Վանքասարի եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում, Վանքասարի գագաթներից ամենաբարձրի վրա` Արցախի Տիգրանակերտ քաղաքի տարածքում` դաշտավայրի նկատմամբ 290 մետր բարձրության վրա (նկ. 1):
Նկ. 1 Վանքասարի եկեղեցին և շրջակայքը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին առաջին հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը. «Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի» (Ջալալյանց 1858, 344): 1890 թվականին եկեղեցի է այցելել Խաչիկ վարդապետ Դադյանը և ներկայացրել հուշարձանի առաջին՝ սխեմատիկ հատակագիծը և ընդօրինակել եկեղեցու մոտ գտնված խաչքարի հայատառ արձանագրությունը (ՀՀՊՊԿԱ, ֆ. 319, ց. 1, գ. 137, թ. 4): Մակար Բարխուդարյանց էլ իր «Արցախ» գրքում բերում է ավանդություններ, և ըստ դրանցից մեկի` եկեղեցու կառուցումը վերագրված է Վաչէ Բ իշխանին. «Վաչե Բ շինած է մի խաչաձև մենաստան, որի գլուխն այժմ խոնարհուած է ամբողջապես» (Բարխուտարեանց 1895, 414):
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Եկեղեցին կառուցված է տեղական կաթնագույն կրաքարի մեծ սրբատաշ բլոկերով և կրշաղախով: Այն ունի խաչաձև հատակագծային հորինվածք և պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցիների փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եռախորան տիպին: Իր ծավալատարածական հորինվածքով շատ նման է Թալինի, Քարաշամբի և Այլաբերի փոքր եկեղեցիներին և վերաբերում է 7-րդ դարի կեսերին (Գրիգորյան 1982, 27):
Հորինվածքի հիմքը կազմող գմբեթատակ քառակուսին ամփոփված է արևմուտքից ուղղանկյուն, իսկ մյուս կողմերից կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք արտաքինից ուղղանկյուն են: Հատակագծային այս հորինվածքի արևելք-արևմուտք առանցքի երկարությունը 10,5 մետր է, իսկ հյուսիս-հարավը` 9,15 մետր, որի հետևանքով արևմտյան խաչաթևը 1,0 մետրով երկարել է (9,7 x 8,7 մետր): Մուտքերը բացված են երեք կողմերի (արևելյանից բացի) խաչաթևերում, ուր զետեղված են նաև պատուհաններ: Բոլոր մուտքերի բացվածքներն իրար հավասար են (1,05 մետր, նկ. 2): Երեք խաչաթևերում մուտքերի առկայությունը Վանքասարի եկեղեցու առանձնահատկությունն է նմանատիպ հուշարձանների մեջ (Կիրակոսյան 2013, 122, 123): Արևմտյան մուտքն ունեցել է քանդակազարդ բարավոր՝ պատված խաչային հորինվածքով (Մկրտչյան 1985, 78): Կամարակիր որմնասյուների խոյակների քիվերը պատված են էլիպսաձև տերևանման քանդակներով: Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ (նկ. 3), որոնց զգալի մասը հայերեն տառեր են` նույնական Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին (Ямпольский 1960, 249):
Նկ. 2 Վանքասարի եկեղեցու հատակագծային հորինվածքը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Մատենագրական քննություն
Խորհրդային շրջանում Վանքասարի եկեղեցին հայտնի էր գիտական շրջանակներին: Հուշարձանն առաջինն ուսումնասիրության առարկա է դարձրել և գիտական հանրությանը ներկայացրել Զ. Յամպոլսկին: Այստեղ հրատարակվել են նաև եկեղեցու հատակագիծն ու լուսանկարներ: Սակայն նա, հակառակ այն հանգամանքին, որ ինքն է նաև նշում կառույցի հորինվածքային առանձնահատկությունների նույնականությունը հայկական վաղմիջնադարյան մի շարք այլ եկեղեցիների հետ` միանգամայն առանց հիմնավորման, հուշարձանը համարում է աղվանական (Ямпольский, 1960, 249): Հուշարձանի մյուս հետազոտողները (Հասրաթյան 1992, 28, 29, Գրիգորյան 1982, 26, 27, Մկրտչյան 1988, 63, 64, Կարապետյան 1999, 223-226, Սիմոնյան, Սանամյան 2005, 165-167) Վանքասարի եկեղեցին հայ մշակույթից օտարելու Յամպոլսկու հրապարակմանն արժանի գնահատական և պատասխան են տվել: Բնօրինակային չափագրությունների, արխիվային նյութերի ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքում ներկայացվել է նաև Վանքասարի եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքի ամբողջական և իրական կերպարը և ադրբեջանական «վերականգնման» էությունը (Կիրակոսյան 2013):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Վանքասարի եկեղեցին անցյալ դարի 80-ականներին «ադրբեջանական» ձևով վերականգնման ժամանակ լուրջ կորուստներ է կրել: Առաջին հերթին խաթարվել է հուշարձանի բնական միջավայրը և լանդշաֆտը՝ շուրջը հոգևոր-մշակութային միջավայրին անհարիր կառուցապատում է իրականացվել: Տարածքը կառուցապատվել էր ժամանցի և զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով: Դրանք արցախյան առաջին պատերազմում վնասվել են և վերածվել ավերակների (նկ. 4):
Նկ. 3 Վարպետի նշան կրող եկեղեցու պատի քար, լուս․ Հ. Պետրոսյանի:
