է երկու՝ արևմտյան և արևելյան նեղ լուսամուտներով: Արևելյան լուամուտի պարակալը հարդարված է ռելյեֆ գլանիկով և լուսատուներ խորհրդանշող երկու բլթակներով: Տանիքը պատված է եղել եզրային գլանաձև ելուստով պսակվող (կղմինդր հիշեցնող) սրբատաշ սալաքարերով: 2000-ական թվականներին, վերանորոգման արդյունքում այն փոխարինվել է կղմինդրե ծածկով:

Նկատի ունենելով կրաքարի անհարթ, չեչոտ մակերեսը՝ եկեղեցին ներսից պատվել է սվաղով և Հասան Ջալալի արձանագրությունն էլ փորագրվել է գմբեթարդի հյուսիսային սյան սվաղի վրա: Եկեղեցու հարդարանքը սահմանափակվում է բեմառէջքի (նկ. 6) և մուտքի բարավորի (նկ. 7) որմնանկարներով, որոնք բուսա-երկրաչափական բնույթ են կրում: Բեմառէջքի որմնանկարի վերին երիզին եղել է արձանագրություն, որից պահպանվել են վերջնամասի մի քանի տառերը: Բարավորի որմնանկարի հետքերից կարելի է եզրակացնել, որ պատկերված է եղել խաչային հորինվածք և ունեցել է արձանագրություն:

Նկ․ 4 Սուրբ Ստեփանոս եկեղեցին հյուսիս-արևելքից, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 6 Բեմառէջքի որմնանկարը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 5 Եկեղեցու ներքնատեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 7 Բարավորի որմնանկարը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Սբ․ Ստեփանոսի մատուռ-մասունքարանը

2014 թվականին Արցախի Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակի փոքր եկեղեցու խորանի տակ արևելյան մուտքով դամբարանի հայտնաբերումը հիմք հանդիսացավ, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի և նախաձեռնվի Ամարասի Սբ․ Գրիգորիսի մատուռի արևելյան հատվածի հնագիտական հետազոտությունը: Այս ուսումնասիրության արդյունքում փաստագրվեց, որ Գրիգորիսի մատուռը հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան մուտքերից զատ ունեցել է նաև արևելյան մուտք (Պետրոսյան 2020): Վաղքրիստոնեական դամբարանային ճարտարապետության մեջ այս արտասովոր դրսևորման պատմա-մշակութային համատեքստը վերականգնելու համար անհրաժեշտ համարվեց նախաձեռնել նաև Վաճառի Սբ․ Ստեփանոսի մատուռ-մասունքարանի պեղումները, որը նախնական տվյալներով նույնպես ուներ միակ արևելյան մուտք: Պեղումներն իրականացվել են 2017 թվականին՝ Արցախի հնագիտական արշավախմբի կողմից (Պետրոսյան 2021):

Մատուռ-մասունքարանը, որ ամբողջովին բացվել է պեղումների շնորհիվ,  արտաքուստ համարյա քառակուսի մի կառույց է (3,90 x 4,10 մետր, նկ. 8, 9), որի հյուսիսային մասում գտնվում է կիսագլան թաղով նեղ սրահը՝ արևմուտքում կրկնակի պատով ստեղծված  «պահարանով», որում ամենայն հավանականությամբ պահվել է սրբի մասունքատուփը: Դամբարանն ունի խիստ նեղ ու ցածր արևելյան մուտք, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն օգտագործվել է միայն եզակի դեպքերում՝ երբ մասունքները տարվել են եկեղեցի կամ մատուռ՝ այնտեղ ընթացող ծիսակատարության ժամանակ օգտագործելու նպատակով: Վաղմիջնադարյան նախնական կառույցը եղել է կիսագետնափոր և ավարտվել է բացօթյա խաչակիր կոթողով:  Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կոթողի խաչակալն ու թևավոր խաչի բեկորները (նկ. 10, 11): Դամբարանի հարավային պատի խիստ մեծ լայնությունը (մոտ 1,90 մետր) պայմանավորված է երկրորդ հարկի մատուռի համար անհրաժեշտ ծավալ ապահովելու հանգամանքով:

Նկ․ 8 Մասունքարանը, տեսքն արևելքից, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 10 Վաղքրիստոնեական կոթողի խաչակալը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 9 Մասունքարանի ներսույթը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 11 Վաղքրիստոնեական թևավոր խաչի բեկորները, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Ակնհայտ է, որ վաղքրիստոնեական դամբարանը վերանորոգելիս արդեն «ծրագրավորված» էր նաև երկրորդ հարկի մատուռի կառուցումը: Պեղումները պարզեցին, որ մասունքարանը հիմնվել է 5-6-րդ դարերում և արտաքնապես ամբողջությամբ վերակառուցվել է 1251 թվականին, ինչի մասին վկայում է Մամքան իշխանուհու շինարարական արձանագրությունը (ԴՀՎ 5, 80): Մասունքարանի վրա կառուցված մատուռը (նկ. 12)  քառակուսի հատակագծով (3,90 x 4,09 մետր) երկաբսիդ սրահ  է:  Մուտքն արևմտյան կողմից է: Պեղումները պարզեցին, որ մատուռից պահպանվել են կրաշաղախ հատակը, հարավային պատի և հարավային աբսիդի պատերի երկու շարքերը, հյուսիսային խորանի առաջին շարքի քարերը: Ողջ կառույցն իրականացված է չեչոտ կրաքարի սրբատաշ կվադրերով: Պեղումներով հայտնաբերվել են լուսամուտների քանդակազարդ պարակալը, արևմտյան մուտքի եզրաքարերը՝ դեկորատիվ սյունաշարի տրամատավորումով: Մինչև 20-րդ դարի վաթսունական թվականները  մատուռը հիմնականում կանգուն է եղել, նրա պատերին եղել են մի շարք արձանագրութուններ, այդ թվում և շինարարական արձանագրությունը: Երկու խորաններն ամենայն հավանականությամբ նվիրված են եղել Ջալալին և Մամքանին:

 

Նկ․ 12 Մատուռը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Գավիթը

Պեղումներով բացվել են նաև մատուռին արևմուտքից կցված գավթի մնացորդները՝ պատերի, ձևավոր որմնախարիսխների, պատկից սյուների խոյակների օրինակներով (նկ. 13): Գավիթը  արևմտյան մուտքով, հատակագծում գրեթե քառակուսի (6,80 x 6,40 մետր) շինություն է՝ կառուցված կարմրա-դարչնագույն կարծր՝ հղկված կամ սրբատաշ քարերով: Սբ․ Ստեփանոս եկեղեցու հարավային պատին պահպանվել են գավթի հյուսիսային պատերի հպման հետքերը՝ մեծ արևմտյան և ավելի փոքր արևելյան կամարների տեսքով: Այս տվյալները հիմք են տալիս հավաստել, որ գավիթը պատկանում է ծածկը պատերի վրա հենվող խաչվող կամարներով տիպին (հմմտ. Мнацаканян 1952, 15, նկ. 4/4)։ Գավթի ներսում հարավային պատի մոտ գտնվել է նույն կարմրավուն խոշոր քարից ելնդավոր կամարաքանդակով ելուսատավոր մի սալ, որի վրա՝ կամարի ներքո  փորագրված է «Թ. :ՉԼԳ: (1284 թ.): Չի բացառվում, որ այն ագուցված է եղել գավթի արևմտյան ճակատին և ցուցում է շինության կառուցման թվականը: Պեղումների արդյունքում գավթում բացվել են չորս տապանաքարեր և արևմուտքից նրան կից գերեզմանոցը:

Ասյպիսով, Սբ․ Ստեփանոս վանքի կենտրոնական համալիրը պեղումների արդյունքում ներկայանում է վաղքրիստոնեական կոթողակիր մասունքարանով, նրանից հյուսիս-արևմուտք կառուցված Սբ․ Ստեփանոս եկեղեցիով, մասունքարանի վրա 13-րդ դարում կառուցված երկխորան մատուռով ու վերջինիս կից գավթով ու կից գերզմանոցներով:

Նկ․ 13 Գավիթը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Արօր, Բագու:
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարոխուդարյան, Երևան, 1985:
  3. Պետրոսյան 2019 - Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները, Սեդրակ Բարխուդարյան 120: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Գիտություն, էջ 11-30:
  4. Պետրոսյան 2020 - Պետրոսյան Հ. Արցախի արևելյան մուտքով դամբարան-մասունքարանները և Աղվանից եկեղեցու քաղաքական ու գաղափարածիսական առանձնացման խնդիրները 5-6-րդ դարերում, Բանբեր մատենադարանի, հ. 29, էջ 218-238:
  5. Мнацаканян 1952 - Мнацаканян С.. Архитектура армянских притворов, Ереван.
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո
Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո
Արցախ