Տյաք գյուղի աղբյուրը
Տեղադրությունը
Տյաք գյուղը գտնվում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում: Տյաք գյուղը 2017 թվականից սկսած ուներ արգելոցի կարգավիճակ, քանի որ գյուղը լավագույնս ներկայացնում է 18-19-րդ դարերի Արցախի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ գյուղի կառուցապատումը ներկայացնում է ամբողջ տարածքը որպես ժամանակաշրջանը բնութագրող եզակի հուշարձան:
Աղբյուրը գտնվում է գյուղի հարավ-արևելյան մասում՝ կազմելով գյուղի յուրահատուկ կենտրոնը, դեպի ուր բացվում էին բոլոր նեղ փողոցները: Աղբյուրը կառուցված էր Հադրութից Ցոր ճանապարհի մի հատվածը կազմող փողոցի առանցքի վրա (Սարգսյան 1997, 11-12):
Տյաք գյուղի աղբյուրն իր շրջակա տարածքով գյուղի բնակիչների համար ծառայում էր որպես հավաքատեղի՝ կարևոր տեղ գրավելով Տյաք գյուղի հասարակական կյանքում (նկ. 1): Աղբյուրը և շրջակա տարածքը՝ հատկապես սոսիների պուրակը, նաև յուրահատուկ սրբատեղի էին տեղի բնակիչների համար (Սարգսյան 1997, 12):
Պատմական ակնարկ
Աղբյուրի կառուցման մասին ստույգ տեղեկություններ չկան: Ըստ հետազոտող Մ. Սարգսյանի՝ այն կառուցվել է 19-րդ դարում, իսկ վերջնական տեսք է ստացել 20-րդ դարասկզբին, երբ աղբյուրը ծածկվել էր միաթեք կղմինդրե տանիքով (Սարգսյան 1986, 63):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Տաք գյուղի աղբյուրն իր համալիրով Արցախի ամենաընդարձակ ու ճարտարապետորեն ձևավորված աղբյուրներից մեկն է: Աղբյուրի համալիրը կազմված է ռելիեֆին ձուլվող ջրամբարից, որի կողքին գտնվում են երեք մեծ սոսիներ: Վերջիններից մեկի տակ մի հատված շրջափակված է ոչ բարձր քարե պատով և ծառայում է որպես գյուղական հավաքատեղի (նկ. 2): Բուն աղբյուրի կառույցը հարում է լեռան թեք լանջին:
Աղբյուրը կառուցված է տեղական փոքր ու միջին չափի կրաքարով, կրաշաղախով (նկ. 3): Ծածկը կղմինդրապատ է: Կառույցի հիմնական հատվածը թաղակապ սրահ է, որի ձախ հատվածում՝ պատի մեկ առկա է պատրհան (նկ. 4): Սրահի թաղի մեծ թեքության պատճառով թաղի աջ հենարանը լայնացրել են և տվել որմնահեցի տեսք: Ջուրը կուտակվում էր ստորգետնյա նեղ թաղածածկ ամբարում, որտեղից մի քանի ծորակով հոսում էր դուրս՝ լցվելով կամարի տակ գտնվող քարե նավերը (Սարգսյան 1986, 63-64, Կարապետյան 2023, 64-65):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Աղբյուրն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:
Գրականություն
- Կարապետյան 2023 - Կարապետյան Ս., Հայկական աղբյուրներ, Երևան:
- Սարգսյան 1986 - Սարգսյան Մ., Դիզակի աղբյուրները և նրանց կառույցների ճարտարապետությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 11, էջ 59-64:
- Սարգսյան 1997 - Սարգսյան Մ., Տաք գյուղի պատմական կառուցապատումը, Արցախի հայ ազգային կացարանի ձևափոխման համալիր ուսումնասիրման փորձ, Երևան:
Հադրութի շրջան
Արցախ