Նկ. 4 Վանքասարի եկեղեցու շրջակայքի խորհրդային շրջանի կառուցապատման ավերակներն արցախյան առաջին պատերազմից հետո, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Եկեղեցին «վերականգնել» են` անտեսելով շինության կառուցվածքային և համաչափական հատկանիշները: Ճակատներում չեն շարվել քիվերը, միտումնավոր ոչնչացվել են արևմտյան մուտքի բարավորի հայատառ արձանագրությունն ու խաչաքանդակը (նկ. 5, 6): Ձևափոխված են նաև պատուհանների բացվածքները: Այլափոխվել են կոնստրուկտիվ հանգույցների (տրոմպներ, գմբեթարդներ, թաղ, գմբեթ) իրականացման եղանակները:
Նկ. 5 Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի խաչաքանդակը 1986 թ․, Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1999, էջ 224:
Նկ. 6 Արևմտյան մուտքի բարավորի խաչաքանդակը ադրբեջանական «վերականգնումից» հետո, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
1986 թվականին, երբ ընթանում էին ադրբեջանական «վերականգնման» աշխատանքները (նկ. 7, 8), Վանքասարի եկեղեցում ուսումնասիրություններ իրականացնող Ս. Կարապետյանն ու Ա. Ղազարյանը վավերացրել են կիսաեղծ վիճակում գտնվող երկու արձանագրություն (Կարապետյան 1999, 225:) Այս ժամանակ արդեն տեղում չէր Խաչիկ վարդապետ Դադյանի նկարագրած՝ 1263 թվականի խաչքարը: Ժամանակին եկեղեցու շուրջը կանգնեցված են եղել նաև այլ խաչքարեր: Դրանցից մեկը, որ վերաբերում է 13-րդ դարին, ադրբեջանցիները տեղափոխել են Աղդամի քարի թանգարան: Ընդորում, խաչքարի կենտրոնական խաչի առանձին մասերը նախօրոք քերվել են, որպեսզի չհասկացվի, որ այն խաչքար է:
Նկ. 7 Վանքասարի եկեղեցու տեսքը «վերականգնման» ընթացքում, Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1999, էջ 225:
Խաչքարն այսօր կանգեցված է Ասկերանի եկեղեցու բակում (նկ. 9): Նույն կերպ էլ ադրբեջանցիները քերել-հարթել են եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի խաչային հորինվածքը: Բացառված չէ, որ այն նաև ունեցել է հայերեն արձանագրություն: Անտեսելով այս բոլոր փաստերը՝ ադրբեջանցիները եկեղեցին հայտարարել են աղվանական:
Նկ. 8 Եկեղեցու տեսքը վերականգնումից հետո, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Նկ. 9 Վանքասարի եկեղեցու տարածքում տեղադրված՝ 13-րդ դարին պատկանող խաչքարը, որ խորհրդային շրջանում տեղահանվել էր, իսկ այսօր կանգնեցված է Ասկերանի եկեղեցու բակում, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Վանքասարի եկեղեցին տուժել էր նաև արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Արևմտյան ճակատում` բարավորից վերև արկը բավական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը (նկ. 10): 2011 թվականի աշնանը Արցախի Հանրապետության Զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ: Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին, և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչը: Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը: Մուտքերում տեղադրվել են մետաղական դռներ: Ինտերիերում` արևելյան խորանում, վերականգնվել է բեմը:
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ նույնպես Վանքասարի եկեղեցին ադրբեջանական թիրախում էր. բարեբախտաբար զգալի վնասներ չի կրել (նկ. 11):
Նկ. 10 Վանքասարի եկեղեցու տեսքը արցախյան առաջին պատերազմից հետո: Լուսանկարը՝ Հրայր Բազեի:
Նկ. 11 Վանքասարի եկեղեցու տեսքը արցախյան երկրորդ պատերազմից հետո, լուս. Լ․ Կիրակոսյանի:
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1865 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, «Արօր»:
- Գրիգորյան 1982 - Գրիգորյան Վ., Հայաստանի վաղմիջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան ՀՍՍՀ ԳԱ հրատ.:
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ.:
- Կիրակոսյան 2013 - Կիրակոսյան Լ., Վանքասարի եկեղեցու ճարտարապետությունը և ադրբեջանական «վերականգնումը», Պատմաբանասիրական հանդես, թիվ 1, էջ 121-124:
- Հասրաթյան 1992- Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երևան, ՀՀ ԳԱ հրատ.:
- Ջալալյանց 1858- Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս:
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատ.:
- Սիմոնյան, Սանամյան 2005- Սիմոնյան Հ., Սանամյան Հ., Վանքասարի հուշարձանները, « Հուշարձան», Տարեգիրք Գ, Երևան, « Հուշարձան» հրատ., էջ 159-179:
- Мкртчян 1988- Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, «Парберакан».
- Ямпольский З., Памятники Кавказской Албании на горе Бешидаг, «Советская археология», 1960, N 2, с. 246-250.
- Հայաստանի հանրապետության պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 319, ց. 1, գ. 137, թ. 4:
Վանքասարի եկեղեցի
Արցախ