Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի կենտրոնում։

Պատմական ակնարկ

Եկեղեցու կառուցման մասին ստույգ տվյալները չկան։ Դատելով կառույցի տիպից և ելնելով այն հանգամանքից, որ Մակար Բարխուտարյանցն 1895 թվականին հրատարակված իր աշխատության մեջ արդեն նշում է եկեղեցու մասին, ենթադրում ենք, որ այն կառուցվել է 19-րդ դարում (Բարխուտարեանց 1895, 64)։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Հուշարձանը միանավ սրահ է՝ կառուցված կոպտատաշ բաց դարչնագույն քարերով։ Թաղակապ է, նախնական ծածկը քարից է, որի վրա վեցանիստ ռոտոնդա-զանգակատունն է։ Կառույցի չափերն են. Երկարությունը՝ 13,0 մետր և լայնությունը՝ 5,5 մետր (նկ. 1):

նկ. 1 Եկեղեցու արտաքին տեսքը հյուսիսից-արևելքից, լուս․՝ Ն. Երանյանի։

Ի սկզբանե մուտքը եղել է հարավային կողմից, որը խորհրդային տարիներին փակվել է և բեմը քանդելու հաշվին մուտք է բացվել արևելյան խորանից՝ կառույցը տնտեսական նպատակով օգտագործելու համար։ Եկեղեցուն հյուսիսային և հարավային կողմերից կցվել են ինչ որ շինություններ (նկ. 2)։ Եկեղեցին արևելյան պատին ունի երեք, հարավային պատին մեկ լուսամուտ։

Եկեղեցին 2016 թվականին վերականգնվել է բարերար Մաքսիմ Աթայանցի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման արդյունքում կից շինությունները հեռացվել են, տանիքը լրացուցիչ ծածկվել է կղմինդրով, վերականգնվել է ռոտոնդան, արևելյան մուտքը փակվել և վերաբացվել է հարավային մուտքը (նկ. 3, 4)։ Մուտքի բարավորին վերականգնման առիթով փորագրվել է արձանագրություն (նկ. 5)։

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքն արևելքից վերականգնումից առաջ, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարան,

նկ. 4 Եկեղեցու հարավային մուտքը և բեմը վերականգնումից հետո, լուս.՝ Ն. Երանյանի

նկ. 3 Եկեղեցու հարավային մուտքը և բեմը վերականգնումից հետո, լուս.՝ Ն. Երանյանի

նկ. 5 Բարավորին փորագրված արձանագրությունը, լուս․՝ Ն. Երանյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

2016 թվականի վերականգնումից հետո մինչև 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Քանի որ եկեղեցին համեմատաբար ուշ է կառուցվել, մատենագրական տեղեկությունները սակավ են, իսկ Մակար Բարխուտարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ պարզապես նշում է եկեղեցու առկայության փաստը։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