‹‹Ցեխի ձորի›› կամ ‹Մթին›› կամուրջ-սելավատարը
Տեղադրությունը
Կամուրջ-սելավատարը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական սահմաններում՝ գյուղից 4․5-5 կմ արևմուտք, ‹‹Նովավոր աղբյուր›› տեղավայրում (նկ. 1): Այստեղ, 1992 թվականին, ծնունդով Խաչեն գյուղից և Քարագլխի համար մղվող մարտերում զոհված ազատամարտիկ Ստեփանյան Սլավիկի հիշատակին կանգնեցվել է աղբյուր (նկ. 2)։ Վերջինիս կառույցի մեջ՝ ստորին հատվածում, ագուցված է շրջակա տարածքից բերված, փոքր չափի մի խաչքար։ Այն քիվի հատվածում ունի հյուսկեն զարդաքանդակ, իսկ կենտրոնում պատկերված են երկու երկբլթակ խաչեր: Ոճով 12-13-րդ դարերին վերաբերող այս խաչքարի վրա դեռևս տեսանելի են դժվարընթեռնելի արձանագրության որոշ հետքեր (նկ. 3)։


Նկ. 1 Կամրջի և տարածքի ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 2 Աղբյուրի կառույցը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 3 Աղբյուրի կառույցի մեջ ագուցված միջնադարյան խաչքարը, լուս. Ա․ Գրիգորյանի։
Պատմական ակնարկ
Կամրջի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Հիմք ընդունելով կամրջի ճարտարապետական տեսքը, ոճը՝ այն վերաբերում է 19-րդ դարին կամ 20-րդ դարի սկզբին:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Կամուրջն ունի 7 մետր լայնություն և 3,5 մետր բարձրություն: Երկարությունը 10 մետր է: Կամուրջն ունի աստիճանաձև կառուցվածք: Դատելով նրա կառուցվածքային բնույթից՝ կամուրջն ունեցել է նաև սելավատարի նշանակություն․ այն կառուցվել է ուժեղ անձրևաջրերի պայմաններում հեղեղաջրերը հեռացնելու և անցանելիությունն ապահովելու համար (նկ. 4, 5): Կառուցված է սրբատաշ քարերով: Կամրջի թռիչքը 108 սմ է:

Նկ. 4 Կամրջի կառուցվածքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 5 Կամրջի կառուցվածքը, լուս. Ա․ Գրիգորյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Կամուրջը Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:
Գրականություն
Կամրջի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա:
‹‹Ցեխի ձորի›› կամ ‹Մթին›› կամուրջ-սելավատարը
Արցախ